Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ ФСБ-ի ուղղակի սպառնալիք՝ ՀՀ-ի իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ». Սաքունց

Հուլիս 23,2015 17:54

Օրերս հրավիրած ասուլիսում Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը քաղաքացիական հասարակության մասին իրենց գիտահետազոտական աշխատանքը ներկայացնելիս՝ հայտարարել էր, որ պետական մակարդակով վերահսկողություն է պետք ՀԿ-ների վրա: Նա ասել էր, որ տասնյակ կազմակերպություններ կան, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, մեծ քանակի դրամաշնորհներ են ստանում եւ ուզում են ՀՀ-ում հեղափոխություն իրականացնել: Իսկ թե որ ՀԿ-ներն են, որոնք ՀՀ շահերին ուղղված աշխատանքներ են տանում, ըստ նրա, դրանցից են մասնավորապես Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, Կանանց ռեսուրսային կենտրոնը, «Նոր սերունդ» հումանիտար ՀԿ-ն եւ այլն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց. «Այդ կազմակերպությանը ես լուրջ չեմ ընդունում: Ավելի շատ լուրջ է նրանց թիկունքում կանգնած կազմակերպությունը, որը ռուսական կառույց լինելով հանդերձ, նաեւ իմ սուբյեկտիվ կարծիքով, ռուսական պետական կառույցի ներկայացուցիչն է՝ ФСБ-ի: Այնպես որ խոսքն ավելի շատ վերաբերվում է ռուսական քաղաքական շրջանակների՝ Կրեմլի անմիջական տեսակետի արտահայտման մասին՝ տեղական հասարակական կազմակերպության խողովակով: Լիովին տեղավորվում է ռուսական իրականության մեջ այն միտումներին, որն արտահայտվել է Արտասահմանյան ագենտների մասին օրենքի ընդունմամբ եւ մի ամբողջ շարք իրավապաշտպան կազմակերպություններ արտասահմանյան ճանաչելու, նրանց նկատմամբ հետապնդում իրականացնելու՝ ապօրինի խուզարկություններ, այդ կազմակերպությունների գործունեությունը փակելու սպառնալիքով: Այնպես որ, դա լիովին տեսնում եմ այս համատեքստում»:

Թե արդյոք իրենց կազմակերպությունը ՀՀ ազգային պետական շահերի դեմ է աշխատում՝ Արթուր Սաքունցն ասաց, որ եթե այդ հարցով բավարար հիմքեր կան, դրանով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը: Այլապես դա կարելի է համարել ինչ-որ մեկի կարծիք, որն իրականության հետ բացարձակապես կապ չունի. «Մեր ֆինանսական բոլոր աղբյուրները հրապարակային են, մենք թաքցնելու ոչինչ չունենք, ի տարբերություն ռուսական խողովակից օգտվողների, որոնց ոչ ծագումն է հայտնի, ոչ ֆինանսական աղբյուրները: Սա ես համարում եմ ռուսական անվտանգության ծառայությունների եւ նրանց քաղաքական շրջանակների ուղղակի սպառնալիք՝ արդեն Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունների եւ նրանց գործունեության նկատմամբ»:

Ինչ վերաբերում է գունավոր հեղափոխությանը, Արթուր Սաքունցը հայտարարեց. «Եթե ես ունենամ հնարավորություն, ապա անպայման կանեմ, որովհետեւ գունավոր հեղափոխությունն այն ճանապարհն է, որն իրականացնում է իշխանության գործունեության որակական փոփոխություն, երբ իշխանությունն իրեն դնում է օրենքից դուրս: Մեր գործունեությունն ուղղված է օրինականության հաստատմանը եւ պահանջելու, որպեսզի իշխանության մարմինները գործեն ամբողջությամբ ՀՀ Սահմանադրության սկզբունքներին, նաեւ ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային նորմերին համապատասխան: Եթե դա համարվում է գունավոր հեղափոխություն, արձանագրում ենք, որ ՀՀ եւ ՌԴ իշխանությունները, գործում են ոչ իրավական դաշտում: Այն օրենսդրական դաշտը, որը ՌԴ-ում հիմա ձեւավորված է, ամբողջովին իր բովանդակությամբ հակաիրավական է, եւ հիմա փորձ են անում Հայաստանում նաեւ նման իրավիճակ ստեղծել»:

Նա ասաց, որ եթե իշխանությունը գործում է հակաիրավական դաշտում, ապա նրա գործունեության բողոքարկում է պետք, որը շատերի համար գունավոր հեղափոխություն անվանումն ունի, բայց միանշանակ հանդիսանում է իրավական դաշտում իշխանությանը տեղավորելուն ուղղված գործողություն. «Այնպես որ, սարսափում են նրանք, որոնք հակաիրավական են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Վարդինե ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031