Ֆիլիպինյան Teachers of the Nation՚s Arts խումբը երգում է ոչ ավել-ոչ պակաս… երկրաշարժի մասին: Նրանց նոր խտասալիկում, որ կրում է «Զգուշացեք, երկրաշարժ է» խորագիրը, ներառված է 13 երգ՝ ուղեցույց այն մասին, թե ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ:
Teachers of the Nation՚s Arts խմբի անդամ Գլեսի Սարմիենտոն ասել է. «Ժամանակակից մարդիկ ժամանակ չունեն կարդալու, նրանց հետաքրքիր չէ ինչ-ինչ նկարներ նայել, իսկ մենք ընտրել ենք տեղեկատվություն փոխանցելու մի եղանակ, որը դյուրըմբռնելի է եւ հեշտ հիշվող: Երգը մի քանի անգամ լսելով` մարդը կարող է սովորել, թե ինչպես վարվի տարերային աղետների դեպքում»:
Teachers of the Nation՚s Arts-ի նման նախագիծ ստեղծելու գաղափարը ծնվել է 2013-ին ֆիլիպիններում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո, որի պատճառով ավելի քան 200 մարդ զոհվեց: Իմիջիայլոց, երաժիշտների ձեռնարկը կյանքի կոչելուն նպաստել է տեղի հրաբխագիտության ինստիտուտը:
Teachers of the Nation՚s Arts-ի մեկ այլ անդամ՝ Ռենատո Սոլիդումն էլ փաստել է, որ իրենց երկիրը գտնվում է աշխարհի ամենասեյսմաակտիվ հատվածներից մեկում, եւ 400 տարվա ընթացքում իրենք ավելի քան 400 ավերիչ երկրաշարժ են ունեցել: «Մենք որպես երաժիշտներ պարտավոր էինք որեւէ քայլ անել՝ մարդկանց իրազեկելու համար»,- ասել է Սոլիդումը:
Կարդացեք նաև
Teachers of the Nation՚s Arts-ի «երկրաշարժային» երգերը ներառվել են երկրի ազգային հեռուստատեսության նախագծերից մեկում:
«Առավոտ» օրաթերթ
23.07.2015