Ուկրաինան Հայաստանի համար չափազանց կարևոր երկիր է` չնայած հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները ներկայումս աննշան մակարդակի վրա են` ի հակառակ առկա ներուժին: Այն թե′ եվրոպական, թե′ Եվրաատլանտյան անվտանգության համակարգում Արևելյան գործընկերության կարևորագույն երկիրն է իր մասշտաբով և նշանակությամբ:
Ուկրաինայի դերը և տեղը պատկերացնելու համար նշանակալից է դարձել Զբիգնև Բժեզինսկու հետևյալ բանաձևը[1]. «Առանց Ուկրաինայի Ռուսաստանը դադարում է լինել կայսրություն, իսկ կաշառված, այնուհետև հնազանդեցված Ուկրաինայի հետ Ռուսաստանն ուղղակիորեն վերածվում է կայսրության»: Շարունակելով միտքը` կարելի է ասել, որ դրանով իսկ ուղղակիորեն ճանապարհ է բացվում Խորհրդային Միության փլուզումից հետո վերածնված հայկական պետականության չեզոքացման համար, առնվազն նոր ռուսական կամ եվրասիական կայսրության ազդեցության գոտում նրա ընդգրկմամբ:
Նախագահ Յանուկովիչի փախուստից և Մայդանի հաղթանակից հետո Ուկրաինայում նոր իշխանության ձևավորմամբ սկսվել են արմատական բարեփոխումներ, որոնք ընդգրկում են բոլոր ոլորտները` անվտանգության և պաշտպանության համակարգը, տնտեսությունը, իրականացվում է ապակոմունիստացում, անցյալի և արժեքների վերագնահատում, ընթանում է քաղաքական ազգի կայացման գործընթաց: Բարեփոխումներն ընթանում են մեծ դժվարությամբ, ազդեցության առանձին խմբերի սաբոտաժի և դիմադրության, ռուսական հեռուստատեսության միջոցով փաստացի տեղեկատվական ահաբեկչության պայմաններում, ինչպես նաև Արևմուտքի կողմից այդպիսի մարտահրավերին անպատրաստ լինելու ու շարունակվող շոկի խորապատկերին:
Ուկրաինայում գործընթացների ելքը կկանխորոշի ոչ միայն ուկրաինական պետականության, այլ նաև ամբողջ հետխորհրդային երկրների, այդ թվում նաև` Հայաստանի ապագան: Ըստ այդմ, դրանից մեծապես կախված կլինի, թե Հայաստանն ինչպիսի Ռուսաստանի հետ գործ կունենա` կայսերական, թե ոչ կայսերական:
Կարդացեք նաև
Հայ համայնքի թվաքանակով Ուկրաինան Ֆրանսիայից հետո երկրորդ եվրոպական երկիրն է: Հայ համայնքը սերտորեն ինտեգրված է ուկրաինական հասարակությանը, բավականին կազմակերպված է և գործում է ուկրաինական հասարակության և պետության օրակարգին համապատասխան: Ըստ բնակչության` 2001թ-ին անցկացված մարդահամարի` հայկական համայնքի բնակչությունը կազմում էր 100 հազար մարդ: 2010թ. Հայաստանում Ուկրաինայի դեսպան Բոժկոն նշեց 300 հազար թիվը` նկատելով, որ վերջին 20 տարիների ընթացքում հայերի թիվն ավելացել է 10 անգամ: Ըստ Ուկրաինայի հայերի միության չփաստաթղթավորված տվյալների` նրանց թվաքանակը հասնում է 400-500 հազար մարդու:
Ուկրաինայի հայերն ամենաակտիվ մասնակցությունն են ունենում ռուսական ագրեսիայից Ուկրաինայի պաշտպանության գործում: Ըստ Գերագույն ռադայի պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկու[2]` Ուկրաինայի արևելքում ընդդեմ ռուսամետ գրոհայինների և ռուս զինվորականների, մարտերում կռվելով ուկրաինական զինված ուժերի` Ազգային գվարդիայի և կամավորական ջոկատների շարքերում` զոհվել են 52 կամավորական հայեր: Այդ թիվը հաստատեց նաև Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը[3]:
Այդուհանդերձ, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունները մնում են չափազանց ցածր մակարդակի վրա, երկկողմ կապերի հաստատման գործում քիչ է օգտագործվում երկու երկրների հասարակությունների ներուժը: Հայաստանի քաղաքական դասի մոտ վերոնշյալ իրողությունների գիտակցման մակարդակը չափազանց ցածր է: Հայաստանում գերիշխում է մի տեսակետ, ըստ որի` Ուկրաինայում տեղի ունեցողը քաղաքական դասի «սխալ»-ի արդյունքն է, որը պայմանավորված է «առողջ բանականության պակասով» և այլնով, բայց ոչ իբրև օբյեկտիվ պատճառներից ծագած գործընթաց. մասնավորապես, առաջին հերթին այն պատճառով, որ հետխորհրդային համակարգը դադարել է համապատասխանել հասարակության իրական պահանջներին և իրեն սպառել է բոլոր առումներով, իսկ Արևմուտքին հակադրվող, այսպես կոչված, “ռուսական համակարգ” –ն էլ, ռուս քաղաքագետ Լիլիա Շևցովայի բնութագրմամբ, թևակոխել է «հոգեվարքի փուլ»[4]:
Եվ եթե իրադարձությունների նկատմամբ նման տրամադրությունները և հայացքը բնական են իշխանությունների, իշխող կուսակցության և օլիգարխիկ կառույցների պարագայում, ապա ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող քաղաքական գործիչների դեպքում դա հասարակությանն ապակողմնորոշող ազդեցություն է գործում, հատկապես Հայաստանում անսահմանափակ ռուսական, այն էլ` հակաուկրաինական քարոզչության խորապատկերին:
Ըստ այդմ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հանրային ընկալման մեջ զգալի տեղ է զբաղեցնում իներցիոն մտածողությունը ինչ-որ հեռավոր, մեզ հետ ուղղակի կապ չունեցող մի բանի մասին, որը գտնվում է ռուսական հեռուստաընկերությունների կամ էլ թարգմանաբար հայկական հեռուստաընկերություններով հրամցվող նրանց սյուժեների ազդեցության ներքո: Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան բարեկամ երկիր է, և հունիսի 18-20-ը Երևանում կայացած ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոութ» սեմինարի ժամանակ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերով[5]` Հայաստանին և Ուկրաինային կապում է ոչ միայն բազմադարյա բարեկամությունը, այլ նաև Ուկրաինայում մեծաքանակ հայկական համայնքի առկայությունը, ուստի Հայաստանը ողջունում է ձեռքբերված Մինսկյան համաձայնությունները: Ընդ որում, նախարարը հույս հայտնեց, որ այդ համաձայնությունները ճանապարհ կբացեն ճգնաժամի համալիր լուծման համար:
Սակայն իրողություն է, որ Հայաստանը կատարել է այնպիսի քայլեր, որոնք ոչ միայն դեմ են երկու երկրների բարեկամական հարաբերությունների տրամաբանությանը, այլ նաև նրան վարկաբեկում են միջազգային հանրության առջև, և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի չկարգավորված խնդրի առկայությունը` սեփական շահերին հակառակ սպասարկում են Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության` միջազգային իրավունքը խաթարող միջազգային հարաբերությունների համակարգը:
Թե′ իշխանությունը, թե’ տիտղոսային ընդդիմությունն իրենց հռետորաբանության մեջ «Մայդան»-ի թեման սկսել են օգտագործել սեփական քաղաքականության յուրատեսակ լեգիտիմացման համար: Մերձիշխանական գործիչները մատնանշում էին ընդդիմության “ողջամտությունը”: Իսկ ընդդիմությունը պատասխանում էր, որ Հայաստանում «Մայդան»-ը անհնար է, քանի որ այստեղ, նրանց կարծիքով, բացառված են հակառուսական տրամադրությունները, իսկ հայ հասարակությունը հիասթափված է Արևմուտքից, և հենց վերջինս է Ռուսաստանին հրահրել կտրուկ քայլերի` մատնանշելով, որ, ի սկզբանե, Ռուսաստանը Հայաստանի և Ուկրաինայի առջև կոշտ պայմաններ չէր դրել Մոսկվայի կողմից նախաձեռնած Մաքսային Միություն մտնելու համար, «սակայն, երբ տեսավ, որ այդ երկրներն իր ազդեցության գոտուց ամբողջովին դուրս բերելու բացահայտ փորձ է իրականացվում, հանդես եկավ կոշտ դիրքորոշմամբ»: Այդ մասին, մասնավորապես, իր հոդվածում[6] գրում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այդուհանդերձ, երկու` եվրոպական և, այսպես կոչված, «եվրասիական» համակարգերի բախումն անխուսափելի է թվում եվրոպական արևելյան քաղաքականության ներքին էվոլյուցիայի և արտաքին քաղաքականության մեջ իր շարունակությունը գտած ռուսական ներքին քաղաքականության արդյունքում:
Նախկին Խորհրդային կայսրության տարածքում` Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում, ստեղծվել են ամբողջովին կոռումպացված և կրիմինալ օլիգարխիկ վարչակարգեր, որոնք ժամանակի ընթացքում սկսեցին դիրքավորվել իբրև Արևմուտքի և արևմտյան արժեհամակարգի այլընտրանք:
Դ. Մեդվեդևի անվանական քառամյա կառավարումից հետո նախագահի պաշտոնին վերադարձած Վ. Պուտինի երրորդ նախագահությունից սկսած բյուրեղացվեց աշխարհում ավտորիտար վարչակարգերի ամենախոշոր համախումբը, որի կորիզը, ի դեմս Ռուսաստանի, կազմում են «պետրոկրատիաներ»-ը, որոնք «սերտաճել» են այդ երկրների աղքատիկ ռեսուրսների հետ: Սակայն դրանք ունեն համակարգային այնպիսի թերություններ, ինչպիսիք են` ուղղահայացով ինտեգրացված կոռուպցիան, օրենքների գերակայության բացակայությունը, բիզնեսի սերտաճումը պետական ծառայության և քաղաքականության հետ, քաղաքականության և տնտեսության մենաշնորհումը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ճնշումը, ընտրությունների արդյունքների կազմակերպված կեղծումը և այլն: Դրանով պայմանավորված էլ` այդ վարչախմբերը սեփական ինքնավերարտադրության երաշխիքների փնտրտուքում կողմնորոշված են դեպի Ռուսաստանը:
Արևելյան գործընկերության նախագծի գաղափարը ծնվեց որպես 2008թ. Վրաստան ռուսական ներխուժման հակազդեցություն` նպատակ հետապնդելով մեղմել հակասությունները Եվրոպական տարածքում և բավարարել ԵՄ-ի վեց եվրոպական հետխորհրդային հարևանների` միացյալ եվրոպական ընտանիքին մերձենալու բնական ձգտումն առանց Մոսկվայի հետ առճակատման: Գաղափարից գործնական քայլերի անցնելու համար էլ 2010թ. առաջարկվեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի և Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի փաթեթները:
Ի սկզբանե Ռուսաստանն այդ ծրագրին վերաբերում էր[7] առանց հատուկ հետաքրքրության և «ալարմիստական» տրամադրությունների, բայց մատնանշում էր, որ այն կարող է «սպառնալիք բերել» իր շահերին` չմանրամասնելով, թե ինչում: Սակայն, 2013թ-ի կեսերին, երբ գրեթե քառամյա բանակցությունները մոտեցան բարեհաջող ավարտին, Մոսկվան «սվիններ»-ով ընդունեց գործընթացը, և հետխորհրդային երկրների ղեկավարությունների վրա սկսեց պլանավորված և ուժեղ ճնշում` մարտահրավեր նետելով ոչ միայն նրանց անվտանգությանը, այլ նաև միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգին, որը ձևավորվել էր ԽՍՀՄ փլուզումից հետ: Ղրիմի բռնակցմամբ էլ նա ձեռնոց նետեց Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգին, իսկ Ռուսաստանի քաղաքականությունն սկսեց մեծամասամբ ասոցացվել[8] Գերմանիայի 1938թ. քաղաքականության հետ, երբ վերջինս բռնակցեց Չեխոսլովակիայի Սուդետյան մարզը և «անշլյուսի» ենթարկեց անկախ Ավստրիան:
Նավթի ռեկորդային բարձր գներին հարված հասցրած 2008թ. միջազգային ճգնաժամը սկզբունքորեն անհնարին դարձրեց հետխորհրդային համակարգերի կենսունակության հետագա ապահովումն առանց դրանց բնույթի փոփոխության և արմատական բարեփոխումների: Կամ էլ ռուսական վարչակարգին մնում էր զատվել Արևմուտքից` իր հետևից տանելով կախյալ վարչակարգերին` նրանց փոփոխությունները թույլ չտալու հույսով, և շարունակելով դրանք օգտագործել որպես աշխարհաքաղաքական բուֆեր` այդպիսով երկարաձգելով իր կենսունակությունը: Մոսկվան ընտրել է հենց այդ ուղին, որը Ուկրաինայում տեսանք «կոշտ տարբերակով», իսկ Հայաստանում` «փափուկ տարբերակով»` առանց ռազմական բաղադրիչի: Հայաստանի քաղաքական դասը մինչ այսօր ոչ միայն իրերն իրենց անուններով չի կոչում, այլ նաև դրանից մի յուրատեսակ տաբու է ձևավորել:
Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները, որոնք ներկայումս յուրօրինակ «սառցե դարաշրջան» են ապրում, հաղորդակցության նոր խողովակների և հարթակների վերստեղծման կարիքն ունեն: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կայքում[9] ասվում է, որ 2014թ. ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի միջև քաղաքական շփումներ չեն եղել. «Դա պայմանավորված էր 2014թ-ի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին» բանաձևի կապակցությամբ Հայաստանի քվեարկությամբ: Մինչ «Մայդան»-ը հարաբերությունները զարգանում էին ոչ այնքան քաղաքական, որքան առավելապես երկու երկրների առանձին անհատների, ազդեցության խմբերի և օլիգարխիկ կառույցների բիզնես-շահերի տրամաբանությամբ: Ներկայումս թվում է` իներցիան պահպանվում է, և, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտությունը[10], ի դեմս Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Ուկրաինա բարեկամության խմբի, փաստացի չի գործում, իսկ Գերագույն ռադայի կայքում էլ Հայաստանի հետ հարաբերությունների մասին ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա:
ԵՄ Արևելյան Գործընկերության ձևաչափում քառասուն միլիոնանոց Ուկրաինան, անկասկած, ըստ նշանակության հետխորհրդային երկրների «Վեցյակ»-ում կարևորագույնն է, սակայն այդ գործոնը, նրա ներուժը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մնում են չիրացված: Դա արտացոլվում է նաև հայ-ուկրաինական հարաբերությունների ներկայիս վիճակի վրա: Բացի այդ շահերի և ճակատագրերի ընդհանրության արդյունքում Ուկրաինա-Վրաստան հարաբերությունների դրական դինամիկան, ինչպես նաև Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների բարելավման մեծ հավանականությունը, ի հայտ է գալիս նոր հեռանկար, որտեղ Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում շահերի ընդհանրություն ու գործունեության դաշտ նույնպես ուրվագծվում են:
Թույլ են մնում կապերը հասարակական` ԶԼՄ-ների, հասարակական և փորձագիտական կազմակերպությունների մակարդակով` այն դեպքում, երբ կան բազմաթիվ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում և մշտապես պահանջում են «ժամացույցների ստուգում» (“сверки часов”): Թվում է` այս հարթության վրա երկկողմ կապերի խորացման հարցում շահագրգռություն կարող են դրսևորել ինչպես վրացական, այնպես էլ արևմտյան գործընկերները` ԵՄ-ը և ԱՄՆ-ը:
Պաշտոնական Երևանը ներկայումս միանգամայն ի վիճակի է համատեղել Ուկրաինայում Հայաստանի մասին պատկերացումներին չվնասող և ոչ պաշտոնական մակարդակով Կիևին աջակցությունը խրախուսող հավասարակշիռ դիրքորոշումները: Բացի այդ անհրաժեշտություն կա Կիևում զգալիորեն ուժեղացնել Հայաստանի դեսպանատան աշխատանքները` ուկրաինական հասարակության և մամուլի հետ կապերի ընդլայնման նպատակով: Դրանից բացի պաշտոնական Երևանի հռետորաբանության մեջ օգտագործվող, իրականության հետ ոչ մի կապ չունեցող ռուսական քարոզչության կարծրատիպերի («քաղաքացիական պատերազմ», «Ղրիմի ինքնորոշում» և այլն) գործածությունը սեփական դիրքորոշումն արտահայտելու համար միայն ուժեղացնում է Հայաստանի միջազգային մեկուսացումը` թուլացնելով նրա արտաքին քաղաքական դիրքերը տարածաշրջանային քաղաքականության մեջ:
Իսկ Ղարաբաղի և Ղրիմի միջև հռետորաբանական, նույնիսկ` անուղղակի զուգահեռները[11] ոչ միայն պատշաճ չեն, այլ նաև հեռու են իրականությունից և ոչ մի քննադատության չեն դիմանում: Դրանք արժեզրկում են Հայաստանի և ԼՂՀ-ի դիրքերը բանակցային գործընթացում, վատթարացնում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները` դրանով իսկ ուժեղացնելով Ռուսաստանից միակողմանի քաղաքական կախվածությունը: Ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հղումները, ինչպես նկատել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, «Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ սադրող բնույթ ունեն», իսկ ռուսական իշխանությունների մեկնաբանություններն էլ ոչ միայն խեղաթյուրում ու վարկաբեկում են բուն սկզբունքը, այլև ստվեր նետելու փորձ են Պուտինի բնորոշմամբ` «աշխարհաքաղաքական մեծագույն աղետի»` ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետությունների հռչակած անկախության հիմքով:
Անհրաժեշտ է քրտնաջան և հետևողական աշխատանք տանել ներկայիս հարաբերություններում որոշակի սառնությունը վերացնելու ուղղությամբ և թույլ չտալ, որպեսզի դրանք արտապատկերվեն հասարակական մակարդակում փոխադարձ ընկալման վրա, որի դրա համար բոլոր նախադրյալները կան: Մասնավորապես, ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահի այն հայտարարությունը[12], որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցի ժամանակ նա «հստակ հավաստիացում է ստացել այն մասին, որ Հայաստանը համերաշխություն է ցուցաբերում Ուկրաինայի նկատմամբ», ասվածի վկայությունն է:
[1] The Battle for Ukraine. Vladimir Putin wants to recreate a Russian sphere of influence. The Wall Street Journal. 27.11.2013
[2] The Battle for Ukraine. Vladimir Putin wants to recreate a Russian sphere of influence. The Wall Street Journal. 27.11.2013
[3] Арсен Аваков. Персональная страница в сети Facebook. Запись от 24.04.2015г.
[4] Has the Russian System’s Agony Begun? Lilia Shevtsova. The American Interest. 17.05.2015
[5] Армения – надежный партнер НАТО. Выступление Эдварда Налбандяна (на армянском). ПервыйАрмянскийИнформационный, ru.1in.am. 18.062015г
[6] В Армении майдан не состоялся из-за глубокого разочарования народа в Западе. Статья Л.Тер-Петросяна на сайте Ilur.am, на русском – на сайте Иносми.ру. 11.01.2014г
[7] Программа сотрудничества ЕС и стран СНГ может нести ущерб интересам России – Лавров. Новости-Армения. 13.05.2010.
[8] Андрей Пионтковский: «Путинская концепция „русского мира“ угрожает всем территориям, где есть русское население». Интервью сайту Института современной России. 26.02.2015г
[9] Раздел “Политическое сотрудничество между Украиной и Арменией”. ОфициальныйсайтПосольстваУкраины в Армении.
[10] Группа дружбы Армения-Украина. Сайт Национального Собрания Армении.
[11] Давид Шахназарян: “Сравнение Крыма с Карабахом – провокация по отношению к Армении и Карабаха”. Аравот. 11.03.2014г
[12] Позиция Беларуси и Армении по Крыму меня не беспокоит – Порошенко. “Европейскаяправда”.22.05.2015г.
Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքական վերլուծաբան
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)