Գիշերը Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի երկրպագուները հրավառություն են կազմակերպել Շիրակի մարզպետարանի մոտակայքում գտնվող նորակառույց «Գյումրի» հյուրանոցում հյուրընկալված շվեդական «ԱԻԿ» ֆուտբոլային թիմի անդամների ու մրցավարների համար՝ այսպիսով չթողնելով, որ վերջիններս հանգիստ քնեն: Բանն այն է, որ «Շիրակ» ֆուտբոլային թիմին Շվեդիայում անհյուրընկալ վերաբերմունք էին ցուցաբերել:
Սա էլ պատճառ էր դարձել, որ այսօր գիշեր գյումրեցի երկրպագուները արտահայտեին իրենց վիրավորանքը շվեդների հանդեպ: «ԱԻԿ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Անդրեաս Ալմը երկրպագուների նման պահվածքը բնական է համարում՝ նշելով, որ իրենք գիտեին, որ «Շիրակ»-ը երկրպագուներ ունի, որոնք իրենց ջերմ ընդունելության չպիտի արժանացնեին:
«Մենք այժմ գնալու ենք Հունաստան, որտեղ նույն կարգի երկրպագուներ ենք ակնկալում: Ճիշտ է, գիշերվա ընթացքում եղել է հրավառություն, բայց դա ամենավատ բանը չէ, որ մենք տեսել ենք: Ամեն ինչ նորմալ է, սա ֆուտբոլ է, կարեւորը ինչ կատարվում է մարզադաշտում, իսկ ընդհանուր ընդունելությունը շատ լավ էր: Եթե «Շիրակ»-ի երկրպագուներից ինչ-որ մեկը մատ է ցույց տալիս մեզ, մենք ընդունում ենք, որ նա երկրպագում է «Շիրակ»-ին, ոչ թե անձնապես ուղղված է մեզ»,-ասաց շվեդ մարզիչը: Գնահատելով այսօրվա խաղը՝ նա նշեց, որ առաջին խաղակեսում շվեդական «ԱԻԿ»-ի բախտը բերեց, որովհետեւ «Շիրակ»-ն ունեցավ 3-4 գոլային պահեր, բայց չիրացրեց ու ընդհանրապես գոլի հեղինակ չդարձավ:
Կարդացեք նաև
«Մենք առաջին խաղակեսում հեղինակեցինք 2 գեղեցիկ գոլեր, որը բերեց մենամարտի ավարտին, որովհետեւ այդ դեպքում «Շիրակ»-ը պետք է հեղինակեր հինգ գնդակ: Առաջին հերթին ուզում էի շնորհակալություն հայտնել «ԱԻԿ»-ի երկրպագուներին, որ այդքան երկար ճանապարհ կտրեցին-անցան ու եկան Հայաստան եւ ընդհանրապես բոլոր երկրպագուներին, ովքեր ներկա էին մարզադաշտում, դա մեզ համար մեծ փորձ է»,- ասաց Անդրեաս Ալմը:
Նշենք, որ շվեդ երկրպագուներն էլ Գյումրիում չփայլեցին իրենց բարեկիրթ պահվածքով, վերջիններս անգամ գարեջուր են ցփնել Վարդանանց հրապարակում իրենց ու հայ երկրպագուների միջեւ տեղի ունեցած բախումը նկարահանող հայ օպերատորի վրա, իսկ մարզադաշտում երբեմն երգում էին, երբեմն էլ սպիտակ սավաններ ծածանում: ՀՀ ոստիկանության զինված ուժերը կենտրոնացրել էին հենց շվեդ երկրպագուների մոտ՝ նրանց անվտանգությունը մարզադաշտում պահպանելու համար:
Շվեդիայի թիմի գլխավոր մարզիչը, գնահատելով «Շիրակ» ֆուտբոլային թիմի ուժերը, ասաց, որ առաջին խաղակեսում «Շիրակ»-ի 36 եւ 9 համարները մեծ անհանգստություն են պատճառել իրենց եւ առհասարակ շատ դժվար է «Շիրակ»-ի դեմ խաղալը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ