Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մանուկյան. Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները հիմա ավելի ջերմ են, քան 6 ամիս կամ մեկ տարի առաջ. «Ժամանակ»

Հուլիս 23,2015 10:29
Andranik manukyan

Հատված Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի հարցազրույցից:

– Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները միջնորդավորված են և կապված են Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների հետ: Արդյոք Դուք Ձեր գործունեության վրա զգո՞ւմ ենք ռուսական ազդեցությունը, և ինչո՞վ է այն արտահայտվում:

– Դեռ նախագահ Յուշչենկոյի ժամանակ, երբ ստեղծվեց ՎՈւԱՄ-ը, Ուկրաինան ընդգծված պրոադրբեջանական քաղաքականություն էր վարում, ճիշտ է՝ դա բացահայտ չէր հայտարարվում: Երբ իշխանության եկավ Վիկտոր Յանուկովիչը, Ուկրաինայի քաղաքականությունը որոշակի փոփոխություն կրեց դեպի հավասարակշռում: 2010թ. նախագահ Սարգսյանը ինձ առաջարկեց ղեկավարել Ուկրաինայում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը, և ես հանձն առա կատարել այդ պարտականությունը՝ վստահ լինելով, որ իմ ունեցած գիտելիքներն ու կապերը կարող եմ օգտագործել ի նպաստ Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերությունների էլ ավելի սերտացման:

Այդ հարաբերությունները ավելի խորացան նախագահ Սարգսյանի Ուկրաինա կատարած այցից հետո, և այդ այցից հետո Ուկրաինայի իշխանությունները Հայաստանի դեսպանատան և հայկական եկեղեցի կառուցելու համար անվարձահատույց հողատարածքներ տրամադրեցին: Քաղաքական հարաբերությունների կարգավորմանը հետևեց նաև առևտրատնտեսական կապերի խորացումը, ապրանքաշրջանառությունը աճում էր, բայց 2013թ. վերջին սկսվեց ուկրաինական հեղափոխությունը, որի արդյունքում Յանուկովիչը փախավ երկրից, և իշխանության եկան նոր ուժեր, որոնց հետ մենք կառուցում ենք փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված քաղաքականություն:

Ես՝ որպես դեսպան, հիմա չեմ ուզում մտնել Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների մեջ, իմ խնդիրն է հոգ տանել Ուկրաինայում ապրող մեր քաղաքացիների, հայ համայնքի իրավունքների պաշտպանության համար, որպեսզի հայությունը իր թիկունքում զգա Հայաստան պետության աջակցությունը: Ես կատարում եմ Երևանից իջեցված հանձնարարականները և անում եմ իմ ուժերի ներածի չափով հնարավորն ու նույնիսկ անհնարինը, որ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները լինեն հնարավորինս բարձր մակարդակում: Ես կարող եմ արձանագրել, որ դա ինձ և դեսպանատան աշխատակիցներին հաջողվում է, քանի որ Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները այս պահին ավելի ջերմ ու բարեկամական են, քան 6 ամիս կամ մեկ տարի առաջ:

– Ինչպիսի՞ն են հարաբերությունները Ուկրաինայի նոր իշխանությունների հետ, արդյո՞ք նրանք Հայաստանը դիտարկում են Ռուսաստանի բարեկամ և այդ իմաստով Ուկրաինային թշնամի երկիր: Ի՞նչ դեր ունեն հայ-ուկրաինական հարաբերությունների ձևավորման գործում Ուկրաինայում ղեկավար պաշտոններ զբաղեցնող հայերը, մասնավորապես՝ ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

– Նախ ուզում եմ ասել, որ Արսեն Ավակովը իսկապես մեծ հայրենասեր է, և երբ այս տարի Ուկրաինայի խորհրդարանում լռության րոպեով հարգվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, դա տեղի ունեցավ Արսեն Ավակովի շնորհիվ: Ապրիլի 23-ին Ուկրաինայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կազմակերպվել էր հուշ-երեկո՝ ի նշան հարգանքի մեր զոհերի 100-ամյա տարելիցի, հնչեցին Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Մոցարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այդ միջոցառմանը ներկա էր Արսեն Ավակովը, և նրա հետ ներկա էին Ուկրաինայի խորհրդարանի 40-ից ավելի պատգամավորներ: Ապրիլի 24-ին Գերագույն ռադայի պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին ևս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու իր առաջարկը հնչեցրեց Արսեն Ավակովի հորդորով:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի իշխանությունների հետ հարաբերություններին՝ պատմեմ ընդամենը մեկ դրվագ: Ես իսկապես հուլիսի 13-ին հանդիպել եմ Ուկրաինայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նատալյա Գալիբարենկոյի հետ, բայց ոչ թե կեղծ պետհամարանիշերի հարցը քննարկելու համար, այլ իմ խնդրանքով: Տիկին Գալիբարենկոն ընդգծված հակահայկական դիրքորոշում ուներ, և ապրիլի 24-ի միջոցառումների իրականացման շրջանում փորձում էր խոչընդոտել մեր՝ տեղի համայնքների կողմից իրականացվող աշխատանքը: Ես ուզում էի նրա հետ հանդիպել և պարզաբանել, թե ինչումն է խնդիրը, ինչ են արել հայերը կամ Հայաստանը, որ արժանացել են նման վերաբերմունքի:

Մեր հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի, և ես պարզաբանել եմ մեր երկրի քաղաքականությունը: Ես պարզաբանել եմ, թե ինչու մենք դեմ քվեարկեցինք ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը, հիշեցրեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը ևս 1991թ. հանրաքվեի միջոցով անկախացել է Ադրբեջանից, և մենք արդեն 24 տարի պայքարում ենք, որ Ադրբեջանը ընդունի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որ հակամարտությունը կարգավորվի հաշվի առնելով Ղարաբաղի ժողովրդի իր ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի գերակայությունը: Ես պարզաբանեցի, որ Հայաստանը ունի անվտանգության խնդիր, որը լուծում է Ռուսաստանի հետ համագործակցության միջոցով:

Մեր զրույցի ավարտին տիկին Գալիբարենկոն հայտնեց, որ իրեն հասկանալի է Հայաստանի դիրքորոշումը, և ես համոզված եմ, որ այն լարվածությունը, որ կար՝ հարթվեց:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031