Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հիվանդություն ունենք միանգամից աղմուկ բարձրացնել». Փորձագետը՝ նոր Սահմանադրության մասին

Հուլիս 23,2015 21:55

Սահմանադրական իրավունքի մասնագետ, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծում դեռ առավելություններ է տեսնում, ոչ թե թերություններ:

«Նախագիծը, որը դրվել է շրջանառության մեջ ոչ միայն մարդակենտրոն է, այլեւ բազմաթիվ քայլերով առաջ է, քան մեր ներկայիս գործող Սահմանադրությունը: Այն, որ յուրաքանչյուր քաղաքացի կոնկրետ կկողմնորոշվի ու կունենա հստակ դատողություն, որ Հայաստանի հանրապետության կառավարման մոդելը խորհրդարանական է, սա արդեն շատ բաների մասին է վկայում: Քսան տարի շարունակ մեկս մյուսին համոզել ենք, որ կիսանախագահական մոդել է գործում, մյուսը, թե կիսախորհրդարանական մոդել է… ոչինչ չասող կարգավիճակ ունեցող պետության բնորոշումը եւ նմանատիպ այլ ոչ կատեգորիկ դրույթների ամրագրումը ստվեր էր գցում մեր Սահմանադրության վրա, ինչը այս պարագայում ունենք»,- ասաց փորձագետը:

Նա համաձայն չէ, որ նոր սահմանադրությամբ սահմանափակվելու են մարդու իրավունքները, ազատ խոսքի, հավաքի եւ այլ իրավունքներ: Նա այդ առումով վտանգ չի տեսնում նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակման հարցում.«Մենք չունենք բարձր ու պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք, բայց ամբողջապես զրկված չենք հասարակական կյանքին ակտիվ մասնակցելուց: Մնացած բոլոր հարցերը՝ մարդու ու քաղաքացու իրավունքների ու ազատությունների մասով Սահմանադրությամբ բավարար ձեւով ամրագրված է: Նույնիսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ամենամեծ ցանկության դեպքում այլ բան հնարավոր չէր, որովհետև ավտորիտար ռեժիմ ունեցող պետության կնմանվեն, եթե յուրաքանչյուր իրավունք ազգային փոքրամասնության համար Սահմանադրության մեջ առանձին սահմանեն: Սա կնշանակեր, որ ազգային փոքրամասնություններն այնքան խնդիրներ են ունեցել, այնքան ճնշված ու խտրականության մեջ են դրված եղել, որ այս մարդկանց միայն Սահմանադրությունը կփրկի»:

Նա Սահմանադրության նախագծում լուրջ թերություններ չի նկատել ոչ միայն որպես սահմանադրական իրավունքի փորձագետ, այլեւ ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի. «Միայն ունենալ Սահմանադրության յոթ գլուխներն ու ասել, որ հավաքների իրավունքը սահմանափակվում է, այս ինչը վատ է, այն ինչը ահավոր, ճիշտ չէ, մենք անցումային դրույթներ պետք է ունենանք…որոշ պետություններում անձանց իրավունքների սահմանափակումը պետության կողմից տարվող քաղաքականություն կարող է լինել եւ դա կարող են անել ոչ թե Սահմանադրությամբ, այլ ուրիշ օրենքների մակարդակով: Հետեւաբար Սահմանադրությունը սոցիալ-իրավական, քաղաքական փաստաթուղթ է:

Սա ավելի լուրջ է, քան մեզնից յուրաքանչյուրը պատկերացնում է: Հասարակության սխալն է, որ Սահմանադրությունը բերում, նույնացնում են շարքային օրենքի հետ: Մենք հիվանդություն ունենք, ընդամենը Սահմանադրության որոշ գլուխներ հանրության ուշադրությանը հանձնելուց հետո միանգամից աղմուկ բարձրացնել, ասել՝ սա հակասահմանադրական է, սա լավը չէ, սա շատ վատն է, այդ մերժողականության սինդրոմը խոսում է այն մասին, որ մենք չենք ուզում լավը տեսնել, վատն էլ քննադատել: Ասում ենք ՝ վերջ, եթե արել են, ուրեմն մենք չենք ընդունում»:

Նա վերջում հավելեց, որ կյանքի, անձանց, մարդու օրգանների վաճառքին վերաբերող որոշ դրույթներ Սահմանադրական փոփոխությունների նախագծում չափից դուրս մանրամասնեցված են: Նրա կարծիքով, այս մանրամասն դրույթները պետք է թողնեին ընթացիկ օրենքներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031