Aravot.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ իր պաշտոնավարման ժամանակ բանակում կաշառքի մասին, թե ինչպես էին այն ժամանակ որոշ պաշտոնյաներ խաբում զորակոչիկների ծնողներին եւ կաշառք վերցնում՝ մատը մատին չտալով նրանց երեխաների համար:
Հարցին՝ Ձեր ժամանակ բանակում կաշառք կա՞ր՝ նա պատասխանեց. «Իհարկե: Հիմնական կաշառակերությունը զորակոչի պահն է: Պայքարում էինք: Ասենք թե մինչեւ վերջ մի հոգի գիտեր, թե ով ուր պիտի գնա, նույնիսկ շտաբի պետը չգիտեր: Վերջին պահին ես ասում էի՝ այս խումբը գնում է այստեղ: Բայց փողը ոնց էին աշխատում՝ ասենք, զինկոմիսարիատը պետք է ուղարկեր 30 հոգի Ղարաբաղ, մնացած 70 հոգին՝ Հայաստանի տարածքում: Հիմնականում կաշառք տալիս ասում են՝ Ղարաբաղ մի ուղարկեք: Ասենք, 100 հոգի իր մոտ գալիս է, ինքը սաղին ասում է՝ եղավ, Ղարաբաղ չեմ ուղարկի: Հետո, երբ այդ 30-ը ընկնում են Ղարաբաղ, ինքն ասում է՝ դե, չստացվեց, էս էլ ձեր փողը: Ու այն 70 հոգու փողը վերցնում է, բայց ինքը ոչ մի բան չի արել»:
Մեր զարմանքին, որ ահա թե ինչպես են որոշ պաշտոնյաներ զորակոչիկների ծնողներից կաշառք վերցնում՝ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Այո, հասկանում եք, պայքարում էինք, բայց դրա դեմը չես կարող առնել»:
Նրա խոսքերով՝ «Սովետի ժամանակ ոնց էր՝ ամեն ինչ անում էին, որ, ասենք, չընկնեին Կամչատկա, փող էին տալիս, ծանոթ էին գտնում: Հիմա Հայաստանում մի քանի ժամում կարող ես Ղարաբաղ հասնել, բայց ծնողներն էլի միջամտում են, թե՝ չէ, թող այնտեղ չընկնի: Վաղը, եթե նույնիսկ մտցնես, որ ծառայեն իրենց մարզում, ասենք, էլի կխոսեն, թե՝ չէ, այստեղ չէ, թող այստեղ լինի: Հայի խասիաթ է: Ծնողը պիտի ցույց տա, որ երեխու մասին հոգ է տանում, դա սխալ է»:
Կարդացեք նաև
Վաղարշակ Հարությունյանը վստահեցրեց, որ հիմա բանակում կաշառքի հարցը խստացել է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ