Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կուսակցություններ չկան

Հուլիս 24,2015 10:00

Եթե վաղը մամուլի որեւէ ակումբում դուք հանդիպեք Սահմանադրության նախագիծ «քննարկողներին», որոնք կասեն, թե այդ նախագծում կա դրույթ, համաձայն որի՝ այլմոլորակայինները պետք է գան Հայաստան եւ խուզեն ՀՀ բոլոր քաղաքացիների գլուխները, մի՛ զարմացեք: Որովհետեւ մարդկային երեւակայությունը սահման չունի: «Քննարկողներն» արդեն «հայտնաբերել են» այդ նախագծում, որ բոլոր տղամարդիկ պետք է սեռափոխության օպերացիա անեն, որ նախագահի գործուղումները կազմակերպում է Սփյուռքի նախարարը, եւ որ ոստիկանները պետք է կրակեն ցուցարարների վրա: Ցանկացած սովորական նախադասություն (ենթադրենք, «Կանայք եւ տղամարդիկ իրավահավասար են»), որն արդեն կա ՀՀ գործող եւ բազմաթիվ այլ երկրների սահմանադրությունների մեջ, արժանանում է մոտավորապես հետեւյալ արձագանքի՝ «վայ, էս ի՛նչ են գրել, վույ, էս ի՛նչ խայտառակություն է»: Երբեմն սկսում եմ կասկածել, որ դա իշխանությունների «թրոլինգն» է, նախագծի իրական վտանգներից շեղելու փորձ:

Իսկ վտանգն այն է, որ Հայաստանում չկան կուսակցություններ, եւ դրանց վրա հիմնված խորհրդարանական համակարգը չի ունենա ամրության որոշակի պաշար: Խնդիրը, հետեւաբար, այն չէ, որ այդ նախագծով ապահովվում է ՀՀԿ մենիշխանությունը: Խնդիրն այն է, որ «ՀՀԿ»-ն պայմանական անուն է, որ դրա տեղը կարող է լինել Կոմկուսը, ՀՀՇ-ն կամ ԲՀԿ-ն: Քանի՞ րոպե է պետք կոռումպացված պաշտոնյային կամ «գործարար-պատգամավորին» «ՀՀԿ» ցուցանակը մեկ այլ ցուցանակով փոխելու համար, քանի՞ ժամ է պետք, որ նրանք հարմարվեն նոր «պապաներին»: Երբ առաջին դեմքը նախագահն է, նա հնարավորություն ունի գործելու այդ գորշ զանգվածից անկախ, երբ առաջին դեմքը լինի նրանց միջից ընտրված վարչապետը, նա չափից դուրս մեծ կախում կունենա անգրագետ, անսկզբունքային, բացառապես բիզնես-շահերով առաջնորդվող «ճահճից»՝ այն «ՀՀԿ» է կոչվելու, թե այլ կերպ: Իհարկե, հնարավոր է, որ այդ կախումը փոխադարձ լինի, եթե «պապան» լինի վարչապետը:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որքան հասկանում եմ, կոչված է կանխարգելելու նախագահի եւ խորհրդարանական մեծամասնության հնարավոր կոնֆլիկտը, որն, ինչպես հիշում եք, մի անգամ «հանգուցալուծվել էր» հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ: Բայց առաջարկվող համակարգով կարող է լինել բիզնես-շահերի նույնքան խորը կոնֆլիկտ մեծամասնության մեջ, եւ այդ կոնֆլիկտի լուծման եղանակը չի երեւում:

Ամեն ինչ գալիս է նրանից, որ Հայաստանում չկա քաղաքական, կուսակցական համակարգ. կա կոռումպացված նոմենկլատուրա, եւ բացարձակապես կարեւոր չէ, թե ինչպես է այն կոչվում, այն կարող է նույնիսկ մի քանի անուն ունենալ: Եվ կա նախկին նոմենկլատուրա, որը կոչվում է տարբեր «ընդդիմադիր» անուններով: Երկուսը միասին ստեղծել եւ զարգացրել են ներկայիս օլիգարխիկ համակարգը՝ այն կոչվի նախագահական, թե խորհրդարանական:

…Մի կասկած էլ ունեմ: Ընդդիմությունը հսկայական ուժ ու եռանդ է ծախսում սահմանադրական փոփոխությունները տապալելու համար: Տապալելուց հետո իշխանությունը կասի՝ «ախ, դուք նախագահակա՞ն համակարգ էիք ուզում, խնդրեմ»: Եվ հեշտությամբ կհաղթի նախագահական ընտրություններում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031