Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿ ԹԵՄԱՆԵՐ

Հուլիս 24,2015 08:57

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հիսունութերորդ

ՓԱԿ ԹԵՄԱՆԵՐ

Եվ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլոր նախարարներն էլ ի վերջո հրաժարական են տալիս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բոլորին ստիպում են, որ հրաժարական տան, բայց դու երեւի միակն ես, որ կամավոր ես հրաժարվել էդ բարձր պաշտոնից», եւ Հայկը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ասածիդ մեջ որոշ ճշմարտություն կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կյանքիս մեջ միակ ճիշտ բանը որ արել եմ, էդ հրաժարականս ա էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ամենամեծ սխալս էլ էդ պաշտոնին գնալս ա էղել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ուրիշները երազում են նախարար դառնալու մասին» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ուրիշներն ահագին փող են տալիս, որ նախարար դառնան», եւ Հայկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ո՞վ ա ահագին փող տվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «չգիտեմ», եւ Հայկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ չգիտես՝ ո՞նց ես էդքան վստահ ասում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ենթադրում եմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու հարցրի՝ «չեն տալի՞ս», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ հաստատ չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չեմ հասկանում՝ ինչի պիտի ահագին փող տան», եւ ես ասացի՝ «տալիս են, որ ավելի շատ աշխատեն», եւ Հայկը հարցրեց՝ «ի՞նչ աշխատեն», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «փող», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լա՜վ նախարար կըլնեիր», եւ ես ժպտալով ասացի՝ «սպանեին՝ հրաժարական չէի տա», եւ Հայկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «բայց էդ պաշտոնի համար փող կտայի՞ր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դժվար թե» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «որ ունենայի՝ կարողա ա տայի», եւ Հայկը ժպտալով հարցրեց՝ «տայիր, որ ի՞նչ անեիր», եւ ես ժպտալով ասացի՝ «կաշխատեի, մի քանի ամսում տեղը կհանեի», եւ Հայկը ժպտալով հարցրեց՝ «ո՞նց պիտի տեղը հանեիր», եւ ես ժպտալով հարցրի՝ «ուրիշները ո՞նց են անում», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չեմ հարցրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «Թումանյանի թանգարանում քանի՞ տարի աշխատեցիր», եւ ես մտքիս մեջ հաշվելով՝ պատասխանեցի ու ասացի՝ «յոթ», եւ Հայկը հարցրեց՝ «էդ թանգարանի տնօրենն էիր, չէ՞», եւ ես պատասխանեցի  ու ասացի՝ «հա», եւ Հայկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ինչի՞ էդ պաշտոնդ թողեցիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հասկացա, որ էդ իմ տեղը չի», եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «համ էլ՝ էդ ի՞նչ պաշտոն էր», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ պաշտոնիդ համար փող էի՞ր տվել», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ պիտի փող տայի», եւ Հայկը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «կտայիր, հետո մի քանի ամսում տեղը կհանեիր», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց պիտի տեղը հանեի», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենակ էն գիտեմ, որ փող աշխատողն ամեն տեղ էլ ձեւը գտնում ա. կապ չունի՝ նախարա՞ր ա, թե՝ թանգարանի տնօրեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ընենց որ, ես միակը չեմ», եւ ես հարցրի՝ի՞նչ իմաստով միակը չես», եւ Հայկը ժպտալով ասաց՝ «փաստորեն, դու էլ ես պաշտոնիցդ կամավոր հրաժարական տվել», եւ ես ժպտալով ասացի՝ «լա՜վ համեմատություն գտար», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պաշտոնը պաշտոն ա՝ փոքր  թե մեծ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդիկ են իրարից տարբեր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քո նման մարդիկ քիչ են», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «գոնե ասա՝ իմ ու քո նման մարդիկ են քիչ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ մի տարի կրթության նախարար աշխատեի, հիմի ոչ մի բանի կարիք չէի ունենա», եւ Հայկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինչի՞ կարիք ունես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս վայրենի կապիտալիզմի պայմաններում մարդ մենակ փողի կարիք կարա ունենա», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան էլ փող ունենայիր, էլի  փողի կարիք ունենալու էիր» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «ունեւորներն ավելի շատ են փողի կարիք զգում, քան՝ չունեւորները», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կարող ա ճիշտ ես», եւ Հայկն ասաց՝ «ոչ թե կարող ա, այլ՝ հաստատ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «աչքիս  տեսածն եմ ասում», եւ  ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես էլ եմ ճիշտ ասում», եւ Հայկը հարցրեց՝ «ի՞նչն ես ճիշտ ասում», եւ ես ասացի՝ «դու միակ նախարարն ես, որ կամավոր ես հրաժարական տվել», եւ Հայկը բավական երկար մտածեց ու ասաց՝ «քեզ մի բան որ խնդրեմ, կանե՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «մենակ թե չխնդրես, որ վեպս կրճատեմ», եւ Հայկը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «լրիվ ուրիշ բան եմ ուզում խնդրեմ», եւ ես ասացի՝ «ուրիշ ինչ խնդրես՝ կանեմ», եւ Հայկն ասաց՝ «խնդրում եմ՝ էդ թեման փակես», եւ ես հարցրի՝ «ո՞ր թեման» եւ Հայկը նեղսրտելով պատասխանեց ու ասաց՝ «էդ հրաժարականիս թեման», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու էլ խոստացի, որ վեպիս կրճատման թեման չես բացի», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ պիտի խնդրես, որ էդ թեման բացեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի միակ մարդն եմ, որ էդ վեպդ սկզբից մինչեւ վերջ կարդացել եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ շնորհակալ եմ», եւ Հայկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար ես շնորհակալ», եւ ես  ժպտալով  պատասխանեցի ու ասացի՝ «որ էդքանը կարդացել ես», եւ Հայկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ սիրուն աչքերիդ համար եմ կարդացել», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզ ա, որ սիրուն աչքերիս համար տասնվեց հատոր չէիր կարդա», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ կարդացել եմ, ուրեմն հետաքրքիր ա էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց կարար ավելի հետաքրքիր լիներ», եւ ես ժպտալով ասացի՝ «կրճատելու թեման փակել ենք», եւ Հայկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կրճատելու թեման փակել ենք, բայց վեպիդ թեման բաց ա մնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ վեպդ շարունակվում ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Մի քիչ մտածեցի, էլի մտածեցի …. վերջը որոշեցի հարցնել – էս ի՜նչ ես գրել այ ախպեր!

Պատասխանել