Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով. «Կան հակամարտություններ, որոնք չեն կարգավորվում, ղարաբաղյան հակամարտությունն էլ դրանցից մեկն է». «Ժամանակ»

Հուլիս 23,2015 10:59

«Ժամանակի» զրուցակիցն է ՌՊՀՀ տարածաշրջանի եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

– Հայաստանի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է գնալ ողջամիտ փոխզիջումների՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Կարծես դրան ի պատասխան՝ Ադրբեջանն այս օրերին էլ լարված է պահում սահմանը։ Այս միջադեպերը դեպի փոխզիջումային տարբերակով կարգավորմա՞ն, թե՞ հակառակը՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման են տանում։

– Պետք չէ այդպիսի ընտրություն դնել՝ պատերազմ, թե խաղաղություն։ Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, այս իրավիճակը դեռ երկար կարող է շարունակվել։ Եթե զիջումներ չկան, չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսվելու։ Կրակոցները կարող են շարունակվել մեկ կամ հինգ տարի, բայց դա պարտադիր պատերազմ չի նշանակում։ Չգիտես ինչու եւ՛ Բաքվում, եւ՛ Երեւանում հարցն այդպես են դնում։ Բայց կան հակամարտություններ, որոնք չեն կարգավորվում, ղարաբաղյան հակամարտությունն էլ դրանցից մեկն է։

Դուք խոսեցիք փոխզիջումների մասին, եթե դրանք հստակ լինեին, մենք կլսեինք դրա մասին։ Ոչ ոք Բաքվում այսքան ժամանակ չի ասել, որ մենք կողմ ենք, որ Ղարաբաղը տանք հայերին այսինչ բանի դիմաց։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն այդ մասին չի եղել։ Ինչ վերաբերում է Սարգսյանին, ապա ձեր նախագահը հիմա ավելի շահեկան կարգավիճակում է՝ Ղարաբաղը ձեր վերահսկողության տակ է, գումարած դրա շուրջ գտնվող 7 շրջանները, եւ ինչ-որ զիջումների մասին հայկական կողմը կարող է խոսել։

Բաքվում իրավիճակն ավելի բարդ է. կան փախստականներ, որոնք բավականին մեծ դեր են խաղում։ Ադրբեջանը զիջումների գնալու շատ ավելի քիչ հնարավորություն ունի։

– Ռուսաստանը 200 մլն դոլար վարկի դիմաց զենք է վաճառելու Հայաստանին, հայաստանյան եւ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ գործարքը ներառելու է նաեւ «Իսկանդեր–Մ»-ի վաճառքը։ Սա ինչպե՞ս կազդի հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության վրա։

– Ես չեմ կարող նշել, թե զենքն ինչպես կազդի մյուս կողմի վրա՝ ռազմական փորձագետ չեմ։ Որպես քաղաքագետ՝ կարող եմ միայն արձանագրել, որ Ադրբեջանը զենք Ռուսաստանից ստանում է շուկայական գներով, իսկ Հայաստանը արտոնյալ պայմաններով։ Չեմ կարծում, թե Ռուսաստանում հիմարներ կամ ինքնասպաններ են, եւ համոզված եմ, որ այնպես չեն անում, որ իրավիճակը ստատուս քվոյից դուրս գա: Առայժմ ստատուս քվոն կպահպանվի, որովհետեւ կողմերը պատրաստ չեն խաղաղության։ Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը իրավիճակ փոխի, եթե կողմերը չեն ուզում։

Սարգսյանի զիջումները որո՞նք են՝ տալ, օրինակ, հինգ շրջան, բայց պահպանել Ղարաբաղը, իսկ հարց է՝ Ադրբեջանում դա առհասարակ փոխզիջում համարո՞ւմ են։ Որոշում կլինի այն ժամանակ, երբ երկու նախագահները կասեն. «Ահա հինգ կետ, մենք դրանք համաձայնեցրել ենք»։ Իսկ մինչ այդ մենք պարզապես հետեւելու ենք իրադարձություններին, համանախագահների հայտարարություններին եւ սահմանի ժամանակ առ ժամանակ լարված իրավիճակին։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031