Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կունենա ինտերնետային 24-ժամյա մարզական ալիք

Հուլիս 24,2015 13:30

Հայ մարզասերը հանրապետության ներսում եւ արտասահմանում մեր մարզիկների մասնակցության մասին ամբողջական պատկերացում կազմելու եւ տեղեկատվություն ստանալու կարիք ունի:

Բոլորը չէ, որ կարող են ներկա գտնվել թեկուզ Երեւանում անցկացվող հանրապետական առաջնություններին, առավել եւս՝ հետեւել այս կամ այն երկրում ընթացող միջազգային մրցումներում մեր հավաքական թիմերի բոլոր անդամների մրցելույթներին: Լավագույն դեպքում հատուկենտ հեռուստաալիքներ են ուղիղ միացում կազմակերպում հենակետային մարզաձեւերի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների եզրափակիչներից, որտեղ, հասկանալի է` ոչ բոլոր հայ մարզիկներն են հայտնվում: Այս թեմայով «Առավոտը» զրուցել է սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ:

Նրա համոզմամբ` Հայաստանը, լինելով մարզական զարգացած երկիր, պետք է ունենա մարզական ալիք, ինչը չկա, եւ դա մեծ բացթողում է եւ շատ տխուր երեւույթ:

– Ո՞րն է դրա պատճառը:

– Պատճառները մի քանիսն են: Հայաստանում գործող գրեթե բոլոր հեռուստաալիքները մասնավոր են եւ գործում են իրենց բիզնես-ծրագրերի շրջանակներում: Նրանք, հավանաբար, մտածում են, որ սպորտը պահանջված չէ եւ ավելի լավ է` սերիալներ ցուցադրել: Ու չնայած մարզական կայքերի պակաս չկա եւ կարելի է մարզական ցանկացած տեղեկատվություն շատ արագ ստանալ, բայց դա էլ խնդրի լուծում չէ: Նախարարությունում այս հարցը շատ լուրջ քննարկել ենք: Հիմա համագործակցում ենք մի կազմակերպության հետ, որն արդեն սկսել է առայժմ ինտերնետային մարզական ալիք ստեղծելու աշխատանքները: Դա «Վիտամին» ակումբն է, որն, ի դեպ, աշխատում է շատ կոմպակտ ու հզոր տեխնիկայով:

– Ե՞րբ կարվեն առաջին քայլերը:

– Ուղիղ հեռարձակման մի քանի եթեր արդեն եղել է: Առցանց ցուցադրվել են հանրապետության մի քանի առաջնություններ եւ միջազգային մրցաշարեր, որոնց կարելի էր հետեւել Youtube-ով: Հիմա ավարտվում են մարզական կայք ստեղծելու աշխատանքները, որը կկոչվի «Վիտամին սպորտ»: Մեր մարզասերները հանրապետության տարածքում անցկացվող առաջնություններին, նշանակալի մարզական միջոցառումներին ինտերնետային 24-ժամյա ռեժիմով առցանց հետեւելու եւ տեսագրությունները դիտելու հնարավորություն հիմա էլ ունեն: Սա առաջին քայլն է Հայաստանում մարզական հեռուստաալիք ստեղծելու ճանապարհին:

– Մտահղացումը շատ լավն է: Իսկ հեռարձակման պատկերի որակը կապահովվի՞:

– Ասացի, որ նրանք ունեն շատ որակյալ տեխնիկա: Արդեն իրականացված ուղիղ հեռարձակումները բարձր որակի են, համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Մնում է, որ հնարավորինս արագ յուրացվեն սպորտային հեռարձակումների նրբությունները՝ դրանք ավելի հետաքրքիր դարձնելու համար: Նախարարությունը խորհրդատվական ու գործնական բոլոր հարցերով աջակցելու եւ օգնելու է նրանց:

– Մի կարեւոր խնդրի մասին: Լինելու են համր ուղիղ հեռարձակումնե՞ր, թե՞ միջոցառումները նաեւ մեկնաբանվելու են:

– Դա ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Մեկնաբանություններ կան ու, իհարկե, լինելու են, ինչի մասին նույնպես մտածում եւ աշխատում ենք: Այս պահին կոնկրետ լուծումներ դեռ չկան: Կարծում եմ` առայժմ այդ գործը կարելի է վստահել փորձառու լրագրողներին եւ մարզաձեւերի մասնագետներին:

– Հայաստանում ամեն օր առաջնություններ չեն անցկացվում, մեր հավաքականներն էլ ամեն օր աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեն մասնակցում: Մնացած եթերաժամանակն ինչպե՞ս է լցվելու:

– Ալիքը, որ կոչվելու է «Vsport.am», հետեւելու է ոչ միայն մեծ սպորտին: Կլինի նաեւ լուրերի բաժին, որը պարբերաբար ոչ միայն Հայաստանի մարզասերներին, այլեւ ամբողջ աշխարհի հայությանն ամեն օր կտեղեկացնի հայկական սպորտին առնչվող ամենաթարմ իրադարձությունների մասին: Այն նաեւ մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի քարոզչի դեր է կատարելու՝ ցուցադրելով մարզական մասսայական միջոցառումները, օրինակ` Համահայկական խաղերը, ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, հաշմանդամների մրցումները, մանկական սպորտլանդիաները եւ այլն: Կքարոզվեն նաեւ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: Այնպես որ` 24-ժամյա եթեր ապահովելու հարցում, կարծում եմ, խնդիրներ չեն լինի:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031