Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Երիցյան. «Պատկերացրեք՝ որեւէ պատգամավոր թեստ գրի ու «կտրվի»

Հուլիս 23,2015 16:47

Ըստ Սահմանադրության նոր նախագծի 47 հոդվածի՝ «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Aravot.am-ը ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանից հետաքրքրվեց՝ եթե այդ նախագծով պատգամավորը պետք է տիրապետի պետական լեզվին, ապա ինչո՞ւ լեզվի տիրապետման պահանջ չի ներկայացված կառավարության անդամներին կամ հենց նույն նախագահին, ու վերջինիս դեպքում ընդամենն ասվում է. «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, առնվազն վերջին յոթ տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

«Դա դեռեւս նախագիծ է, որը քննարկման փուլում է: Անձամբ ես մտածում եմ, որ մեր մոտեցումն է այլ պետք է լինի՝ մեր ղեկավար մարմինները, ովքեր ստացել են եւ բարձրագույն կրթություն, պետք է որ տիրապետեն հայերենին: Անկեղծ ասա, ես չեմ պատկերացնում, թե հայերենին տիրապետելը ստուգելու ինչ մեխանիզմներ պետք է կիրառել, պարզելու համար պատգամավորների, կառավարության անդամների հայերենի իմացության մակարդակը»,- տարակուսանք հայտնեց Սերգո Երիցյանը:

Մեր ռեպլիկին, որ դա կարող է դիցուք մայրենիի տարրական իմացությունը ստուգող թեստ լինել, Լեզվի տեսչության պետը պատասխանեց. « Տարրական գիտելիքները ստուգվել են, երբ մարդիկ ավարտել են դպրոցը եւ բուհ ընդունվել: Առանձին երկրներում սա պարտադիր է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Նրանք պարտավոր են տիրապետել տվյալ երկրի լեզվին: Ինչ վերաբերում է մեր երկրին, մեր հանրապետությանը, մի քիչ այլ մոտեցում պետք է լինի: Ինչ-ինչ շեղումներ, որ տեսնում ենք Ազգային ժողովում կամ կառավարման տարբեր համակարգերում ղեկավարների մոտ, կարող ենք ավելի արագ հաղթահարել, քան դա սահմանադրական պահանջ դարձնելը: Մի խոսքով, մտածելու ու քննարկելու խնդիրներ կան:

Ուրիշ խնդիր է, որ քաղաքական կուսակցությունները, ուժերը, քանի որ անցնում ենք համամասնական ընտրական համակարգի, իրենց թեկնածուներին ընտրելիս, պետք է հաշվի առնեն ոչ միայն նրանց լեզվական, այլեւ կրթական մակարդակը, այդ դեպքում անհրաժեշտություն չենք ունենա սահմանադրական նորմ սահմանելու՝ լեզվի տիրապետելու հետ կապված: Մենք պարտավոր ենք Հայաստանի Հանրապետության տարածքում՝ լինելով ՀՀ քաղաքացիներ, մայրենիի նվազագույնին տիրապետել:

Պատկերացրեք՝ որեւէ պատգամավորության թեկնածու կամ պատգամավոր հանկարծ ինչ-որ թեստ է գրում ու ուսանողական լեզվով ասած «կտրվում» է: Եվ սա այն դեպքում, երբ այդ մարդը կենսագրություն ունի, անցել է ճանապարհ, քաղաքական ճանապարհ… Ուրիշ խնդիր է, որ ամեն կերպ պետք է մեր երկրում նպաստենք, որ Ազգային ժողովը, նախարարությունները, ղեկավարությունը մեր լեզվի նկատմամբ նախանձախնդիր լինեն, դպրոցում լեզուն այնպես ուսուցանվի, որ յուրաքանչյուր դպրոց ավարտած աշակերտ ունենա լեզվական շատ բարձր մակարդակ, եւ դա հիմք լինի, որ որեւէ մեկը, որ պատգամավոր կցանկանա դառնալ, նախարար, թե նախագահ, ունենա լեզվական այդպիսի գիտելիքներ, ու այդ դեպքում սահմանադրական նորմի կարիք չենք ունենա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ժաննա Հակոբջանյան says:

    Այնպիսի տպավորություն է, որ Սերգո Երիցյանը Հայաստանում չի ապրում ու բոլորովին տեղյակ չէ պատգամավորների, կառավարության անդամների…հայերենի իմացության մակարդակին:
    Ի դեպ, Ձեր «հոդվածի» կեսից ավելին Երիցյանի բանավոր խոսքերն եք մեջբերել, որտեղ, նույնպես առկա են սխալներ…ու հարց է առաջանում, թե ո՞վ, ու՞մ և ինչպե՞ս պետք է մայրենի լեզվի իմացությունը ստուգի…

  2. Գեւորգ says:

    Ինչու միայն հայերեն լեզվից? Հարցերը պետք է լինեն բազմակողմանի եւ ընդգրկուն, ասենք միջազգային հարաբերություններ, փիլիսոփայություն, պատմություն, աշխարհագրություն, մի քիչ էլ մաթեմատիկա, ինֆորմատիկա եւ այլն, այլապես ինչ ղեկավար կամ ազգի ընտրյալ —!

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031