Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչիին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ճապոնիայի դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանում և Ճապոնիայում դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը նոր թափ կհաղորդի երկկողմ բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ճապոնիայի միջև քաղաքական երկխոսության ընթացքից և անհրաժեշտ համարել ջանքերի գործադրումը նաև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման և առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է երկու երկրների գործարար շրջանակների միջև հանդիպումների և գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա նախանշել համագործակցության նոր ուղղություններ և կյանքի կոչել համատեղ նոր ծրագրեր:
Դեսպան Տագուչին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ արդյունավետ գործընկերությունը ընդլայնելու և խորացնելու, ինչպես նաև երկկողմ կապերը սերտացնելու նպատակով: Դեսպանի համոզմամբ, Ճապոնիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը մեր երկրում շրջադարձային կարող է լինել հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների աշխուժացման ու զարգացման համար: Էյձի Տագուչին ևս կարևորել է հայ և ճապոնացի գործարարների միջև կապերի սերտացումը և բիզնես ֆորումների անցկացումը:
Անդրադառնալով հայ-ճապոնական փոխգործակցության զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման և ընդլայնման շուրջ: Վարչապետը նաև գոհունակություն է հայտնել միջազգային ասպարեզում երկու երկրների միջև առկա համագործակցության ընթացքից և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցության համար:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն