Սահմանադրության նոր նախագծի մասին արդեն իսկ շատ է խոսվել։ Առայժմ զերծ մնալով դրա բովանդակության հիմնարար քննարկումից՝ արձանագրենք, որ այն ամենեւին չի համապատասխանում սահմանադրական փոփոխությունները իրականացնող հանձնաժողովի մշակած «Հայեցակարգի» սկզբունքներին։
Այս փաստաթղթում հեղինակները հավաստիացնում էին, որ հստակ երաշխիքներ են ստեղծվելու, որպեսզի իրականություն դառնա գործող Սահմանադրության 2-րդ հոդվածը, այն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների միջոցով։ Այժմ նոր Սահմանադրության մեջ որեւէ երաշխիք գոյություն չունի, որ ապահովի ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, ինչը ներկայիս Հայաստանի միակ ու ամենահրատապ հիմնահարցն է: Մինչդեռ ազատ ու արդար ընտրությունների միջոցով է որոշվում իշխանության լեգիտիմության աստիճանը, որին էլ ածանցվում են Հայաստանում օրենքի կիրառության մասշտաբները, ինչպես պնդում էր իշխանության հրապարակած «Հայեցակարգը»։ Դե ֆակտո, սահմանադրության նախագծի մշակման պահին իշխանությունը հապճեպորեն հրաժարվեց իր իսկ հրապարակած «Հայեցակարգի» դրույթներից։
Հիշեցնենք, որ դեռեւս մարտին Սերժ Սարգսյանը «մտահոգություններ» էր արտահայտել «Հայեցակարգի» ու դրանով նախատեսվելիք նոր սահմանադրակարգի մի շարք առանձնահատկությունների հետ կապված։ Այսօր, եթե հրապարակված նախագիծը արժանանա Սարգսյանի հավանությանը, կարելի է ենթադրել, որ նրան մտահոգել էր լոկ լեգիտիմության դեֆիցիտի ակնարկը եւ ուրիշ ոչինչ։ Այլապես տարօրինակ է հանձնաժողովի կեցվածքը, որ փոխանակ զարգացներ լեգիտիմության մասին իր կողմից հայեցակարգային դարձած դրույթը, այն խորապես թաղել է մանվածապատ ու աղճատված այս նոր նախագծում։ Ստացվում է, որ Սարգսյանը, իր իսկ ստեղծած հանձնաժողովին սեփական «մտահոգությունների» մասին հայտնելով, ուղղակիորեն հասկացրել է էլ ավելի հակաժողովոդավարական ու հակապետական կառավարման համակարգ նախագծելու անհրաժեշտության մասին։
Ամփոփելով հարկ է հստակեցնել, որ իշխանությունն այս պահի դրությամբ խախտել է իր իսկ տված երկու կարեւորագույն խոստումները։ Արդ, Հայաստանում այսօր տեղի են ունենում ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ բացարձակապես նոր Սահմանադրության ընդունում, ինչը լիովին նոր իրավիճակ է ստեղծում ներքաղաքական կյանքում։ Ավելին՝ հրապարակված նոր նախագծում ականատեսն ենք «Հայեցակարգի» համեմատությամբ հսկայական նահանջի, որտեղ ոչ միայն ապահովված չէ արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու երաշխիքը, այլեւ պետական իշխանության բարձրագույն մարմինների ընտրությունները վերածված են բառի իսկական իմաստով՝ ծածկադմբոցի։
Կարդացեք նաև
Նժդեհ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում