Լրահոս
Օրվա լրահոսը

«Խեղկատակություն էր, մեկը գնացել-պառկել էր փողոցում, մեկը չգիտեմ ինչով էր զբաղված». իրավաբան

Հուլիս 23,2015 11:53

Իրավաբան Արթուր Վաղարշյանը Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը որոշակիորեն տեսնում է:

«Նախորդ նախագահական ընտրությունների ընտրական այն համակարգը, որ կար՝ խեղկատակություն էր, մեկը գնացել-պառկել էր փողոցում, մեկը չգիտեմ ինչով էր զբաղված, դա նշանակում էր, որ Սահմանադրությունը նման բաներ էր թույլ տալիս:

Բարեփոխումները կտան դրական արդյունք մարդկանց կարգավիճակի առումով: Կարելի է լուծումը գտնել, որ Սահմանադրությամբ ամրագրվի, որ ամեն մեկը չկարողանա իր թեկնածությունն առաջադրել: Ժողովրդավարությունը չի նշանակում խեղկատակություն»,- այսօր «Նյութ» ակումբում ասաց իրավաբանը:

Ըստ նրա, 1995- 2005 թվականներիՍահմանադրության մեջ ամրագրված չէր, որ քաղաքացին կարող է դիմել ՍԴ. «Այդ իրավունքը տվեցինք քաղաքացիներին, մարդիկ կարողացան հասնել իրենց իրավունքների պաշտպանությանը, դրական առաջընթաց էր»:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին էլ վաղ է համարում խոսել, ասաց՝ դեռ առաջին նախագիծն է, ու դեռ չգիտեն՝ ինչ վերջնական տարբերակ կդրվի քվեարկության. «Մի վախեցեք ձեւի փոփոխությունից: Եթե փոխեք ձեր հագուստը, դրանից կփոխվի՞ ձեր էությունը»:

Ըստ Արթուր Վաղարշյանի, Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննադատողների մի մասը նրանք են, որոնք 90-ականներին ընդունել են մի Սահմանադրություն, որին ընթացիկ օրենքները գերակա են: Դիտարկմանը, թե այն ժամանակ անփորձ էին, իրավաբանը հակադարձեց. «Ինչ անփորձ, Հայաստանում իրավաբան չկա՞ր»:

Նա Սահմանադրության փոփոխությունների նախագծում առավելություն է համարում համամասնական ընտրակարգի անցումը. «Հայաստանում մեծամասնական ընտրակարգն իրեն սպառել է, ճիշտը համամասնական ընտրակարգին անցնելն է, երբ փորձ ունենք, որ մեծամասնականով ընտրվում են, հետո մտնում մի կուսակցություն, այնտեղից տեղափոխվում մեկ այլ կուսակցություն»:

Անդրադառնալով միակուսակցական համակարգի հաստատմանը, Արթուր Վաղարշյանն ասաց. «Ամերիկայում արդեն հարյուր տարի է՝ երկու կուսակցություն են, ինչո՞ւ եք մտածում, որ միակուսակցական է լինելու, ինչի՞ց եք վախենում… Նախագահի գերակայության արդյունքում Հայաստանում կուսակցությունները չէին կայանում, կուսակցությունների պառակտման դերում մեծ դեր են ունեցել նախագահները»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031