Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւադաշտի եզդի բնակիչները ջուր, գազ չունեն ու գյուղը լքում են

Հուլիս 24,2015 16:00

Արմավիրի մարզի Արեւադաշտ համայնքը, որը երկար տարիների պատմություն չունի, խմելու ջրի լուրջ խնդիր ունի: Գյուղում թաղամասեր կան, որտեղ մարդիկ ջուրը գնում են, իսկ երբեմն էլ ոռոգման ջրից են օգտվում: Խնդիրը վերաբերում է հիմնականում գյուղի՝ ազգությամբ եզդի բնակիչների թաղամասին: Այս խնդրի պատճառով արդեն մի քանի ընտանիք լքել են բնակավայրը:

«Գյուղապետին արդեն 2 անգամ ընտրում ենք, ասում ա՝ ջուր կքաշեն, բայց ոչ քաշում են, ոչ էլ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արեւադաշտ գյուղի բնակիչ Շիրին Աբասյանը: Նա ասաց, որ օրվա օգտագործման համար անհրաժեշտ է 200-300 լիտր ջուր, որը հիմնականում օրումեջ գնում են. հաշվի առնելով լողանալը, լվացքը՝ ջուրն արագ վերջանում է:

arevadasht1

Շիրին Աբասյանը գնում է մոտ 100 լիտր ջուրը 500 դրամով:

 

Գյուղի մեկ այլ բնակչի՝ Քյալաշ Աբասյանի ընտանիքը բաղկացած է 4 հոգուց. 2 անչափահաս երեխա ունի եւ այդ անջուր պայմաններից հոգնել ու որոշել է արտագաղթել ՌԴ. «Ավտոյով գնում եմ օրվա համար 150 լիտր բերում եմ, բայց մինչեւ իրիկուն այդ ջուրը չկա»,- ասում է նա: Ջուրն ամեն անգամ բերում է բարեկամի տնից՝ անհանգստանալով, որ նրանց նեղություն է պատճառում: Այս ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ, որով էլ գոյատեւում են:
Եզդի բնակիչներն այս գյուղում շատ են եղել, բայց ջրի բացակայության պատճառով շատերն են փոխել իրենց բնակության վայրը: «7-8 եղբայր ենք, տեսան՝ խմելու ջուր անգամ չկա, թողեցին գնացին Եվրոպա, էստեղ մի քանի եղբայրներով ենք մնացել»,- պատմում է Քյալաշ Աբասյանը: Ըստ նրա՝ գյուղում ո՛չ խմելու ջուր կա, ո՛չ գազ, «մնում ենք ստեղ՝ ի՞նչ անենք»:

arevadasht3

Արեւադաշտ գյուղի բնակիչ Նազիկ Ավդալյանը ասում է, որ ոռոգման ջրով են լողանում:

Տիկին Նազիկը կենցաղային հոգսերը հոգալու համար օգտվում է ոռոգման ջրից: Նա ասաց, որ լողանալու համար էլ օգտվում են ոռոգման ջրից: Նազիկ Ավդալյանի խոսքերով՝ գյուղապետը որ մի լավ բան արել է, այն է, որ ջուրը ռետինե խողովակով հասցրել է իրենց թաղամասի սկզբնամաս, որից էլ 2 օրը մեկ մի քանի ժամով ջուր է գալիս. «Զովունիի աղջիկ եմ, 23 տարի առաջ եկել եմ, դեռ մինչեւ հիմա ջուր չունենք. երեխեքիս խաթր մնացել եմ: Ամեն օր էլ ծարավ ենք»:

«Արմավիրի մարզում միշտ էլ խմելու ջրի խնդիր է եղել: Գյուղերում հիմնականում խորքային հորերի հաշվին է կատարվում խմելու ջրի մատակարարումը, մի շարք գյուղեր գտնվում են Հայջրմուղկոյուղու եւ Նոր ակունքի սպասարկման տարածքում, իսկ այն գյուղերը, որոնք ընդգրկված չեն դրանց սպասարկման ներքո, ջրի հարցը լուծում են իրենց միջոցներով խորքային հորեր փորելով, եւ օրվա կտրվածքով առավոտյան եւ երեկոյան 2-3 ժամ ջուր են ստանում, իսկ գյուղեր էլ կան, որ 12 ժամ ջուր ունեն, եւ շատ ժամանակ այդ խորքային հորերի ջրի որակը չի բավարարում մեր բնակիչների պահանջներին»,- մարզի համայնքներում ջրի բացակայությունը այսպես է ներկայացնում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

arevadasht4

Գյուղի երեխաները լողանում են արագահոս ոռոգման ջրատարում:

Արեւադաշտի գյուղապետ Հովսեփ Օհանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ գյուղը ամեն օր խմելու ջուր ունի, բայց նախկին՝ հին վթարային խողովակներով. «Ներդրումային ծրագրով «Հայջրմուղ» ընկերությունը, Արեւադաշտի գյուղապետարանը եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակը համատեղ պայմանագիր ունեն, որ հորային աշխատանքները գյուղապետարանը պետք է անի, որն արել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակը՝ տրամադրել է խողովակները, իսկ ջրմուղը պետք է միացման աշխատանքները կատարեր, բայց չի արել: Աշխատանքները ընթացքի մեջ են, սպասում ենք, որ ջրաչափական սարքավորումներն էլ բերեն տեղադրեն ու միացնեն»: Ըստ նրա՝ օրը 4 ժամ ջուր է մատակարարվում գյուղում, բայց քանի որ գյուղը տարածված է 100-150 հեկտարի վրա, եւ հաշվիչներ չկան, որ ճնշումը մեկը մյուսին փոխանցի` ջուրը ազատ հոսում է, իր բնական ճնշումով:

arevadasht5

Գյուղապետարանի շենքում 2 ընտանիք են ապօրինի ապրում, որոնց տարածքը լքելու համար գյուղապետը դատի է տվել եւ դատը շահել:

«Եզդիների թաղամասի խողովակները, որ տեսաք հողի տակ, ինքս իմ գլխու արել եմ, բայց հետո եկան՝ ինձ սխալ հանեցին, իբր այդքան խողովակ ինչի եմ քաշել, դարպասից այն կողմ իրավունք չունեմ անցնելու, ես էլ, թե` ձեր մասնագետները չկային, ես էլ բերել քաշել եմ»,- ասում է գյուղապետը
Անդրադառնալով գազի խնդրին՝ պարոն Օհանյանը ասաց, որ իրեն պատկանող աշխատանքները ավարտվել են. «Իմ կողմից խնդիր չեմ թողել` փոխանցումները արել եմ: Որերորդ անգամ դիմել եմ մարզպետարանի համապատասխան բաժին, որի հետ մի ընկերություն է զբաղվում այդ հարցերով եւ խախտել է պայմանագիրը: Մարզպետարանում ինձ ասում են՝ մի քանի օրվա գործ է. այ մարդ, որ այդպես է, շուտ ավարտեք, իմ ժողովրդին գազ տվեք»:

«Առավոտը» Արմավիրի մարզ այցելել էր «People in need» հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարում` Այնքան կարոտ են խմելու ջրին,
որ գնված ջուրը չեն հասցնում տուն` ճանապարհին խմում են:

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031