Մամուլում մի քանի օր է՝ խոսվում էր այն մասին, թե «Յուքոմ» ընկերությունը պատրաստվում է գնել «Օրանժ Արմենիա»-ն: Հուլիսի 22-ին «Օրանժ Արմենիա» ընկերության ղեկավար Ֆրանսիս Ժելիբտերը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «Օրանժը» բացառիկ քննարկումներ է սկսել «Յուքոմ» ընկերության հետ՝ ընկերության բաժնետոմսերի վաճառքի շուրջ: Բացի դա՝ մայիսին հայտնի դարձավ, որ համաշխարհային ճանաչում ունեցող «Սամսունգ» ընկերությունը եւս Հայաստանից հեռանում է: Եվ չնայած «բաց երկնքի» քաղաքականությանը՝ խոշոր ավիաուղիները եւս գնում են Հայաստանից:
Ստեղծված իրավիճակի մասին, երբ օտարերկրյա ընկերությունները հեռանում են Հայաստանից, «Առավոտը» զրուցեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ:
Վիլեն Խաչատրյանը չի բացառում, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը իր գործունեության տարիների ընթացքում ունեցած կորուստը ներառել է վաճառքի գնի մեջ, այսինքն՝ ընկերության վաճառքն իրենց համար կարող է դիտարկվել որպես շահավետ գործարք. «Եթե «Յուքոմն» էլ է մատուցում նմանատիպ ծառայություններ՝ բացի բջջային կապից, առաջանում է խնդիր, այսինքն՝ մենք, կարելի է ասել, բջջային կապի օպերատոր, չեմ ուզում ասել՝ կորցնում ենք, բայց, այնուամենայնիվ, այս ոլորտը ավելի է խոշորանում: Մենք որոշակիորեն ինչ-որ ծառայություններ մատուցելու առումով օպերատոր ենք կորցնում, սա մրցակցության թուլացում է: «Օրանժը» ոչ միայն ներքին՝ հայաստանյան շուկայում է, այլ նաեւ արտաքին, օրինակ՝ Ֆրանսիա գնացողի ռոումինգը միանում է «Օրանժին»: Արդյոք Եվրոպայում, որտեղ գործում են «Օրանժի» մյուս մասնաճյուղերը, սրանից հետո այդ ռոումինգային ծառայությունները չե՞ն թանկանալու»:
Տնտեսագետը նկատեց, որ «Յուքոմի» դիրքերն այդ գործարքից հետո ուժեղանալու են՝ «Յուքոմը» «ԱրմենՏելին» մրցակից ծառայություններ մատուցելու հավակնություններ է ունենում. «Սա ավելի շուտ ոչ թե վաճառքի գործարք է, այլ կլանման: Այսինքն՝ նա հասավ, ուժեղացավ եւ վաճառքի միջոցով կլանեց նաեւ այդ օպերատորին, որովհետեւ օրինակ՝ նույն ինտերնետ ծառայություններ մատուցելու բնագավառում «Յուքոմն» առաջ էր ընկել, հեռուստատեսության ոլորտում եւս առաջ էր ընկել, եւ դա իրեն հնարավորություն տվեց այդ ծառայությունների ոլորտը եւս իրեն կցել: Սա պարզապես ուժեղացնելու է «Յուքոմի» դիրքերը: Ինչքանո՞վ կհաջողվի «Յուքոմին» միջազգային բիզնես-փորձին համահունչ նույն ծառայությունը մատուցել մեր երկրին՝ ես դա չգիտեմ: Այնուամենայնիվ, մենք խոշոր գործընկեր ենք կորցնում, որը Եվրոպայի ցանցի հետ կցված է, դա փաստ է: Եվ այն օղակը, որը կարող էր ներդրումներ բերել Ֆրանսիայից, նրանից մի կետ էլ է պակասում»:
Տնտեսագետը համարում է, որ որպես նոր ընկերության՝ «Օրանժին» պետք է 5 տարով արտոնություններ տրվեին, երբ որ շուկայում դիրքերն ամրապնդեր, նոր սկսեին հարկել. «Բայց այդ ընկերությունը գալիս մտնում է, ամեն ինչով սկսում է նորմալ, նույն պայմաններով աշխատել, ինչպես այսքան տարիների ընթացքում գործել է «ԱրմենՏելը» եւ «ՎիվաՍելը», եւ սկսել է իրենց հավասար մրցակցել: Չի դիմանում մրցակցությանը, մեր շուկան էլ փոքր է, այսինքն՝ մենք ունենք ընդամենը բաժանորդների սահմանափակ քանակ, ինքը չի կարողանում աշխատել լրացուցիչ բաժանորդների վրա եւ այդ շուկայում չի կարողանում դրսեւորվել»:
Այն հանգամանքը, որ արտասահմանյան ընկերությունները հեռանում են Հայաստանից, Վիլեն Խաչատրյանը պայմանավորում է բիզնես-միջավայրով: Նա որպես օրինակ նշեց հարեւան Վրաստանը, որի բիզնես-միջավայրի դիրքն ավելի բարձր է, Վրաստանը ունի ծով. եվրոպական շուկա դուրս գալու հնարավորություններն ավելի շատ են. «Թեկուզ ռուսական շուկա Հայաստանն ամեն անգամ ստիպված է Լարսի դժվարություններով անցնել: Չնայած ավիաուղիների տեսանկյունից դա կապ չունի, թե որ երկրում կլինի, պարզապես պետք է ծառայությունները նորմալ մատուցել, պետք է ցածր ծախսերով ավիափոխադրումներ սահմանել:
Կարդացեք նաև
Մենք չկարողացանք ներգրավել այդ ավիաընկերություններին՝ սա մեկ, երկրորդը՝ ասում են՝ «Զվարթնոցում» ծառայությունները թանկ են՝ դա է խնդիրներից մեկը, բայց, այնուամենայնիվ, «Զվարթնոցն» ունի, կարելի է ասել, իդեալական աշխարհագրական դիրք փոխադրումների համար»:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2015
Հարգելի ԱՌԱՎՈՏ եւ հեղինակ ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Օրանժ Արմենիա»-յի գլխավոր տնօրենի անունը ոչ թե Ֆրանսիս Ժիլբերտ է, ինչպես դուք եք գրել, այլ` Ֆրանսիս ԺԵԼԻԲՏԵՐ:
Շատ շնորհակալ ենք դիտողության համար: Վրիպակն ուղղեցինք: