«Շիրակ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն այսօր շատ անտրամադիր էր, քանի որ թիմը, սեփական մարզադաշտում հյուրընկալելով շվեդական «ԱԻԿ»-ին, պարտվեց ու այսպիսով դուրս մնաց Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության հետագա պայքարից:
Վարդան Բիչախչյանը, գնահատելով այսօրվա խաղն, ասաց. «Խաղի սցենարը պարզ էր. դրսում մեր ուժերը պարտվել էին: Ներսում ոչ միայն պիտի մտածեինք հարձակման մասին, այլ նաեւ պետք է կարողանայինք ամբողջ խաղի ընթացքում անառիկ պահեինք դարպասը, քանի որ գիտակցում էինք, որ հակառակորդի մեկ գոլի դեպքում արդեն մեր դրությունն ավելի կբարդանար ու չորս գնդակ պետք է լիներ, որպեսզի կարողանայինք անցնել հաջորդ փուլ: Իմ կարծիքով խաղասկիզբը վատ չսկսեցինք. կարողացանք հարձակման գծում ագրեսիվ խաղով աչքի ընկնել ու մի քանի գոլային պահեր ստեղծել, սակայն պարզ իրադրությունում, երբ հակառակորդը որեւէ վտանգ չէր ներկայացնում, մեր պաշտպանը տարրական սխալ թույլ տվեց ու հակառակորդը հաշիվը բացեց»:
Հարցին՝ մի՞թե «Շիրակ»-ի պարտության պատճառն այն չէ՞ր, որ հիմնական ֆուտբոլիստները բացակա էին, մարզիչն ասաց, որ նրանց փոխարինողները հուսալի խաղով աչքի ընկան, բայց բացակա տղաները «Շիրակ» թիմի առանցքային խաղացողներն են: Մարզիչն ասաց, որ փոքր հիասթափություն կա իր մոտ, սակայն սպորտ է եւ շատ են լինում նման պահեր: «Ցավոք սրտի, այս տարի էլ չկարողացանք օգտագործել մեր շանսը ու ակումբի կողմից մեր առջեւ դրված առաջադրանքը կատարել…Բայց սպորտը երեւի ուժեղների համար է, որ պիտի կարողանանք, չեմ էլ ուզում շաբլոն դարձած նախադասությունը կրկնել՝ հետեւություն անենք, շարժվենք առաջ, քանի որ նման խաղերի մեկ տարի քրտնաջան աշխատում ես, որպեսզի կարողանաս նախ առաջնությունում մրցանակակիր դառնալ, որպեսզի գոնե նվաճես եվրոլիգայի կամ չեմպիոնլիգայի ուղեգիր, ու այդ առումով այս խաղերը հետեւություն անելու համար չեն: Նման խաղերում ընդհանրապես, նման մրցաշարերում յուրաքանչյուր մանրուք կարող է լինել ճակատագրական: Փաստորեն մենք երկու խաղում ունեինք շատ պատճառներ, որ երկրորդ փուլ չանցնեինք»:
Ըստ գլխավոր մարզիչի, հնարավոր է թիմից հեռացողներ լինեն ու նոր համալրումներ կատարվեն: Նա ասաց, որ ակումբի ղեկավարությունը քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ