Աշխարհի 70 երկրների քաղաքագլուխներ, այդ թվում՝ Նյու Յորքի, Փարիզի, Մադրիդի, Վարշավայի եւ Օսլոյի, հավաքվել էին Վատիկանում՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերով: Նրանք մասնակցել են երկօրյա սեմինարի, որ կրում է «Ժամանակակից ստրկությունը եւ կլիմայական փոփոխությունները» խորագիրը: Հռոմի պապը հավաքվածներին կոչ է արել ակտիվորեն զբաղվել բնապահպանական խնդիրներով եւ շրջակա միջավայրի պահպանությամբ, որը Աստծո պարգեւ է մարդկության համար:
«Ռադիո Վատիկանին» տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչու են հատկապես մեգապոլիսների քաղաքագլուխները հրավիրվել Վատիկան՝ մասնակցելու բնապահպանական թեմայով սեմինարին ու գիտաժողովին, արքեպիսկոպոս Մարչելո Սանչես Սորոնդոն նշել է. «Քաղաքագլուխները այն մարդիկ են, որոնք մոտ են ժողովրդին: Համաշխարհային բնակչության մեծ մասը կենտրոնացած է քաղաքներում, իսկ քաղաքագլուխներն առանցքային դեր ունեն աղքատության դեմ պայքարի եւ բնապահպանական խնդիրների լուծման հարցում»:
«Առավոտ» օրաթերթ
23.07.2015