Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը տքնում է, ընդդիմությունը՝ հեգնում

Հուլիս 23,2015 16:30

Ինչո՞ւ ԱՎԾ-ի հրապարակած 3,8 տոկոս տնտեսական աճը տեսանելի չէ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով։ Ընդ որում, աճի տեմպը հունվար-մայիսի համեմատ արագացել է: Հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին` 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլին եւ հունվար-մայիսին` 2,7-ական տոկոս: Այս տարվա միայն հունիսին նախորդ տարվա` 2014-ի հունիսի համեմատ, աճը կազմել է 7,9 տոկոս, իսկ նախորդ ամսվա` մայիսի նկատմամբ աճը երկնիշ է` 15,8 տոկոս:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը միանգամայն իրատեսական է համարում տնտեսական ակտիվության այս ցուցանիշը: Ի հեճուկս դիտարկման՝ ինչպե՞ս կարող էր տնտեսական առումով Հայաստանի համար ծանր այս տարում նման աճ արձանագրվել, մանավանդ, եթե հաշվի առնենք նաեւ աշխարհաքաղաքական իրողությունները, այդ թվում նաեւ՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում Հայաստանի համար առաջացած բարդությունները, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց. «Նման ընդհանրական գնահատական տալն արդարացված չէ: ԱՎԾ-ի հրապարակած տվյալներում պետք է մանրամասները նայել, եւ եթե ինչ-որ մի թիվ անհավանական է թվում, խորամուխ լինել»:

Այս իմաստով մեր զրուցակիցը միանգամայն հավանական է համարում հետեւյալ թվերը. «Աճի տեմպի ավելացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալների աճով: Որոշակի աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում, շինարարությունում աճը չնչին է, իսկ առեւտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին կեսին աճել են երկնիշ թվով` 14,5 տոկոսով, արդյունաբերությանը` 5,1 տոկոսով, ծառայություններինը` 3,3 տոկոսով, շինարարությանը` 0,6 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 8,2 տոկոսով: Ըստ տնտեսության ճյուղերի՝ հունիսին մայիսի նկատմամբ գյուղատնտեսությունն աճել է 79,2 տոկոսով (էական դեր ունի սեզոնային գործոնը), արդյունաբերությունը` 10,2 տոկոսով, շինարարությունը՝ 21 տոկոսով, առեւտուրը` 16,4 տոկոսով, ծառայությունները` 9,2 տոկոսով: Ինչ վերաբերում է 2015-ի հունիսի ցուցանիշների համեմատությանը 2014-ի հունիսի հետ, ապա արդյունաբերության աճը կազմել է 8,1 տոկոս, գյուղատնտեսությանը` 38 տոկոս, ծառայություններինը` 1,5 տոկոս, շինարարությանը` 1 տոկոս, առեւտուրը արձանագրել է անկում` 6,6 տոկոսով:

Գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 973 մլրդ 735 մլն դրամ: Երկրորդը արդյունաբերության արտադրանքի ծավալն է` 613 մլրդ 639 մլն դրամ, երրորդը` ծառայությունների ծավալը` 537 մլրդ 899 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 235 մլրդ 551 մլն դրամ, շինարարությանը` 134 մլրդ 914 մլն դրամ»:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեով ամրագրված է տարեվերջին ապահովել 4,1 տոկոս տնտեսական աճ: ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկի կողմից` 0,8 տոկոս, թեեւ Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցիչը վերջերս բավական դրվատանքով էր խոսել Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեության մասին, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը անգամ մինչեւ 1 տոկոս անկում է կանխատեսում:

Նկատի ունենալով հրապարակված վեցամսյա տվյալները՝ Գագիկ Մինասյանն ասում է, որ դրանք լավատեսության հիմքեր են տալիս:

Մինչդեռ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հեգնանքով է վերաբերվում ԱՎԾ-ի հրապարակած տվյալներին. «Այդքան նվազ թիվ ո՞նց են ստացել: Ես կարծում էի, որ 13,8 տոկոս տնտեսական ակտիվություն պիտի լիներ, քանի որ բոլորը հիմա ընկած տարածքներ են ման գալիս, որպեսզի վարձակալեն, ոչ ոք իր ունեցվածքը չի վաճառում, ոչ ոք իր բիզնեսը չի փակում: Մանավանդ, որ առեւտրաշրջանառությունն էլ ընկել է, տնտեսական աճի ցուցանիշը պիտի մեծ լիներ»:

Իշխանական պատգամավորը սպասելիքներ ունի նաեւ վարչապետի՝ վերջերս Չեխիա, Ֆրանսիա, ՌԴ կատարած այցերից: Թեեւ մամուլում դրանք որակվեցին իբրեւ «ամառային տուրեր», բայց Գագիկ Մինասյանը ավելի լուրջ է մոտենում դրանց. «Բացի նրանից, ինչ որ հրապարակվեց մամուլում, այլ մանրամասների չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ այդ այցերի հիմքում Հայաստանի կայուն տնտեսական աճի ապահովումն է՝ երկարատեւ ժամանակահատվածի համար»:
Ընդդիմադիր գործիչը դարձյալ հեգնում է. «Այո, եւ հատկապես ԵՏՄ մտնելուց հետո մեր երկրում ներդրումները շեշտակի աճեցին ու մի քանի միլիարդ են կազմում, դրա համար էլ անհասկանալի է այդ փոքր տնտեսական ակտիվությունը: Ես չեմ հավատում ԱՎԾ-ի տվյալներին, հատկապես, որ այս տարվա վերջին ամիսներին կտրուկ ավելացան Հայաստան մտնող տրանսվերտները: Դրանք մինչ այժմ ավանդաբար ՌԴ-ից էին գալիս, այժմ Արեւմուտքից էլ մի քանի միլիարդի հասնող տրանսվերտներ են գալիս Հայաստան: Դրա համար ԱՎԾ-ի տվյալները հավատ չեն ներշնչում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031