Երեւանի քաղաքապետարանի կողմից երեխաների համար կազմակերպվող ամառային ճամբարում չեն ներառել մայրաքաղաքի դպրոցներից մեկում սովորող հաշմանդամություն ունեցող երեխային, նրա փոխարենը ընդգրկել են հաշմանդամություն չունեցող մեկ այլ երեխայի: Այսօր այս մասին «Երկու երես» մամուլի ակումբում ասաց «Էխո» հաշմանդամ երեխաների եւ երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը: Նա չասաց, թե որ դպրոցում են այդպես վարվել, պատճառաբանելով, որ այդ երեխայի ծնողները չեն ցանկանում բացահայտել դպրոցի անունը:
Սերյոժա Օհանջանյանի խոսքերով՝ «Այսօր հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ եւ երիտասարդներ ուղղակի զրկված են ամառային հանգիստը կազմակերպելու հնարավորությունից»:
Օհանջանյանի ներկայացմամբ՝ ներկայումս հաշմանդամություն ունեցող 8000 երեխաներ եւ 27 հազար երիտասարդներ կան, որոնց մեծագույն մասը կամ գրեթե բոլորը պարզապես զրկված են ամառային հանգստից, նրանք ստիպված են լինում փակված մնալ իրենց տներում: Սերյոժա Օհանջանյանն ասաց, որ կառավարությունը պիտի այս անձանց համար ճամբարները եւ հանգստյան վայրերը ներառական դարձնի:
«Երբ ես խոսում եմ պաշտոնյաների հետ այդ խնդրի մասին, նրանք ասում են՝ լավ, մենք ձեզ համար կստեղծենք ներառական ճամբար, մինչդեռ պետք չէ նոր ճամբար ստեղծել, այլ պետք է ուղղակի եղածը դարձնել ներառական: Այսինքն, անգամ ոլորտի պատասխանատուները տեղեկացված չեն»,- ասաց հ/կ նախագահը: Ներառական ճամբար ասելով՝ հ/կ նախագահն ընդգծում է. «Այդ հանգստի վայրերը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց, որպեսզի նրանք լիարժեք մասնակցություն ունենան բոլոր տեսակի միջոցառումներին, սկսած սանհանգույցից, թեքահարթակներից եւ վերջացրած ծրագրային խաղերի մատչելիությամբ եւ այլ հարմարություններով: Հյուրանոցներում թեքահարթակները տեղադրում են շենքի ետնամասում: Նրանք պատճառաբանում են, որ իբր այդպես ավելի հարմար է, բայց իրականում նրանք այդպես են վարվում դիզայնը չփչացնելու համար: Հյուրանոցներում հարմարություններ չկան հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի, ասենք, թեքահարթակի միջոցով կարողանան լողավազանից օգտվել»:
Կարդացեք նաև
Օհանջանյանի խոսքերով՝ այդ ամառային ճամբարները պետք է ներառական լինեն բոլոր իմաստներով եւ բոլորի համար, ոչ միայն ֆիզիկական խնդիրներ ունեցողների, այլեւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար. «Հավատացեք, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ դժվարություն չկա աշխատելու, նրանց հետ ավելի հեշտ է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ