Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշագիր. «Կարող է վերանալ հակամարտության գոտում օտար խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը»

Հուլիս 23,2015 16:32

ՀՈՒՇԱԳԻՐ

23.07.2015

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներկայումս որոշակի դիվանագիտական աշխուժացում է նկատվում, որի հիմքում, սակայն, դրված չէ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների փաստացի մերձեցման հանգամանքը:

Միջնորդների կողմից շրջանառության մեջ դրված «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող խաղաղ կարգավորման հիմնարար թեզերը հնարավորություն են ընձեռում հակամարտող կողմերին տարբեր կերպ մեկնաբանելու դրանցում ներառված հիմնադրույթներն ու առաջնահերթությունները: Ընդհանուր առմամբ, «Մադրիդյան սկզբունքները» նախատեսում են խաղաղ կարգավորման մի այնպիսի բանաձև, որի  համապարփակ կիրառման դեպքում հայկական զինուժը դուրս է բերվելու ԼՂՀ  նախկինում առավելապես ադրբեջանաբնակ տարածքների մեծ մասից, ուր պետք է վերադառնան նախկին բնակիչները, որից հետո՝ հանրաքվեի միջոցով Արցախի բնակչությունը պետք է որոշում կայացնի երկրամասի հետագա ճակատագրի վերաբերյալ, իսկ պաշտոնական Բաքուն էլ կանխավ կճանաչի այդ որոշման իրավաչափությունը:

Վերը նշված մոտեցումներն ութ տարի առաջ բաց շրջանառության մեջ դրվելուց և համակողմանիորեն քննարկվելուց հետո էլ գերազանցապես բացասաբար են ընկալվում Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի հասարակությունների ու քաղաքական վերնախավերի կողմից: Բանն այն է, որ տվյալ բանաձևի կիրառումն ինքնին չի ապահովում հակամարտության մեջ ներգրավված երեք պետական կազմավորումների և հայերի ու ադրբեջանցիների միջև փոխվստահության հաստատումը, քանի որ չի համապատասխանում նրանց մոտ առկա՝ արդարացի լուծման վերաբերյալ եղած  պատկերացումներին:

Այդ կարգի անհամապատասխանության առավել ծանրակշիռ օրինակն է փախստականների  ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց հիմնախնդրի համատեքստում հայերի և ադրբեջանցիների հետագա ճակատագրի հանդեպ դրսևորած ասիմետրիկ վերաբերմունքը, թեև «Մադրիդյան սկզբունքներ» ճանաչում են բոլոր փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց՝ իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքը, այդուհանդերձ, հակամարտության գոտում ապրած ադրբեջանցիների մասով նախատեսված է այդ վերադարձն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմը, իսկ 1988թ. փետրվարի 26-ից հետո Ադրբեջանից վտարված ավելի քան կես միլիոն հայերի ու 1988թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանից վտարված հազարավոր ադրբեջանցիների խնդիրը բաց է մնում:

Բաց է մնում նաև տասնյակ հազարավոր էթնիկ խառն ընտանիքների հարցը՝ այդ ընտանիքներն իրենց միասնականությունը պահպանելու համար ստիպված են եղել հեռանալ երրորդ երկրներ:

«Մադրիդյան սկզբունքներ» համատեքստում անտեսված մարդկանց հսկայական զանգվածի առկայությունն ու խնդիրը բացառապես հակամարտության մեջ ներգրավված երկրների և օտար դերակատարների ռազմաքաղաքական շահերի ծիրում լուծելու միտումը իրական հաշտեցման և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար մեծագույն խոչընդոտն է՝ այդ մոտեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ դրա հիման վրա ձեռք բերված լուծումը գնահատվելու է  որպես կողմերից մեկի հաղթանակ:

Մինչդեռ խնդրի կարգավորման արդյունքում երկարաժամկետ խաղաղությունը և ժողովուրդների իրական հաշտեցումը  հնարավոր է՝ գոյություն ունի հակամարտության ամբողջական ժամանակագրության  և դրա արդյունքում բոլոր տուժածների իրավունքների ու շահերի համարժեք ընկալման հիման վրա ձևակերպված այն բանաձևը, որի կիրառման դեպքում կարելի է ապահովել կողմերի համար ընդունելի արդարության այն ընդհանրական սկզբունքը, որը նաև կպարունակի տարածքային հարցերը լուծելու համար անհրաժեշտ բանալին և կվերացնի փոխադարձ անվստահությունը և թշնամանքը ծնող ու սնուցող հիմնական գործոնները:

Դրա կիրառման  դեպքում ոչ միայն կարող է վերանալ հակամարտության գոտում օտար խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտությունն, այլև կկանխվի որևէ երրորդ պետության կողմից «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևի կիրառման հարցում շահագրգիռ միջնորդի դերը ստանձնելու արդյունքում տարածաշրջանում ռազմաքաղաքական հեգեմոնիա հաստատելու հեռանկարը:

 

«Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031