Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ ուժեղ ազգի կերպարով ներկայանալ». բեմանկարչուհի

Հուլիս 23,2015 17:40

Հուլիսի 28-ին՝ ժամը 19:30-ին, Միրզոյան գրադարանում կցուցադրվի Վահան Ստեփանյանի, Տիգրան Համասյանի, Լիլիթ Ստեփանյանի և Նելլի Բարսեղյանի “Red hail…because it never ends” («Կարմիր կարկուտ… որովհետև այն երբեք չի դադարում») ֆիլմը: Սա ֆիլմի հայաստանյան առաջին ցուցադրությունն է, իսկ մինչ այդ այն հասցրել են դիտել բազմաթիվ օտարերկրացիներ:

Հիշեցնենք, որ Պրահայի 13-րդ միջազգային Քվադրինալեին (հունիսի 18-28) շուրջ 70 մասնակից երկրների կողքին Հայաստանը ներկայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով: Վերջինս կառուցվածքային առումով բաժանված է 2 մասի՝ վիդեո ինստալյացիա և առարկայական ինստալյացիա, սակայն մատուցման տեսակետից մեկը մյուսին լրացնելով՝ դառնում են մեկ ամբողջություն:

«Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան որպես գաղափար ձևավորվել է մեկ վավերագրական լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարը վերնագրված է «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» (Մուշ, 1910 թ.)՝ արված նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից, որն ականատես է եղել հայոց ջարդերին և իր օգնությունն է ցուցաբերել հայ կանանց ու երեխաներին: Երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից մշակված Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» Հարության տաղն է:

Ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը հայ հանդիսատեսին կներկայացնի նկարահանման սկիզբը, ընթացքը՝ ուշագրավ մանրամասներով: Բացի ֆիլմի ցուցադրությունից, Լիլիթ Ստեփանյանն ու Նելլի Բարսեղյանը կխոսեն Պրահայի 13-րդ Քվադրինալեում հայկական ցուցադրության գաղափարի մասին, իսկ Տիգրան Համասյանը կպատմի իր «Լոյս ի Լուսոյ» նախագծի՝ Հայաստան, Վրաստան և Թուրքիա շրջագայությունների մասին:

«Ցանկացած հայ իր պարտքն է համարում Ցեղասպանության թեմայով ինչ-որ բան ասելու, և մենք էլ բացառություն չենք»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց բեմանկարչուհի, «Կարմիր կարկուտ» նախագծի համահեղինակ և համադրող Նելլի Բարսեղյանը:

Փառատոնը, նրա խոսքով, հիանալի հնարավորություն էր մեր ցավը օտարներին ազդեցիկ ձևով ներկայացնելու առումով. «Կարևոր էր նաև այն, որ զոհի հոգեբանությամբ չներկայացանք. մենք ցույց տվեցինք, որ, ճիշտ է, դուք կոտորեցիք մեզ, երեխաները մահացան, բայց տեսեք՝ արհավիրքից հետո ինչքան հզոր սերունդ ունենք, հարյուր տարի հետո ինչքան երեխաներ կան, որոնք ապրում են, ուրախանում, խաղում…»:

Դառնալով տարածված կարծիքին, թե ապրիլի 24-ից հետո Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների թիվն զգալիորեն պակասել է՝ մեր զրուցակիցը համաձայնեց, որ դրանք այն թափով չեն արվում, ինչ մինչև ապրիլի 24-ը, բայց արվում են: Նույնիսկ առանձին անհատներ են ինչ-որ բաներ անում. «Կարծում եմ՝ պետք չէ միջոցառումների քանակով որոշել. կարևորը դրանց որակն է և ուղերձը՝ ինչ ես ուզում ասել, ինչ ես ցույց տալիս: Անձամբ ինձ դուր չի գալիս, որ խնդրին շատ են զոհի կերպարանքով մոտենում: Ես ուզում եմ վերածնված, ուժեղ ազգի կերպարով ներկայանալ»,- ամփոփեց Նելլի Բարսեղյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031