Ինչպես հայտնի է՝ քիչ առաջ ավարտվեց Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի խաղը շվեդական «ԱԻԿ»-ի հետ: «Շիրակ»-ը սեփական հարկի տակ 0։2 հաշվով ցավալիորեն պարտվեց շվեդներին: Սա անչափ ծանր տարան գյումրեցիները, որոնցից շատերը մանկահասակ երեխաների ու կանանց հետ եկել էին երկրպագելու սիրելի թիմին: «Մի գոլ, Շիրա՛կ, մի գոլի եղածն ի՞նչ է, խայտառակ եղանք, պրծեեեեեք, խփեեեեք»,- բառի իսկական իմաստով աղաչում էին գյումրեցիները:
Ու չնայած «Շիրակ»-ը պարտվում էր, գյումրեցիներն իրենց թույլ չէին տալիս քննադատական խոսքեր հնչեցնելու իրենց թիմի հասցեին, նրանք ավելի շատ իրենց մտահոգությունն ու ցավն էին հայտնում:
Հետաքրքիրն այն է, որ խաղի ընթացքում դեղին քարտ ցույց տվեցին թե՛ Շիրակի եւ թե՛ ԱԻԿ-ի մեկ ֆուտբոլիստների, երբ մրցավարը մատը պարզեց հայ ֆուտբոլիստի հետ խոսելիս ու դեղին քարտը ցույց տվեց, քիչ էր մնացել «Շիրակ»-ի երկրպագուները ցատկեին տեղից: «Դու մատ չպարզես, լակոտ, հերիք եղավ»,- հունից դուրս էին եկել երկրպագուները:
Կարդացեք նաև
Նրանք նաեւ նեղվում էին շվեդական թիմի ֆուտբոլիստների բարձրահասակ լինելուց: «Ի՞նչ եք բոյերդ առել, մեջտեղ ընկել»:
Տեսնելով, որ «Շիրակը» պարտվում է, շատերը լքեցին մարզադաշտը՝ չզայրանալու համար:
Նշենք, որ 8 ավտոբուսով Գյումրի էին բերվել ոստիկանության հատուկ զորքեր՝ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը, տեսնելով Գյումրիում տիրող լարված իրավիճակը ու երկրպագուների միջեւ ծագած միջադեպերը, «հրեշտակներից» բացի՝ այստեղ էր կենտրոնացրել ներքին զորքը: Վերջինս վայրկյաններ առաջ հեռացավ Գյումրիից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ