«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Դավիթ Զախարյանը News.am-ին ահազանգել էր, որ ոստիկանությունից իրենց տուն են այցելել, ճշտել են իր հեռախոսահամարը, զանգահարել եւ պահանջել են ներկայանալ ոստիկանություն՝ առանց ծանուցագիր ներկայացնելու:
Քաղաքացիական ակտիվիստ Էմին Մարտիրոսյանը նույնպես հայտնել է, որ 2 օր առաջ էլ երկու ոստիկան իրենց տուն են այցելել, ճշտել իր հոր համարը, զանգահարել ու առանց ծանուցագրի պահանջել ներկայանալ ոստիկանություն:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանեց, որ ոստիկաններն այս օրերին այցելելու են ցուցարարներին՝ հունիսի 23-ի գործի հետ կապված:
Նրա խոսքերով՝ «Հունիսի 23-ի գործի շրջանակներում ոստիկանություն իրավունք ունի օպերատիվ գործողություններ կատարել եւ նշված գործողություններն իրականացնել՝ հարցում անել: Դա օրենքով սահմանված օպերատիվ հարցում է»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ այդ ոստիկանությունը տարբեր խնդիրներով կարող է այցելել, զրուցել քաղաքացիների հետ, որոնք մասնակցել են հունիսի 23-ի բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ի դեպքերի հետ կապված քրգործ էր հարուցվել Քննչական կոմիտեում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ