ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում եւ քննարկում տարբեր հարցեր:
– Պարոն Հարությունյան, մարտի 26-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Կառավարությունում տեղի էր ունեցել «Վարչապետների ակումբի» անդրանիկ նիստը, որին մասնակցել էին Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը եւ Դուք։ Վարչապետների առաջին հանդիպումից հետո հայտարարվեց, որ ընդհանուր քննարկումներ են եղել, իսկ նման հանդիպումները հաճախակի են լինելու։ Արդյո՞ք եղել են նոր հանդիպումներ, ի՞նչ փուլում են ակումբի աշխատանքները։
– Իհարկե, հանդիպում եղել է, բայց դա ինչ-որ ինստիտուտ չի, դա ինչ-որ պետական կառույց չի, որը պարտադրված օրակարգով է աշխատում։ Դա ոչ ֆորմալ շփումների հարթակ է, որի կարիքը միշտ երեւի կարող է ունենալ գործող վարչապետը, որովհետեւ այդ շփումների ժամանակ՝ առանց փողկապի հանդիպումների ընթացքում, արտահայտվում են մոտեցումներ, որոնք կարող են օգտակար լինել ընթացիկ քաղաքական, տնտեսական գործունության համար։ Հետեւաբար ակումբի աշխատանքը պահանջարկված պետք է լինի նախ եւ առաջ գործող վարչապետի համար։ Մենք հիմա ունեցել ենք մեկ հանդիպում, ասեմ, որ հաջողված ու բավականին հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին։
– Ի՞նչ են քննարկում ներկա եւ նախկին վարչապետները հանդիպելիս, Ձեր վերջին հանդիպման ժամանակ ո՞րն էր Ձեր քննարկման հիմնական թեման։
Կարդացեք նաև
– Մեկ թեմա չի եղել, ներկաները տարբեր խնդիրների մասին են բարձրաձայնել, տարբեր խնդիրների մասին են խոսել։ Բայց մենք ունենք պայմանավորվածություն այն մասին, որ վարչապետների ակումբի թեմատիկայի վերաբերյալ կարող է բարձրաձայնել միայն գործող վարչապետը։ Մեզանից ոչ մեկը Վարչապետների ակումբում քննարկվող հարցերի վերաբերյալ մամուլի հետ չի կիսվելու, իսկ գործող վարչապետը, եթե գտնում է նպատակահարմար, ապա դրա մասին խոսում է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում