Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գիտեն սահմանադրական բարեփոխումների մասին Հայաստանի քաղաքացիները

Հուլիս 23,2015 16:00

Սահմանադրական բարեփոխումների մասին մատուցված
տեղեկատվությունը չի հասնում քվեարկողներին

Սահմանադրական բարեփոխումների նախագծի ութ գլուխների հրապարակումից հետո մասնագիտական եւ քաղաքական շրջանակներում քննարկումներն ավելի մեծ թափ ստացան, մեծամասնությունը քննադատեց, մերժեց Սահմանադրությունը փոխելու իշխանությունների քայլը, մի մասը փորձեց գտնել հրապարակվածի դրական կողմերը, դրանց իրականանալու դեպքում սպասվող դրական շարժերը, «փոքրամասնությունը» սահմանադրական բարեփոխումները համարեց լավագույն ճանապարհը երկրում ժողովրդավարության ամրապնդման համար:

Մինչ քննարկումները առավել տեղեկացվածների մոտ շարունակվում են՝ հասարակության ամենամեծ տոկոսը՝ սահմանադրական բարեփոխումներին «դեմ» կամ «կողմ» քվեարկողների մեծամասնությունը, մնում է ստվերում: «Առավոտը» փորձել է փոքրիկ հարցախույզի միջոցով պարզել, թե ինչ գիտեն իրենց սպասվող քվեարկության մասին Հայաստանի քաղաքացիները, ինչ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ: Հարցերը տրվել են ամենատարբեր տարիքի, զբաղվածության եւ տեղեկացվածության մակարդակի մարդկանց:

«Դրանից առաջվանները ինչո՞վ են կյանքս փոխել, որ հիմա նորը փոխի: Էրեկ ցույց էին տալիս հեռուստացույցով, շատ բան չեմ հասկացել: Մենակ մի բան գիտեմ, որ ինչ էլ անում են, մեր իշխանություններն իրենց համար են անում, ոչ թե մեր»,- ասում է 47-ամյա տնային տնտեսուհի Սուսաննա Հովհաննիսյանը եւ նշում, որ ինքը չգիտի էլ, թե ոնց է փոխվելու Սահմանադրությունը: Մեր բացատրելուց հետո, որ ժողովուրդն է քվեարկությամբ որոշելու, ասում է. «Ոչ» եմ քվեարկելու, չնայած եթե իրենց պետք ա, որ «այո» լինի, հաստատ մի բան կանեն»:

52-ամյա Արմեն Այվազյանը, որն ամեն օր հետեւում է հեռուստացույցով հեռարձակվող լրատվական հաղորդումներին, երբեմն էլ թերթ է կարդում, ասում է, որ տեղյակ է սահմանադրական բարեփոխումներից, գիտի, որ, ըստ փոփոխությունների, երկրի կառավարման համակարգը դառնալու է խորհրդարանական: Մեզ հետ զրույցում նկատում է, որ զարգացած պետություններում կառավարման այդ մոդելը աշխատող է, իսկ մեր դեպքում, ինչպես մեր ունեցած այս Սահմանադրությունը, չի աշխատելու: Համարում է, որ մեղքը բոլոր դեպքերում ոչ միայն իշխանություններինն է, այլ նաեւ այն մարդկանց, որոնք իրենց իրավունքներն ու պարտականությունները չգիտեն ու չեն կարողանում պաշտպանել:

53-ամյա բլոգեր Anushanahit-ը մեզ հետ զրույցում ասում է. «Լավ ճանաչելով բարեփոխումների հեղինակներին՝ արդեն անգիր գիտեմ իրենց ձեռագիրը: Ես լավ բան չեմ սպասում էս «բարեփոխումներից»: Չեմ կարդացել ու չեմ էլ կարդալու, էնքան որ վստահ եմ՝ դա միայն չարիք կարա բերի մեր գլխին: Ու բոյկոտելու եմ»:

«Առավոտը» առավել շատ թեմայի շուրջ հարցեր ուղղեց երիտասարդներին՝ հաշվի առնելով, որ նրանց ներկան ու ապագան առավել շատ է առնչվելու Մայր օրենքի հետ: Ի զարմանս մեզ՝ այստեղ տեղեկացվածության պակասն առավել շատ էր:
Երիտասարդներից մեկը, որը համալսարանավարտ է, մեզ փորձեց «հարցաքննել»՝ արդեն ընդունվե՞լ է Սահմանադրությունը, մեր պատասխանից, թե ընտրողներից մեկն էլ ինքն է լինելու, զարմացավ: Բացատրեցինք, որ հանրաքվե է լինելու. «Ես ի՞նչ պետք է անեմ, ընտրե՞մ: Այ մարդ, թե չէ՝ չգիտենք. ինչ ուզում են, էտ էլ կլինի: Ես «ոչ» եմ ասում, բայց ո՞վ ա ինձ լսելու»,- ասում է նա: Մեր հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, թե ինչն է փոխվելու Սահմանադրության մեջ, ասում է՝ ոչ. «Բայց դե, գիտեմ, լավ բան չի լինի»:

Նկատենք, որ մեր կողմից հարցված երիտասարդների մեծ մասը մատուցված տեղեկատվությունը թյուր էր ընկալել: Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում միայն նշում են, որ սահմանադրական բարեփոխումների մասին «ֆեյսբուքում են կարդացել», գիտեն միայն, որ նոր Սահմանադրությամբ նախագահը անընդհատ կարող է ընտրվել: 25-ամյա Նելլի Գասպարյանն էլ ասում է, որ թեմայով առանձնապես չի հետաքրքրվել, միայն գիտի, որ նոր Սահմանադրությամբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նորից կարող է ընտրվել, ինչն ինքն անձամբ չի ցանկանա:

22-ամյա գրաֆիկ-դիզայներ Դավիթ Տիգրանյանն էլ մեզ հետ զրույցում ասում է, որ ոչինչ չգիտի այդ մասին, բայց արդեն մեր հարցերից հետո թեման իրեն էլ հետաքրքրեց, որոշել է այսուհետ այն ուսումնասիրել:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031