Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Որ ասում են Տեր-Պետրոսյան, ուրեմն Արուսն էլ հետն է»

Հուլիս 23,2015 21:40

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստում քննարկել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր: Սերժ Սարգսյանը ներկայացրել է Դոնալդ Տուսկի հետ իր հանդիպման արդյունքները, Հայաստան-ԵՄ հարաբերությունները. «Տեսաք, որ պարոն Տուսկը Երեւանում հայտարարեց, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին ԵՄ գործընկերներն ընկալումով են վերաբերվում եւ պատրաստվում են աշխատել նոր իրավական փաստաթղթի վրա»: Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձել է համանախագահների հետ հանդիպմանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է մեկնաբանում պարոն Շարմազանովը Սահմանադրական փոփոխությունների մասին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումները: Շարմազանովը հարցին հարցով պատասխանեց՝ մեկնաբանեմ ո՞ւմ, ՀԱԿ-ի՞ն. «Որ ասում են Տեր-Պետրոսյան, ուրեմն Արուսն էլ հետն է (մեջբերելով «Հարսնացուն Հյուսիսից»-ից նկատի ուներ ՀԱԿ-ը):

Շարմազանովի խոսքերով՝ քաղաքական բազմակարծություն է, եւ չեն էլ ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է կողմ լինեն Սահմանադրական բարեփոխումներին. «Բայց բնականաբար չհամաձայնելով ՀԱԿ քաղաքական ուժի ներկայացրած թեզերի մեծամասնության հետ, այնուամենայնիվ պիտի  նշեմ, որ ՀԱԿ-ը առաջընթաց է արձանագրել: Եթե նախկինում ՀԱԿ-ը մերժում էր Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումը, ապա տեքստից հիմա մեջբերումներ անելը, վերլուծություններ անելը, իրավական գնահատականներ տալը նշանակում է, որ ՀԱԿ-ը մտել է բովանդակային քննարկման մեջ: Փաստն այն է, որ  եթե նախկինում Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական ուժը մերժում էին Սահմանադրական բարեփոխումների քննարկումն իսկ, այսօր արդեն իրենք քննարկում են: Իսկ այն, որ իրենք դեմ են բարեփոխումներին, իրենց կարծիքն է: Սա դեռեւս նախնական տարբերակն է»:

Շարմազանովը վստահեցրեց, որ «ՀՀԿ-ի համար ամեն գնով Սահմանադրական բարեփոխումներն անցկացնելը գերնպատակ չէ»:

Հարցին՝ արդարադատության նախարարին ո՞վ է փոխարինելու՝ Շարմազանովը պատասխանեց, որ պաշտոնակատար կա, իսկ կադրային նոր նշանակման որեւէ հարց նիստում չի քննարկվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031