Լրահոս
Օրվա լրահոսը

Համեմատել Ուորլիքին Մերզլյակովի ու Բրայզայի հետ

Հուլիս 24,2015 12:30

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ուշագրավ անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին օրերի մի քանի մեկնաբանություններին, որոնք Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրին: Դ. Բաբայանը 168.am-ի հետ զրույցում, ըստ էության, համաձայնել է ամերիկացի համանախագահի դիրքորոշմանը. «Ես հասկանում եմ Ուորլիքի մոտեցումները, որ կարգավիճակն առաջնային խնդիրներից մեկն է: Մենք եւս ասում ենք` կարգավիճակ եւ սահմաններ: Ընդհանրապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ունի երկու հիմնական հարց, մնացած բոլոր հարցերն ածանցյալ են այս երկու խնդրից: Հիմնական հարցերն են կարգավիճակն ու սահմանները: Կա հակամարտության կարգավորման կարճ եւ արագ ճանապարհ: Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, նստում ենք բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու մյուս բոլոր հարցերը՝ լինի դա քաղաքական, ռազմական, մարդասիրական, թե այլ բնույթի: Առանց Արցախի՝ Արցախի ապագան չի կարող լուծվել»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդամենը միջնորդներ են, որոնք ղարաբաղյան կարգավորման 20-ամյա պատմության մեջ արտահայտվել են՝ որքանով, որ թույլ են տվել բանակցությունների սեղանին գտնվող առաջարկներն ու սկզբունքները` հրապարակայնացման անհրաժեշտությունից ելնելով:

Մինչեւ Մադրիդյան սկզբունքները միջնորդների կողմից ներկայացված կարգավորման բոլոր առաջարկները հրապարակվել են հայաստանյան մամուլում: Դրանք մերժվել են, բայց այսօր ամերիկացի համանախագահին անարգանքի սյունին գամող, համացանցում ակտիվություն ցուցաբերող որոշ խմբեր կարող են համեմատություններ անցկացնել, թե ինչ էր քննարկվում նախկինում, եւ ինչ է այսօր ասում, մասնավորապես` Ուորլիքը: Որպես մի օրինակ նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին ներկայացված, բանակցված եւ պաշտոնական Երեւանի կողմից ընդունելի էր «Ընդհանուր պետության» ծրագիրը:

Քիուեսթյան բանակցություններից առաջ մամուլում շրջանառության մեջ դրվեց ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից մշակված մի ծրագիր, ըստ որի՝ Ղարաբաղը դե ֆակտո անկախ կարգավիճակ էր ստանում՝ Ադրբեջանի հետ կոնֆեդերացիա կազմելով: Այդ փաստաթղթի համաձայն՝ Ղարաբաղը ունենում էր սեփական Սահմանադրություն, զինված ուժեր եւ Բաքվի իշխանությունների կողմից ընդունված ցանկացած օրենք վետոյի ենթարկելու իրավունք, բայց Ղարաբաղը ճանաչվում էր իբրեւ հանրապետություն` Ադրբեջանական կոնֆեդերացիայի կազմում:

Իհարկե, համանախագահներն իրենց գործունեություններում տարբեր են եղել: Օրինակ՝ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան առավելապես շփվում էր ադրբեջանական մամուլի հետ, հանդես էր գալիս հարցազրույցներով, տարածաշրջանային բոլոր այցելություններից առաջ նրա որեւէ մեկնաբանություն հայտնվում էր ադրբեջանական կայքերից մեկում կամ մի քանիսում:

Ի տարբերություն այսօր ռուս համանախագահ Իգոր Պոպովի, որը չի շփվում առհասարակ մամուլի հետ, նախկին ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ոչ շատ հաճախ, բայց երբեմն մեկնաբանություններով էր հանդես գալիս:

Կարելի է նույնիսկ վերհիշել ու համեմատել «նախկինների» հայտարարությունները, որպեսզի կարգավորման փիլիսոփայությունն ավելի պարզ լինի: 2005թ. մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարության, թե` հայկական կողմը պատրաստ է վերադարձնել 7 գրավյալ շրջանները, նշել էր. «Որ գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն՝ հայտնի էր դեռ մի քանի տարի առաջ»: Իսկ 2005թ. դեկտեմբերին նույն Մերզլյակովը ադրբեջանական ATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ պահպանվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Հիմա վաղաժամ է խոսել վերջնական պայմանավորվածությունների մասին, սակայն որոշակիորեն կարող եմ ասել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կպահպանվի»:

2009թ. մայիսին «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասում էր. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին եւ այլ տարածքներին, ապա դրանք քայլ առ քայլ, աստիճանաբար կվերադարձվեն Ադրբեջանին փախստականների հետ միասին: Սակայն Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարեց, որ նախ եւ առաջ պետք է լինի Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք: Սա մեծ քայլ է դեպի առաջ: Ալիեւը խոսել է նաեւ Ղարաբաղի բնակչության ինքնավարության իրավունքի մասին: Նա իր ազգին պատրաստում է բավական բարդ զիջումների»: Հարցին, թե արդյոք ամերիկյան քաղաքական գործիչը բանակցությունների ընթացքում առկա քննարկումները բաժանո՞ւմ է Ղարաբաղի եւ դրան շրջապատող շրջանների միջեւ, Բրայզան պատասխանել էր. «Նման բանակցություններ ընթանում են եւ հանդիսանում են մեր բանակցությունների կարեւոր մաս: Կարծում եմ, որ վերջիվերջո տարածքները վերադարձվելու են, իսկ Ադրբեջանից փախստականները վերադառնալու են տվյալ տարածքներ: Այժմ չեմ կարող ասել, թե ինչ է լինելու Ղարաբաղի հետ: Մենք գիտենք, որ Ղարաբաղին նոր կարգավիճակ է տրվելու: Թե ինչպիսին կլինի այդ կարգավիճակը՝ այժմ դժվար է ասել»:

Ի՞նչ է ասում այսօր ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- Երեւանում օրերս հայտարարեց Ուորլիքը` հավելելով, որ համապարփակ կարգավորումը «ներառում է նաեւ կարգավիճակի հարցը, եւ այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես այդ համապարփակ կարգավորման մի մաս»: Իսկ համապարփակ կարգավորման տարրերից մեկը, ըստ Ուորլիքի, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը. «Սա կետերից մեկն է ու բանակցությունների տարր»:

Ապա Ուորլիքը շեշտում է, որ Ստեփանակերտի իշխանությունների ձայնը պետք է տեղ գտնի կարգավորման մեջ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը նույնպես պետք է կարգավորման կենտրոնում լինի, որպեսզի համապարփակ կարգավորում լինի: Այլ հարցերը նույնպես՝ փախստականներ, անվտանգության երաշխիքներ, սրանք բոլորը համապարփակ կարգավորման տարրերից են»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը փոխանցեց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման նպատակով հնարավոր հանրաքվեի անցկացման ժամկետները եւ խաղաղապահների հնարավոր տեղակայման վայրերը պետք է հստակեցվեն բանակցությունների ժամանակ: Իսկ որպես վերջաբան՝ եւս մեկ ուշագրավ պարզաբանում ամերիկացի ներկայիս համանախագահի կողմից. «Հստակ է, որ Հայաստանը չի պատրաստվում տարածք վերադարձնել՝ առանց անվտանգության համապատասխան երաշխիքների: Ուստի նշել եմ անվտանգության երաշխիքների մասին՝ ներառյալ միջազգային խաղաղապահ ուժերի»:

«Սատանան մանրուքներում է», բայց այն, ինչ ասվել է այս 20 տարիների ընթացքում ռուս եւ ամերիկացի համանախագահների կողմից, ցանկության դեպքում կարելի է համեմատել եւ եզրակացություններ անել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031