Չարլի Չապլինի թոռնուհին՝ դերասանուհի Ունա Չապլինը, օրերս Հավանայում կայացած փառատոնի ժամանակ հայտարարել է, որ կսկսի միայն սցենարներ գրել: «Ես եւ կուբացի գործընկերս՝ Ամարիլիս Պոնս Մեսան, աշխատում ենք հետաքրքիր սյուժեի վրա՝ Կուբայում ընթացող փոփոխությունների վերաբերյալ: Իմ համոզմամբ` ներկայումս Կուբան մեծագույն մարտահրավերներ ունի, այստեղ հետաքրքիր գործընթացներ են գնում, եւ աշխարհի բոլոր անկյուններից մարդիկ ցանկանում են հաստատվել Կուբայում: Կուբայական մշակույթի մասին պետք է հենց կուբացիների շուրթերով խոսել»,- ասել է Ունան:
Չապլինի թոռնուհուն ժամանակին մեծ ճանաչում է բերել հատկապես «Գահերի խաղը» ֆիլմը, որտեղ նա մարմնավորել էր Ռոբ Ստարկի կնոջը: Հավելենք, որ Ունան Չարլի Չապլինի դստեր` դերասանուհի Ջերալդինա Չապլինի եւ կինեմատոգրաֆիստ Պատրիսիո Կաստիլիոյի դուստրն է: Չապլինի փեսան իր կյանքի մեծ մասն անցկացրել է Կուբայում: Ինչ վերաբերում է Ունային, նա եւս երկար տարիներ աշխատել է Կուբայի կինեմատոգրաֆիայի եւ կինոարտադրության ինստիտուտում:
«Առավոտ» օրաթերթ
23.07.2015