Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունն ասել է՝ ֆիքսել ենք, ի՞նչ անենք, տակն էլ գրենք՝ երդվո՞ւմ ենք»

Հուլիս 24,2015 17:00

Հովհաննես Սահակյանը վստահեցնում է, որ էլ չգիտեն՝ ինչպես մարդկային լեզվով բացատրեն,  որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում վերարտադրել իր իշխանությունը:

Հիմնական մտավախությունը սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության հետ կապված այն է, որ ՀՀԿ-ն ուզում է վերարտադրվել: Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ վարչապետ չի լինելու, Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ ԱԺ գործընթացներին էլ չի կարող նա մասնակցել, հետեւաբար մարդկանց մտատանջում է՝ ինչի՞ համար է Սերժ Սարգսյանը նախաձեռնել սա: Ընդդիմությունը չի ուզում, չկա հասարակական պահանջ, իսկապե՞ս Սերժ Սարգսյանը չի ուզում վերարտադրել իր իշխանությունը:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Պետք է մի հատ հիվանդություն մտածենք ու անունը դնենք հայկական սինդրոմ: Բա ինչի՞ արեց: «Ինչի՞»-ն հետեւյալն է՝ բարեփոխումներ անենք, որ այս երկիրն արագ զարգանա: Դա չի կարող լինել, չէ՞, անպայման տակը պիտի գտնենք՝ յա՛, էս է՝ հորքուրի տղեն է, մորքուրի բաջանաղն է, քավոր-սանիկ եւ այլն: Գիտեք, պրակտիկորեն ես անհարմար եմ զգում եւ էլ չեմ կարող մարդկային լեզվով բացատրել՝ եթե մարդը այդքանը հայտարարել է, դրանից հետո էլի մա՞ն են գալիս՝ բա ինչի՞: Մինչեւ այդ ասում էին՝ յա՛, վարչապետ չի ուզում, հենա կգնա ԱԺ նախագահ, ԱԺ նախագահը բոլոր լծակներն ունի, էլի ինքն է ղեկավարելու: Հիմա ասում են՝ դա էլ չի լինելու, ասում են՝ չէ, մի բան կա: Երեւի տակը գրել են, որ ԱԺ պատգամավոր կլինի մի հատ, որն ամենամեծ լիազորությունները կունենա, եւ ինքը կգնա պատգամավոր կդառնա: Մանկապարտեզ է մեր ամբողջ կյանքն արդեն: Ես վստահ եմ, որ սահմանադրական այս բարեփոխումների դեմ քաղաքական ուժերն իրենց զինանոցի բոլոր զինատեսակներով պատրաստ են մարտնչելու, ուղղակի դեռեւս չեն հասկանում՝ ինչի դեմ: Իրենք չեն ուզում ընկալել, որ սա արվում է բացառապես բարեփոխումների եւ լավ նպատակով»:

Հովհաննես Սահակյանն ասաց, որ ամբողջ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ համամասնական ընտրակարգի մասին Սահմանադրության մեջ ամրագրվի, դա բացառապես Ընտրական օրենսգրքի խնդիրն է. «Ընդդիմությունն ասում է՝ չէ, ֆիքսեք այստեղ, որ մենք ձեզ հավատանք: Ֆիքսել ենք, ի՞նչ անենք, տակն էլ գրենք՝ երդվո՞ւմ ենք»:

Մեր դիտարկմանը, որ «ֆիքսողին» չեն հավատում, դա է խնդիրը՝ Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Իսկ այդ ասողին մենք հավատո՞ւմ ենք: Որ ասում են՝ ֆիքսողին չեն հավատում, մենք իրեն հավատո՞ւմ ենք: Մի հատ իրենց բոլորի կենսագրությունը նայեք»:

Սահմանադրության նախագծի հրապարակված դրույթներում պարզ է դառնում, որ նախագահի, ՍԴ անդամների, դատավորների համար պաշտոնավարման սահմանափակումներ կան, իսկ վարչապետի համար որեւէ սահմանափակում չկա, թե քանի անգամ կարող է վարչապետ լինել: Մեր հարցին, ըստ նախագծի՝ փաստորեն ցմահ վարչապե՞տ ենք ունենալու, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Փաստաթղթում կա, որ, օրինակ, 6 ամիսը մեկ պատգամավորները կարող են անվստահություն հայտնել վարչապետին: Կառավարության անվստահության հարցը շատ ավելի հեշտ է ներկայացնել, ոչ թե տարին 1 անգամ: Եթե մի հատ ներկայացրեցինք ԱԺ-ում ու չեղավ, 6 ամիս հետո նորից կարող ենք ներկայացնել: Իսկ այս դեպքում դու բերում ես բյուջեի ժամանակ ներկայացնում ես, հետո քվեարկությունը ենթադրում է կառավարությանը կամ վարչապետին անվստահություն հայտնելու հարցը: Այստեղ շատ ավելի լուրջ մեխանիզմներ կան»: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ գոնե տարիքային սահմանափակում չի դրված՝ այսպես ամբողջ լիազորությունները տրվում են վարչապետին ու որեւէ սահմանափակում չդնե՞լ նրա վրա, նա պատասխանեց. «Ես վախենամ մտաբերեմ մի դեպք, որ վարչապետի համար լինի սահմանափակում: Պատգամավորի համար կա, նախագահներ, դատավորներ եւ այլն սահմանափակումներ կան: Այնպես չի, որ մինչեւ կյանքի վերջ պետք է պաշտոնավարի: Բայց ներքեւի շեմը, համամիտ եմ, կարելի է որոշակի բան մտածել, գրել ասենք՝ 35 տարի եւ այլն, որովհետեւ վարչապետի դերակատարումը մեծանում է, այդ առումով համամիտ եմ: Բայց վերին շեմ սահմանելն անիմաստ է, որովհետեւ ինքը քաղաքական ուժի փոփոխության հետ կապված ամեն օր կարող է փոխվել: Յուրաքանչյուր առավոտ կարող է աչքերը բացել ու էլ վարչապետ չլինել»:

Մեր հարցին՝ եթե 6 ամիսը մեկ ԱԺ-ում պատգամավորները հանդես գան վարչապետին ու կառավարությանն անվստահություն հայտնելով՝ ԱԺ-ի աշխատանքները չե՞ն խաթարվի, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Դրա համար էլ մեխանիզմներ են դրված: Եթե գործընթաց ես սկսում, պետք է ներկայացնես քո ծրագիրն ու քո վարչապետի թեկնածուն, թե ով է, ինչ է: Ոչ թե պատգամավորներից մեկն ասի՝ կարեւոր հարց է հանրության մեջ, եկեք մի հատ գործընթաց սկսենք, ու ամբողջ երկիրը պարալիզացնեն: Դրա համար մեխանիզմները հստակ դրված են: Վարչապետը եթե լավ չաշխատի, ինքը միշտ վտանգի տակ է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Viktor A Badalyan says:

    Ինչի էք երդվում, մեկ է ոչ ոք չի հավատում: Արդարաբար բաժանեք 5000 դրամը քանի որ փորձած թանն անփորձ մածունից լավ է:

    Վիկտոր Ա. Բադալյան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031