Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար. Ոստիկանության շղթան չեմ ճեղքել

Հուլիս 23,2015 13:17

Վարչական դատարանում հուլիսի 23-ին դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ շարունակվում էր ոստիկանությունն ընդդեմ Վահան Դուրինյանի գործով նախնական դատական նիստը:

Նիստի ընթացքում ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը նշեց, որ Վահան Դուրինյանը ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի կատարել: Կողմը պահանջում է Դուրինյանին վարչական պատասխանության ենթարկել վարչական դատավարության օրենսգրքի 182 հոդվածով եւ մերժել հակընդդեմ հայցն ամբողջությամբ: Աիդա Դեմիրխանյանը դատարանին ներկայացրեց տեսաձայնագրություն. «Տեսաձայնագրությունում հստակ երեւում են այն ապացույցները, որով ոստիկանությունն առաջնորդվում է: Եթե անհրաժեշտություն լինի՝ կմիջնորդենք ոստիկան Արման Հակոբյանին ներգրավել գործում որպես վկա»:

Վահան Դուրինյանի պաշտպան Սերգեյ Գրիգորյանը նկատեց, որ հայցադիմումի առարկան չի հստակեցվել, թե որն է արարքի հատկանիշը, որը հանդիսացել է զանցանք: Աիդա Դեմիրխանյանը պատասխանեց, որ դատաքննության ընթացքում դրանք կներկայացվեն: Նա հավելեց, որ հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում Դուրինյանը ճեղքել է ոստիկանության կենդանի շղթան, ըստ ոստիկանության ներկայացուցիչի՝ դա ինքնին նշանակում է, որ պահանջ է ներկայացվում, որ պետք է դուրս չգա, իսկ Վահան Դուրինյանը ճեղքել է եւ խոչընդոտել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամների աշխատանքը:

Սերգեյ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե կենդանի շղթան ճեղքելո՞ւ համար է հայց ներկայացվել, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց՝ ոչ միայն. «Նա խախտել է իրավական ակտը, որը արտահայտվել է կենդանի շղթայի միջոցով, եւ փակել է ՀԾԿՀ մուտքը»:

Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ կենդանի շղթան անօրինական է եղել, իսկ Վահան Դուրինյանը ցանկացել է մի մայթից տեղափոխվել մյուս մայթ. «Ոստիկանները խոչընդոտել են՝ կազմելով կենդանի շղթա: Վստահորդը օգտվելով ազատ տեղաշարժի իրավունքից անցել եւ կանգնել է ՀԾԿՀ գրասենյակի դիմաց»: Իսկ Վահան Դուրինյանն ասաց, որ համաձայն չէ, որովհետեւ նման բան չի եղել, ինքը ոստիկանության շղթան չի ճեղքել. «Ես մոտեցել եմ դռանը հարակից բակերի տարածքից: Ցանկալի կլիներ տեսաձայնագրության մեջ լսել օրինական պահանջը, որը ես չեմ կատարել»:

Աիդա Դեմիրխանյանը պատասխանեց, որ այս դեպքում պետք չէ բացատրական բառարանին հղում կատարել. «Ճեղքել բառը չի նշանակում, որ ոստիկաններին հրել եք: Անկախ նրանից շղթան ճեղքել եք, շղթան կանգնած է եղել, Դուք հասել եք ՀԾԿՀ գրասենյակի առջեւ»: Նա հավելեց, որ տեսանյութում պարզ երեւում է, որ Վահան Դուրինյանը ոստիկանության շղթայի հետնամասում եռագույնը ձեռքին կանգնած է, այնուհետեւ՝ ոստիկանները իրեն մի պահ իջեցնում են ներքեւ, իսկ թե ինչպես է Դուրինյանը հասնում ՀԾԿՀ գրասենյակի դիմաց, տեսանյութում չի երեւում:

Սերգեյ Գրիգորյանը նիստի ընթացքում նկատեց, որ որպես հիմք ներկայացվող որոշ կետերը հայցադիմումում չկան: Նա հայտարարեց, որ հայցադիմումը չի կարող լրացվել ոստիկանության կողմից, քանի որ վարչարարությունն արդեն ավարտված է, իսկ դատավոր Արթուր Ավագյանը պատասխանեց, որ խնդիր չի տեսնում:

Դուրինյանի պաշտպանը հայտարարեց, որ կողմը պատրաստ է սահմանադրականության հարց բարձրացնել. «Մենք գտնում ենք, որ դատական իշխանությունը չի կարող հանդես գալ գործադիր իշխանության դիրքերից: Դատարանը պետք է ստուգի վարչարարությունը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031