Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան «Մարդը կանգնած է պատի տակ ու նահանջի տեղ չունի»

Հուլիս 23,2015 16:07

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արել է դարակազմիկ հայտարարություն՝ «Առանց Ադրբեջանի և մյուս հարևանների հետ հարաբերությունների նորմալացման Հայաստանի ճակատագիրը կարող է անկանխատեսելի լինել»: Նա պատասխանել է նաև Երևանում Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրող հայտարարությանը: Իլհամ Ալիևը գտնում է ՀՀ նախագահի մեղադրանքները անհեթեթ և համարում է, որ նա «վերջին մարդն է, ով կարող է խոսել ժողովրդավարությունից, լինելով 2008 –ին Հայաստանի նշանակած ղեկավար իր նախորդի կողմից»:

«Ինչու՞ է մոլեգնում Իլհամ Հեյդարովիչը»՝ հարցրեցինք Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.

-Երբ բուն ասելիք չկա, ուզես-չուզես պիտի դեմագոգիա անես: Իլհամ Հեյդարովիչի համար դա սովորական շփման ձև է՝ շանտաժ ու դեմագոգիա, որովհետև անկախության անցած տասնամյակներին, դժբախտաբար, Ադրբեջանը քայլ իսկ չմոտեցավ ժողովրդավարությանը: Առաջին տարիներին արագ-արագ փոխելով նախագահներին՝ Ադրբեջանի ժողովուրդը նորից հայտնվեց Ալիևների կլանի իշխանության մեջ: Հորից գահը ժառանգած ու ցմահ նախագահի կարգավիճակն իր համար սահմանադրորեն հաստատած որդին իսկական չարիք է իր երկրի համար, որ բարեհաջող կանխում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում որևէ տեղաշարժ, ավելին՝ արգելակում է Ադրբեջանի տնտեսության զարգացումը՝ իր կլանի ձեռքում կենտրոնացնելով երկրի ամբողջ ռեսուրսները: Ի՞նչ ասի Իլհամ Ալիևը, ասի՝ Սերժ Սարգսյանը ճի՞շտ է, ես խան եմ նշանակվել հորս ձեռքով, իսկ ինքը ընտրվել ու վերընտրվել է ժողովրդավարական, մրցակցային ընտրություններով; Ասի՝ Եվրոպական խաղերից առաջ, ընթացքում ու հետո համաշխարհային մամուլը ճի՞շտ էր, որ մեղադրում էր Բաքվին, ասի՝ ճի՞շտ է սեփական ժողովրդին ունեզրկելով ցուցադրական շքեղության կազմակերպումը, երբ Բաքվում շենքեր են փլվում ու տասնյակ զոհեր են լինում: Ասի՝ երբ ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ՄԱԿ-ը պատմության մեջ առաջին անգամ համատեղ փաստաթուղթ են ստորագրում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման անթույլատրելիության վերաբերյալ, ճի՞շտ են:

Երբ ԱՄՆ Պետդեպարտամենտն այդ հարցը բարձրացնում, ճի՞շտ է: Մարդը կանգնած է պատի տակ ու նահանջի տեղ չունի՝ նա կամ պիտի ընդունի մեղադրանքները, կամ հակահարձակ լինի՝ ուրիշներին հակադարձելով հենց այն, ինչի մեջ ինքը մեղավոր է: Իլհամ Ալիևը հոյակապ տեղավորվել է զոհի կարգավիճակում ու իրեն շատ լավ է զգում՝ ուրիշ բացատրություն չկա: Իսկապես՝ Ադրբեջանը աշխարհում ամենավերջին պետությունն է, որ իրավունք ունի խոսել ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, այն էլ՝ արդարանալու համար միայն, բայց դա կլիներ սխալների գիտակցման ու ուղղման ճանապարհ, որը Իլհամ Ալիևին հակացուցված է: Շփման նրա նախընտրած տեսակը սուտն է, սիրած օծանելիքը՝ նավթը, ուտելիքը՝ խավիարը, տարադրամը՝ դոլարը:

-Բայց Իլհամ Հեյդարովիչը մտահոգ է Հայաստանի համար ու ուզում է, որ հարևանների հետ հարաբերությունները նորմալանան:

-Իլհամ Հեյդարովիչը թող գիշերները հանգիստ քնի՝ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի հարևան Վրաստանի ու Իրանի հետ: Եթե «հարևաններ» ասելով՝ Ալիևը հասկանում է միայն Թուրքիան, Թուրքիայի նախագահը, կարծում եմ, առանց Ալիևի՝ իր ոտքի տակ ընկնելու, կարող է իր երկրի արտաքին քաղաքականությունը վարել: Եթե ակնարկում է ադրբեջանաթուրքական տանդեմը, շահերը որքան միացնում, նույնքան բաժանում են հաճախ, պետք չէ ուրիշի լացը լացել: Իսկ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները նորմալացնելու համար իսկապես Իլհամ Ալիևը  «վերջին մարդն է, որ կարող է այդ մասին խոսել»:

«Հայաստան» անունը լսելիս՝ ավտոմատ միանում է Իլհամ Ալիևի ուղեղում դրված «ծրագիրը» ու նա նույնքան ավտոմատ կրկնում ագրեսորի, օկուպացված տարածքների, փախստականների, զոհի պատմությունը: Ու ո՞նց է հզոր, ժողովրդավար, ծլող-ծաղկող Ադրբեջանը զոհ դարձել աղքատ, փոքր, անկանխատեսելի ապագայով, հազիվ հազ ծայրը ծայրին բերող Հայաստանին: Զոհի ու ագրեսորի բացահայտ հակառակ պատկերացումներ են ու տեղերը փոխել է պետք:

-Իլհամ Հեյդարովիչն ասում է, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը բազմազգ ու բազմակրոն երկիր է, տուն՝ տարբեր կրոնների ներկայացուցիչների համար ու օրինակ՝ տարբեր էթնիկ խմբերի ու կրոնների խաղաղ գոյակցության:

-Ճիշտ է ասում, որովհետև ինչպես Թուրքիայում չեն եղել ու չկան օսմաններից բացի այլ ազգեր, այնպես էլ Ադրբեջանում բոլորն ադրբեջանցի են՝ լազերը, թալիշները, օսերը, թուրքերը, ռուսները: Եթե սունիների ու շիաների խաղաղ գոյակցությունը կողք-կողքի նկատի ունի, էլի ճիշտ է, բայց նրանք ավելի շատ գոյակցում են միմյանց դեմ կռվով: Իսկ եթե խաղաղ գոյակցության լավագույն ձևը խաչքարերի դեմ հաղթական պատերազմն է պատկերացնում, նորից ճիշտ է՝ ոչնչացրել ու ոչնչացնում են ինչ կա՝ քրիստոնեական ու խաղաղ գոյակցում են ավերակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031