Հայաստան կատարած այցելությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել են Վիեննա եւ հանդիպումներ են անցկացրել: Այս մասին, ըստ Day.az-ի, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Մենք Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական նիստն ենք անցկացրել եւ մեր գործընկերներին տեղեկացրել ենք բանակցությունների մասին»,- մասնավորապես ասել է նա:
Ըստ Պոպովի՝ Բաքվում նրանք արդեն հանդիպել են Ադրբեջանի նախագահի հետ եւ քննարկել են բանակցությունների գործընթացի ներկայիս վիճակը. «Մենք հույս ունենք, որ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ կդառնա: Հույս ունենք, որ կանցկացնենք եւս մի քանի հանդիպումներ, սակայն անհայտ է, երբ դրանք կկայանան»:
Ռուսաստանից համանախագահը նաեւ ասել է, որ բանակցությունների գործընթացին միշտ վերաբերվել է զգուշավոր լավատեսությամբ. «Հուսով ենք, որ կկարողանանք առաջ շարժվել: Առջեւում մեզ հանդիպումներ են սպասվում: Ես չգիտեմ՝ արդյոք կկայանա այդ հանդիպումը օգոստոսին, քանի որ սկսվում է արձակուրդների շրջանը: Հուսով ենք, որ հանդիպումները կշարունակվեն սեպտեմբերին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ