Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներ է սկսում (Տեսանյութ) 

Հուլիս 23,2015 12:05

«Այն հակաժողովրդավարական է, քաղաքացիների իրավունքների դեմ ուղղված, դրական զգացում չառաջացնող»,- սա ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատականն է Սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագծին: Այսօր այդ մասին նա ասաց «Հենարան» մամուլի ակումբում: Հայրիկյանն ընդամենը մեկ օրինակ է բերում`ապացուցելու համար իր տեսակետը. «Խորհրդարանի առաքելությունը քաղաքացիներին ներկայացնելն է ու նրանց միջոցով օրենքներ ընդունելը, ոչ թե գործադիր մարմնի ձեւավորման տեղ: Սա դավադրություն է հայ ժողովրդի ու սահմանադրության նկատմամբ ընդհանրապես: Այս սահմանադրության մեջ քաղաքացիների իրավունքների ընդլայնում չկա: Այս նախագծին «այո» կամ «ոչ» ասողը նպաստում է, որ իշխանություններն իրենց նպատակին հասնեն»:

«Քաղաքացին նսեմացվում է, խոսվում է նախագահի մասին, պատգամավորի եւ այլն, բայց ոչ քաղաքացու: Դա դրսեւորվում է ընտրության իրավունքի սահմանափակումներով»,- ասաց նա:

Հայրիկյանը համոզված է, որ եթե ԱԻՄ-ի «Բացարձակ ժողովրդավարության» սկզբունքը ներկայացվեր Վենետիկի հանձնաժողով`այնտեղ կապշեին, թե ինչ են առաջարկում հայերը:

Պարույր Հայրիկյանը վրդովված է որ արդեն տարիներ շարունակ անտեսվում է ԱԻՄ-ի ներկայացրած «Բացարձակ ժողովրդավարության» սկզբունքը, թեպետ այն պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր պատկան մարմիններին:

Թե ի՞նչ է ապահովելու այն Հայաստանի համար`տեսանյութում

«Պաշտոնական նախագծի հրապարակումից հետո հայ իրավական ու քաղաքական միտքը սարսափ ապրեց: Նույնիսկ նրանք, ովքեր տեսականորեն կողմ էին սահմանադրական բարեփոխումներին, ապշեցին»,- ասում է Հայրիկյանը`հիմնավորելով, թե ինչն է պատճառ ու առիթ հանդիսացել, որ վաղն ԱԻՄ-ը հանրահավաք հրավիրի:

Հրավերք բոլոր քաղաքական ուժերին չի ուղարկվել, բայց Հայրիկյանը բանավոր հրավերք է ուղղում բոլոր նրանց, ովքեր այս առումով ասելիք ունեն. «Պետք է ամեն ինչ անենք, որ մի քանի եսակենտրոն ու քրեամետ ոչնչությունների փոխարեն երկրի տերը դառնան երկու միլիոն ՀՀ քաղաքացիները: Հայ ժողովուրդը դեռ կա եւ թույլ չի տա, որ ընդդիմության եւ իշխանության դիրքերին տիրացած որոշ ուժեր ճգնեն, որ ժողովուրդը դերակատարում չունենա, իրեն խամաճիկի տեղ դնեն»:

Վաղվա հանրահավաքն առաջին քայլն է, ԱԻՄ-ը բողոքի ակցիաների շարք է սկսում:

Հակադարձելով այն տեսակետերին, որ Սահմանադրությունից ոչինչ կախված չէ, մեկ է՝ մարդիկ ինչ ցանկանում, այն էլ անում են, Հայրիկյանն ասաց`եթե այդպես լիներ, իշխանությունը չէր ջանա սահմանադրորեն ամրագրել իրեն ցանկալի դրույթները:

Լրագրողներից մեկը հարցրեց`վիրավորված ե՞ք, որ ձեր առաջարկները չեն ընդունվել, դրա համար եք դեմ: «Մարդը չի վիրավորվում, այլ գնահատական է տալիս: Ես պետք է գնահատական տայի»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031