Այսօր՝ հուլիսի 23-ին, կառավարության նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկները, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորմանը, հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքաշինական գործունեության իրականացմանը, հողերի օգտագործման սխեմաների մշակմանն ու հաստատմանը, ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխմանը եւ ջրային ռեսուրսների կառավարմանը:
Մասնավորապես, առաջարկվել է հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգում կրճատել եւ հստակեցնել գործողությունների կատարման ժամկետները՝ ընդհանուր սահմանելով 17 աշխատանքային օր, ինչպես նաեւ սահմանել հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու (բացառությամբ քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերի) մասին դիմումի ձեւը, վերացնել կարգում առկա տեխնիկական թերությունները:
Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջարկվել է սահմանել ոռոգման համակարգին բաժանորդի միանալու դիմումի ձեւը, դրա մեջ ընգրկվելիք տեղեկատվության եւ փաստաթղթերի սպառիչ ցանկը, դիմումը տեղադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ, ինչպես նաեւ հստակեցնել տեխնիկական պայմաններ տրամադրելու եւ բաժանորդի կողմից ոռոգման համակարգին միացման աշխատանքների ավարտից հետո կատարված աշխատանքները ջրամատակարարի կողմից ընդունելու ժամկետները, հստակեցվել են պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերը մրցութային հիմքով վարձակալության, հավատարմագրային կառավարման եւ կոնցեսիայի հանձնման գործընթացները:
Հողային հարաբերությունների ոլորտում հողերի օգտագործման սխեմաների մշակման եւ հաստատման կարգում առաջարկվել է նախատեսել ավագանու կողմից առաջադրանքի նախագծին հավանություն չտալու դեպքում առաջադրանքը լրամշակելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնելու հնարավորություն, հստակեցնել գործողությունների կատարման ժամկետները, սահմանել, որ փորձաքննության բացասական եզրակացության դեպքում սխեման համարվում է մերժված, ինչպես նաեւ սահմանել, որ համայնքի ավագանին հաստատում է սխեման, եթե սխեմայի վերաբերյալ համալիր փորձաքննության եզրակացությունը եւ մարզպետի կողմից տրված եզրակացությունը դրական է, սխեման համաձայնեցված է մարզպետի, շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ եւ պահպանված են կարգով սահմանված պահանջները, ինչպես նաեւ վերացնել կարգում առկա տեխնիկական թերությունները:
Կարդացեք նաև
Գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգում առաջարկվել է հստակեցնել հողամասի սեփականատիրոջ կողմից գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ դիմումի ներկայացման եւ քննարկման ընթացակարգը, հստակեցնել եւ կրճատել գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ դիմումի քննարկման եւ որոշումների կայացման ժամկետները՝ ընդհանուր սահմանելով 18 աշխատանքային օր: Սահմանվել է նաեւ գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրելու կամ փոխադրումը մերժելու մասին համայնքի ղեկավարի որոշում կայացնելու ժամկետը՝ ընդհանուր սահմանելով 6 աշխատանքային օր, ինչպես նաեւ սահմանել եւ գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքը ավելի ցածրարժեք հողատեսքի եւ հակառակը փոխադրելու մասին դիմումների ձեւերը:
Փոփոխվել է նաեւ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը՝ սահմանելով, որ վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր փոխադրելու համար լիցենզիա եւ թույլտվություն կարող են ստանալ միայն իրավաբանական անձինք, հանվել է տվյալ գործունեությամբ զբաղվելու որակավորված մասնագետների նախնական ներկայացման պահանջը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն