Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը՝ ըստ Կարինե Աճեմյանի

Հուլիս 23,2015 13:37

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համոզմամբ, Սահմանադրական փոփոխությունների փաթեթի կարևորագույն դրույթը կառավարման համակարգի փոփոխությանն է վերաբերվում:

Այսօր «Հայացք» ակումբում նա նկատեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին վերջին օրերին իրարամերժ կարծիքներ են հնչում, բայց կան կետեր, որոնք պարզապես ավելի հստակ ձեւակերպման կարիք ունեն. «Պետք է հասկանանք՝ կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցումը նշանակում է գլոբալ փոփոխություն մեր քաղաքական կյանքում: Համարում եմ, որ այն դրույթները, որոնք արդեն հրապարակվել են, ներառում են ու հստակ ձեւով ձեւակերպում են այն մոտեցումները, որոնք վերաբերում են ԱԺ-ին, կառավարությանը, նախագահի ինստիտուտին, դատական համակարգին: Սա կառավարման մի մոդել է, որը եվրոպական երկրներում է գործում, համարում եմ առաջադեմ ու քաղաքակիրթ»,- ասաց պատգամավորը:

Քննադատություններին, թե ժողովրդին իրավունքից զրկելու Սահմանադրություն է, չհամաձայնեց. «Մեկ քայլ առաջ է, հասարակությունը մեկ ընտրության է մասնակցում, բայց դրանով ե՛ւ կառավարության դերն ենք բարձրացնում, ե՛ւ պատասխանատվությունը եւ հասարակությանը զերծ ենք պահում ցնցումներից:

Բոլոր քաղաքական ուժերն են ընտրելու վարչապետին եւ դժգոհ լինելու դեպքում կարող են անվստահություն հայտնել»:

Հարցին, թե ինչու իշխանությունը հաշվի չի առել ընդդիմադիր ուժերի առաջարկները, տիկին Աճեմյանը պատասխանեց, որ մասնագիտական հանձնաժողով է աշխատում, որը համագործակցել է բոլոր ուժերի հետ: Նա ասաց, որ քաղաքական ուժերը հնարավորություն կունենան առաջարկներ ներկայացնել նաեւ ԱԺ-ում վերջնական նախագծի քննարկման ժամանակ:

Ինչ թերություններ է նկատել արդեն հրապարակված նախագծում հարցին, պատգամավորը պատասխանեց, որ թերեւս մարդու իրավունքներին վերաբերող դրույթները կարող էին ավելի հստակ ձեւակերպվել. «Մեծ փոփոխության առաջարկ չունեմ, որովհետեւ համարում եմ, որ վիճարկելի հարցերը պետք է նաեւ ընտրական օրենսգրքով կարգավորվեն»:

Իսկ նոր Սահմանադրությամբ միակուսակցական համակարգի հաստատման խնդիր պատգամավորը չի տեսել, նա չհամաձայնեց, որ մի կուսակցությանը բացարձակ իշխանություն կտրվի. «Պետք է կայացնենք խոշոր կուսակցություններին, սա լուրջ մոտեցում է քաղաքականության մեջ: Խոշոր կուսակցությունը մեծ պատասխանատվություն է իր վրա վերցնում, ՀՀԿ-ն կայացած կուսակցություն է»:

Ինչու հիմա սկսվեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը հարցին էլ, ասաց՝ արդեն քանի տարի է այդ մասին խոսվում էր, մի օր պետք է կատարվեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031