Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայծակնային պատերազմի» իրականացումը բավականին բարդ է՝ եւ ռազմական, եւ քաղաքական տեսանկյունից»

Հուլիս 24,2015 17:30

Փորձագետ Տիգրան Աբրահամյանը` Ադրբեջանի ակտիվության
եւ Մինսկի խմբի համանախագահների անգործության մասին

– Փաստորեն, վերջին շրջանում սահմանային լարված իրավիճակը գալիս է ապացուցելու այն կանխատեսումների իրավացիությունը, որ օլիմպիական խաղերից հետ Ադրբեջանը դարձյալ արկածախնդրությունների կգնա: Մինչեւ ո՞ւր կգնա Ադրբեջանը: Որքա՞ն է կայծակնային պատերազմի հավանականությունը:

– Ադրբեջանի ռազմական գերատեսչության մարտավարական պլանները կառուցված են որոշակի հաճախականությամբ իրականացվող լոկալ օպերացիաների հիման վրա: Հասկանալի կերպով, Ադրբեջանն իր երկրում անցկացվող մարզական միջոցառման ժամանակ ակտիվություն չէր դրսեւորելու: Մյուս կողմից՝ հասկանալի էր, որ երկար ժամանակ առաջին գծում չի կարող հարաբերական խաղաղությունը պահպանվել: Դա է պատճառը, որ փորձագետները կանխատեսում էին, որ մարզական միջոցառումների ավարտից հետո Ադրբեջանն աստիճանաբար առաջին գծում կակտիվանա:

Ինչ վերաբերում է «կայծակնային պատերազմի» հավանականությանը, ապա չկարգավորված կոնֆլիկտի դեպքում որեւէ սցենար պետք չէ բացառել: Ամեն դեպքում «կայծակնային պատերազմի» իրականացումը բավականին բարդ է՝ եւ ռազմական, եւ քաղաքական տեսանկյունից:

– Մեր հարեւանին չզսպեց անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությունը տարածաշրջանում: Ըստ Ձեզ` ո՞ւմ եւ ի՞նչ է այդպիսով ցանկանում հասկացնել Ադրբեջանը:

– Ադրբեջանն իր քայլերով ի ցույց է դնում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում իր կարծր, մաքսիմալիստական դիրքորոշումը: Հիմնախնդրի գործընթացին ուղղակի կամ անուղղակի ձեւով ներգրավված բոլոր երկրների ու միջազգային կառույցների ներկայացուցիչները խոսում են խնդրի կարգավորման բացառապես խաղաղ տարբերակի մասին, իսկ Ադրբեջանը նաեւ այս ձեւով արտահայտում է իր անհամաձայնությունը:

– Ինչո՞ւ են Մինսկի խմբի համանախագահները, միջազգային այլ սուբյեկտներ շարունակում անտարբերությամբ կամ լավագույն դեպքում առավելապես երկու կողմերին սաստող հայտարարություններով սահմանափակվել: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գծում նման լարված իրավիճակն այս պահին ո՞ր գերտերության շահերից է բխում, ո՞ւմ է ձեռնտու այդ կետում թեժ իրավիճակը:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նվազագույնը մեկ ու ամենակարեւոր հարցում համակարծիք են՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Այլ է խնդիրը, երբ Ադրբեջանի գործողությունները միջազգային հանրության կողմից համաչափ արձագանքի չեն արժանանում: Ընդ որում, երբ ես խոսում եմ արձագանքի մասին, խոսքս միայն «սպասված հայտարարություններին» չի վերաբերում:
Միջնորդ երկրները դեռ մի քանի տարի առաջ կողմերին էին ներկայացրել վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր. շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում, դիպուկահարներին առաջին գծից դուրսբերում: Առաջարկը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հավանության էր արժանացել, սակայն Ադրբեջանն այն հասկանալի պատճառներով մերժեց: Ասում եմ՝ հասկանալի, քանի որ առաջնագծում լարվածություն հրահրելու նպատակ միայն Ադրբեջանն է հետապնդում, իսկ այդ մեխանիզմների ներդրումը առավել կընդգծեր Ադրբեջանի կողմից սադրանքների հրահրման փաստը:
Այնպես որ՝ «միջազգային հանրության համարժեք արձագանք» ասելով պետք է նկատի ունենալ առավել առարկայական քայլեր, հայտարարությունները նման դեպքերում քիչ բան են փոխում: Եթե միջազգային հանրությունը ցանկանում է առաջնագծում լարվածության նվազման հասնել, ապա պետք է ճնշումների կամ մեկ այլ ձեւով առաջին հերթին հասնել նրան, որ Ադրբեջանը ընդունի վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործումը:

– Ի վերջո, ո՞րն է հայկական կողմի պատասխանը. անընդհատ կրակահերթեր, դիվերսիոն գործողություններ…

– Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի: Առաջին գծում տեղակայված պաշտպանական ինժեներական շինություններն անընդհատ պետք է ամրացնել: Անհրաժեշտության դեպքում պետք է պատրաստ լինել հակառակորդի տարածքում կանխարգելիչ օպերացիաների իրականացմանն ու նպատակային հարվածներ հասցնելուն:
Առաջնային պլանում է զինծառայողների անվտանգության ապահովումն ու առաջնագծում այնպիսի ենթակառուցվածքների եւ հնարավորությունների ստեղծումը, ինչը թույլ կտա Զինված ուժերին անհրաժեշտության դեպքում պահպանությունից անցնել պաշտպանության կամ հարձակման:
Ներկայումս առաջնագծում ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառվում, որի հիմնական նպատակն է առավել կանխատեսելի դարձնել հակառակորդի գործողությունները եւ նվազագույնի հասցնել հնարավոր կորուստները:

– Որքանո՞վ եք կապ տեսնում Ադրբեջանի այս ակտիվության եւ ՌԴ-ի կողմից վերջերս Հայաստանին տրամադրված զինտեխնիկա ձեռք բերելու վարկի միջեւ: Մանավանդ՝ տեղեկություն շրջանառվեց, որ Հայաստանն այս գործարքի շրջանակներում «ԻՍԿԱՆԴԵՐ Մ» տիպի օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր է ձեռք բերելու, ինչի մասին խոսվում էր դեռեւս 1-2 տարի առաջ:

– Անկեղծ ասած՝ առանձնապես կապ չեմ տեսնում: Իհարկե, սպասելի էր, որ Ադրբեջանից արձագանքներ կլինեին, սակայն դրանք հայտարարությունների տեսքով էին եւ ավելի շատ արտահայտում էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտահոգությունները վերոնշյալ հրթիռային համալիրի հնարավոր ձեռք բերման հարցում:

Հաշվի առնելով «ԻՍԿԱՆԴԵՐ Մ»-ի մարտավարատեխնիկական հնարավորությունները՝ Ադրբեջանի արձագանքը հասկանալի է: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ հրթիռային համալիրի ձեռք բերումը պաշտոնապես ոչ հաստատվել է, ոչ էլ հերքվել:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Հայաստանը վաղուց հասկացել է, թե ինչ կարելի է սպասել Ռուսաստանից, ինչը ոչ, եւ երեւի գտնում է, որ հաշվարկել է իր արտաքին քաղաքական քայլերը:
    Ռուսաստանը, ինչպես եւ Հայաստանը, բավական խոցելի են Հարավային Կովկասում, որտեղ խաղում են շատ ուժեղ խաղացողներ, եւ Ռուսաստանին ամենեւին պետք չէ վատացնել հարաբերությունները միակ լոյալ գործընկերոջ հետ: Այսպես թե այնպես, Հարավային Կովկասի բոլոր պետությունները կհավասարակշռեն իրենց միջազգային հարաբերությունները, բայց Հայաստանը ձեռնամուխ է եղել դրան, կուտակելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ահռելի պոտենցիալ, եւ նրա փորձը համարվում է խիստ բացասական:
    Չնայած Հայաստանի հնազանդ պահվածքին, Հայաստանում ցանկացած իրադարձություն մեծ անհանգստություն է առաջացնում Մոսկվայում, եւ ռուսները գտնում են, որ Հայաստանում կան հակառուսական տրամադրություններ ու կոնկրետ մտադրություններ:Ռուսներն իսկապես վախենում են կորցնել Հայաստանը, քանի որ այլեւս հենարան չունեն տարածաշրջանում: Գյումրիում ռուսական բազան որեւէ նշանակություն չունի Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հանդեպ պաշտպանական խնդիրների համար: Այս հնացած ռազմական կառույցն ընդունակ չէ լուրջ խնդիրների լուծման:
    Ցանկացած պարագայում, Ռուսաստանը հայտնվել է փակուղում եւ ներկայում պատրաստ է ցանկացած զիջումների միջազգային մեկուսացումն ու պատժամիջոցները հաղթահարելու համար: Մոսկվան ստիպված է ընդունել ծանր որոշումներ Ղրիմի հարցում: Մոսկվայում հասկանում են, որ չեն կարողանալու պահել վերահսկողությունը նույնիսկ վասալների վրա, առանց ռազմական համոզիչ ներկայության: Հայաստանում տեղակայված է ռազմական բազա, որի մարտական հնարավորությունները կասկածելի են:
    Ռուսաստանը մտադիր է Հայաստանում անցկացնել այսպես կոչված ՀԱՊԿ մանեւրներ, ի հակակշիռ Վրաստանում ՆԱՏՕ-ի մանեւրների: Իրականում ռուսները հասկանում են, որ «հակակշիռ» հասկացությունը անիմաստ է դարձել: Խոսքը միայն ցուցամոլության մասին է, որը հայտնի իմաստով նշանակում է նահանջ:Ռուսաստանի համար ներկայում կողմնորոշվելու ժամանակն է՝ ինչ անել «կայսրության վերականգնման» հորինած սցենարների ու վարկածների հետ: Մոսկվայում բավական վախեցել են Երեւանում նոր սերունդների բողոքի ակցիաներից, սակայն այդ ելույթները երեւում է տեղի ունեցան, որպեսզի Մոսկվային «մայդանի» հավանականության ուղերձ հղվի: Հնարավոր է Մոսկվան համաձայնվել է դիրքերի զիջումների ողջ շրջագծով, նախեւառաջ ղարաբաղյան թեմայով, որպեսզի ժամկետից շուտ Ղրիմը չզիջի:
    Իսկ Հայը պատրաստվում է՝ՀԱՅԱՍՏԱՆՆ առանց երրոդ ուժի,առանց Ռուսի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031