Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Դուրինյանի ձերբակալությունը միտված է եղել սահմանափակելու խաղաղ հավաքների ազատության իրավունքը

Հուլիս 23,2015 13:46

Վարչական դատարանում հուլիսի 23-ին դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ շարունակվում էր ոստիկանությունն ընդդեմ Վահան Դուրինյանի գործով նախնական դատական նիստը:

Նիստի ընթացքում Վահան Դուրինյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ իր վստահորդը, ինչպես նաեւ բողոքի մյուս մասնակիցները, իրացրել են իրենց խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը: 2014 թվականի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց անցկացված խաղաղ հավաքն արգելված չի եղել, նրա ընթացքում բռնության կոչ չի հնչեցվել: Վահան Դուրինյանն անցել է ՀԾԿՀ գրասենյակի դիմաց, սակայն ոստիկանները միջամտել են խաղաղ հավաքի ազատության իրավունքին, նրան ձերբակալել են՝ չներկայացրելով որեւէ իրավական հիմք, չեն ներկայացվել նաեւ իր իրավունքները. «Վահան Դուրինյանի ձերբակալությունը եւ բաժին տեղափոխելը միտված է եղել սահմանափակելու խաղաղ հավաքների ազատությունը: Նշված չէր առարկայի հատկանիշ, որը դրսեւորվել է, եւ որը կարելի է համարել զանցանք վարչական իրավունքների դատավարության օրենսգրքով, միայն ոստիկանների իրավական պահանջը չկատարելու համար անթույլատրելի է անձին զրկել ազատության իրավունքից: Մեր վստահորդի ազատ տեղաշարժի իրավունքը չէր կարող սահմանափակվել, նույնիսկ վարչական արձանագրություն կատարելու պատճառով: Մենք պահանջ ենք ներկայացրել ոստիկանների գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ»:

Սերգեյ Գրիգորյանը հավելեց, որ կողմը հետագայում դրամական փոխհատուցում ստանալու ակնկալիքներ ունի, քանի որ Վահան Դուրինյանի ձեռքին եղել է ՀՀ դրոշը, սակայն այն առգրավվել է: Նկատենք, որ Աիդա Դեմիրխանյանը ներկայացրել էր տեսանյութ եւ նշել էր, որ այնտեղ երեւում է Դուրինյանը՝ ձեռքին եռագույնը: Դատավորը նկատեց, որ անձնական զննության ենթարկելու մասին արձանագրությունում նման բան նշված չէ, եւ ի տարբերություն մնացած փաստաթղթերի, այս մեկում առկա է Դուրինյանի ստորագրությունը: Վահան Դուրինյանը հայտարարեց, որ չի հիշում, որ ոստիկանությունում որեւէ փաստաթուղթ ստորագրած լինի, եւ հավելեց, որ ոստիկանները դրոշը ոչ թե բաժանմունքում են առգրավել, այլ տեղում: Տեսնելով ստորագրությունը՝ նա հայտարարեց, որ իր ստորագրությունն է:

Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ դրամական փոխանցումը պահանջում են, որպեսզի հետագայում նման դեպքեր չկրկնվեն, քանի որ չի բացառվում, որ Դուրինյանը մասնակցի բողոքի ակցիայի, եւ ոստիկանները կրկին ոչ իրավաչափ գործողություներ կատարեն: Նա նշեց, որ իր վստահորդին ձերբակալելիս անմիջապես չեն ներկայացրել իրավունքները եւ պարտականությունները: Վստահորդը զրկված է եղել իր ընտրությամբ փաստաբան ունենալու իրավունքից:

Աիդա Դեմիրխանյանը նշեց, որ տվյալ օրը ոստիկանության բաժանմունքում շատ փաստաբաններ եւ Մարդու իրավունքի պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչներ են եղել, այլ բան է, որ Դուրինյանը հրաժարվել է: Սակայն նա հստակ չկարողացավ ասել, թե իսկապես Դուրինյանը հրաժարվե՞լ է, թե՞ ոչ:

Արթուր Ավագյանը Վահան Դուրինյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրեն իր իրավունքները չեն ներկայացվե՞լ : Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ ինքն արդեն այդ հարցին պատասխանել է: Դատավորն ասաց, որ ցանկանում է Վահան Դուրինյանը պատասխանի: Սերգեյ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք Դուրինյանը հարցաքննվո՞ւմ է, դատավորը պատասխանեց՝ ոչ: Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ կողմը հրաժարվում է պատասխանել: Դատավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են խուսափում պատասխանելուց, Գրիգորյանը պատասխանեց՝ պաշտպանություն ենք իրականացնում:

«Հիմա եկել ասում եք զրկել են իրավունքից, հիմա հարցնում եմ, ինչպե՞ս է իրականացվել դա»,- ասաց Արթուր Ավագյանը: Սերգեյ Գրիգորյանը պատասխանեց. «Փաստի կապակցությամբ հարց եք ուղղում, եւ ես եմ պատասխանում, որ մեր վստահորդի իրավունքները եւ պարտականությունները չեն ներկայացվել, եւ նա չի կարողացել իրացնել իր իրավունքները ամբողջ ծավալով»:

Դատավորը որոշվեց գործն ուղարկել դատաքննության:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031