Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տղամարդկային» գործիքներ նվագող կանայք Պորտուգալիայից ժամանել են Երեւան

Հուլիս 24,2015 14:00

Անցնող թատերաշրջանում օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից անցկացվող նախագծերին, այդ թվում՝ «Համերգ ճեմասրահում», «Օպերա+», գումարվել են 5 նորերը՝ «Օպերային արվեստը զորամասերում», «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը սահմանամերձ գոտիներում», «Օպերային արվեստը Արցախում», «Սիմֆոնիկ ապագա»: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանը եւ հավելեց, որ 2014-15թթ. թատերաշրջանում նվագախմբի հայաստանցի եւ հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ կայացել է 39 համերգ: Գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Հուլիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա թատերաշրջանի վերջին միջոցառումը՝ օպերային թատրոնի նվագախմբի (դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) Պորտուգալիայից ժամանած երաժիշտներ՝ կլարնետահար Ֆիլիպա Նունեսի եւ ֆլեյտահար Լյուբով Բենեդիկտովիչի, մեր օպերային թատրոնի ֆագոտահար Շմավոն Գրիգորյանի, գալարափողահար Արմեն Կարագյանի եւ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար Հովհաննես Պապիկյանի մասնակցությամբ: Կհնչեն հիշյալ փողային գործիքների համար գրված Մոցարտի, Վեբերի, Հյուի ստեղծագործություններից:

Հանդիպեցինք Պորտուգալիայից Հայաստան առաջին անգամ այցելած երաժիշտների հետ: Լյուբով Բենեդիկտովիչն ասաց, որ երկու տարի է Մադեիրայի սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահարն է: Նշեց, որ իրենք գլխավոր դիրիժոր չունեն, ստեղծագործական եւ մնացած հարցերը լուծում է պորտուգալացի տնօրենը. «Նվագախումբ հրավիրվում են տարբեր տարիքի դիրիժորներ եւ երաժիշտներ, հայտնի ու անհայտ անուններ, օրինակ՝ վերջերս մեր համերգներից մեկը ղեկավարեց ֆրանսիացի ճանաչված դիրիժոր, 80-ամյա Ժան-Սեբաստիան Բերոն: Նվագախումբը յուրաքանչյուր համերգին ներկայանում է նոր ծրագրերով՝ սկսած համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի գանձարանից մինչեւ ժամանակակից պորտուգալացի կոմպոզիտորների գործերը»: Ազգությամբ բելառուս երաժիշտը նշեց, որ ինքը երախտապարտ է իր հայ պրոֆեսորին: Նրա ձեւակերպմամբ՝ եթե չլիներ Օվանիսյանը, ապա դժվար թե ինքը դառնար պրոֆեսիոնալ երաժիշտ: Այս առիթով հիշեց, որ 1990-ականների սկզբներին իրեն չէին բավարարում դաշնամուրի դասախոսի պարապմունքներն իր հետ, եւ խորհուրդ տվեցին տեղափոխվել Ալեքսանդր Օվանիսյանի դասարանը, որն ավարտել էր Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիան եւ դասավանդում էր Մինսկի երաժշտական մասնագիտական դպրոցում: «Պարոն Օվանիսյանին անվանում էին «պահապան հրեշտակ»: Նա յուրաքանչյուր օր գալիս էր աշխատանքի ժամը 8-ին, անցնում բոլոր դասարաններով, գրադարանով… Կարճ ասած՝ կատարում էր մի գործ, որ բացարձակ իր պարտականությունների մեջ չէր մտնում: Նա փայլուն մանկավարժ է ու իր գործի նվիրյալը»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հարցին, թե Հայաստան գալու հրավերը ո՞ւմ կողմից է ստացել, Լյուբով Բենեդիկտովիչը պատասխանեց. «2010-ի սկզբներից ես, Ֆիլիպան եւ Շմավոնը ճակատագրի բերումով աշխատել ենք Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի նվագախմբերում…»:

Ֆիլիպա Նունեսից հետաքրքրվեցինք՝ թեեւ Արեւմուտքում այսօր շատ են կանայք, որոնք նախընտրել են «տղամարդու» գործիքներ, իր դեպքում ինչպե՞ս պատահեց, որ որոշեց կլարնետ նվագել, մեր զրուցակիցը ասաց, որ ինքը ի սկզբանե երազել է տավիղ նվագել, բայց քանի որ երաժշտական դպրոցներում իր ընդունվելու տարում բացի փողային գործիքներից բոլոր դասարաններում ոչ մի տեղ չի եղել, ինքն ընտրել է կլարնետը: Քանի որ երաժիշտն աշխատում է Ցյուրիխի օպերային թատրոնում, հետաքրքրվեցինք վերջինիս խաղացանկով, հյուրախաղերով եւ այլն: «Թատրոնի աշխատանքները կանոնակարգում է մեկ անձ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ֆաբիո Լուիզին: Երկու ամիսը մեկ էլ տեղի են ունենում օպերային եւ բալետային ներկայացումների պրեմիերաներ, այդ թվում՝ դասական եւ ժամանակակից հեղինակների»,- պատասխանեց արվեստագետը:

Հարցին` ի՞նչ տպավորություն են ստացել Հայաստանից, մասնավորապես՝ օպերային թատրոնի նվագախմբից, մեր զրուցակիցները ժպտալով նշեցին, որ արագացված ու տեխնիկապես հագեցած մեր ժամանակներում իրենք գերադասում են գիրքը, հետեւաբար գիտեն, որ հայերն ունեն բազմադարյա հարուստ մշակույթ, տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի, աշխարհին տվել են իսկապես մեծանուն մարդիկ: Ինչ վերաբերում է օպերային թատրոնի նվագախմբին, երաժիշտներն իրենց գնահատականը արտահայտեցին մեկ բառով՝ super:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Լյուբով Բենեդիկտովիչը (ձախից), Շմավոն Գրիգորյանը եւ Ֆիլիպա Նունեսը:

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031