Ատոմակայանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տարեսկզբի հինգ ամիսներին ավելացել է 15,5 տոկոսով։ Այն գերազանցել է 1 մլրդ 266 մլն կՎտ-ն։ Վերջին չորս տարիներին կայանը նույնքան հոսանք է տվել միայն 2013թ.։ Մինչդեռ, ինչպես 2014թ., այնպես էլ 2011-2012թթ., ԱԷԿ-ի արտադրած հոսանքի քանակը նշված ժամանակահատվածում չի գերազանցել 1158 մլն կՎտ-ն։
Բնակլիմայական բարվոք վիճակը նպաստել է նաեւ հիդրոկայաններում արտադրված էլեկտրաէներգիայի ավելացմանը։ Նախորդ տարվա համեմատ աճը եղել է 8,7 տոկոս։ Հէկերում արտադրության քանակները գերազանցել են ինչպես 2013թ., այնպես էլ 2012թ. մակարդակը։ Այն, սակայն, զիջել է 2011թ. արտադրության ծավալը։ Այդ տարի հէկերը թողարկել են ռեկորդային քանակությամբ՝ 1 մլրդ 78 մլն կՎտ էլեկտրաէներգիա։
Ի տարբերություն ատոմակայանի եւ հէկերի, այս տարի զգալիորեն նվազել է ջերմային կայաններում արտադրված հոսանքի քանակը։ Այն կրճատվել է 26,5 տոկոսով՝ կազմելով 940 մլն կՎտ։
Սա վերջին երեք տարիներին արձանագրված ամենացածր ցուցանիշն է։ Այն մշտապես գերազանցել է մեկ միլիարդի շեմը։ Ավելին՝ ջերմային կայանները ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա են արտադրել 2012թ. առաջին հինգ ամիսներին, որը եղել է ավելի քան 1,3 մլրդ կՎտ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ջէկերն արտադրել էին 2 մլրդ 280 մլն կՎտ հոսանք։
Տարեսկզբին արտադրության պրոցեսից հիմնականում դուրս է եղել «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Հրազդան-5» կայանը, որի արտադրության գինն այս պահի դրությամբ ամենաթանկն է էներգետիկ համակարգում։
Կարդացեք նաև
Էներգաարտադրությանը մասնակցել են միայն Երեւանի եւ Հրազդանի ջէկերը։ Հիշեցնենք, որ «Երեւան ՋԷԿ»-ում էլեկտրաէներգիայի դեռեւս գործող սակագինը 18,1 դրամ է, իսկ «Հրազդան ՋԷԿ»-ում՝ 36,9 դրամ։
Էներգաարտադրության կառուցվածքում տարեսկզբին նկատվող այս փոփոխությունները անկասկած դրական գործոն են համակարգի ֆինանսական շարժերի համար։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում