Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմից փրկված սիրիահայերը օգտագործած ապրանքների համար Հայաստանում մաքսատուրք են վճարում

Հուլիս 23,2015 15:00

Սիրիահայ ընտանիքը Հալեպից իրենց օգտագործած կենցաղային ապրանքները Հայաստան ուղարկելու ու դրանք այստեղ ստանալու համար ստիպված է եղել մաքսատուրք վճարել: Ընտանիքը պատերազմական գոտուց հազիվ մազապուրծ եղած՝ ժամանակ էլ չի ունեցել ծանոթանալու հայաստանյան օրենքներին, որպեսզի խուսափի օգտագործած ապրանքների համար ավելորդ ծախսեր անելուց: Բայց, ինչպես ասում են, օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Մինչդեռ կառավարությունը սիրիահայերին աջակցության մասին պարբերաբար հիշեցնելու փոխարեն՝ լավ կաներ այնպիսի մեթոդ մշակեր, որ գոնե սիրիահայերը մաքսային պատասխանատվության չենթարկվեին, այն էլ՝ օգտագործված ապրանքների համար:

«Առավոտի» հետ զրույցում Ժոզեֆ Դոլմաջյանը, որն արդեն 4 տարի է՝ Հայաստանում է ապրում, պատմեց, որ հունիս ամսին իր ընտանիքի անդամները որոշել էին տեղափոխվել Հայաստան: Մինչ այստեղ մեկնելը՝ այս ընտանիքը որոշել է առաջին անհրաժեշտության կենցաղային օգտագործած իրերն ու մի քանի կտոր հագուստ ուղարկել, որպեսզի այստեղ ժամանելուց ու հաստատվելուց հետո ստիպված չլինեին նոր ծախսեր անել:

28-ամյա Ժոզեֆի պատմելով՝ հայրը այդ բեռը Հայաստան է ուղարկել որդու անունով՝ մտածելով, թե մի ընտանիք են, ինչ տարբերություն: Երբ Ժոզեֆը փորձել է հոր ուղարկած բեռը ստանալ, նրան վստահեցրել են, որ մոտ 100 հազար դրամ մաքսատուրք պիտի վճարի: Մաքսայինները Ժոզեֆին բացատրել են, որ, ըստ օրենքի, որպեսզի այդ օգտագործած ապրանքները առանց մաքսի ստանան, հայրը պիտի ոչ թե որդու, այլ հենց իր անունով ուղարկեր բեռը եւ հասցներ 180 օրվա ընթացքում գալ Հայաստան ու առանց լումա վճարելու ստանար ապրանքը:

«Բայց, ասենք թե, հայրս չէր հասցնում գալ կամ ասենք՝ մի բան պատահեր, վերջիվերջո պատերազմական գոտի է, ու իր անունով ուղարկած լիներ բեռը, ի՞նչ պիտի լիներ, պիտի կորե՞ր այդ բեռը: Այս տրամաբանությամբ ու նաեւ մտածելով, որ ընտանիքի նույն անդամին է ուղարկում ապրանքը, իմ անունով է գրել»,- ասաց Ժոզեֆը: Երիտասարդին մաքսայինները նաեւ բացատրել են, որ օրենքը նաեւ այն բանի համար է, որպեսզի օգտագործածի անվան տակ մարդիկ բիզնես չանեն, որովհետեւ լինում են դեպքեր, երբ նոր ապրանքներ են ուղարկում՝ այստեղ վաճառելու համար: «Ես մաքսային քննիչին խնդրեցի, որ ապրանքը ստուգեն ու համոզվեն, որ այնտեղ վաճառելու պիտանի ապրանք չկա, ամենը օգտագործած է եւ մեզ համար է, բայց ապարդյուն»,- պատմեց երիտասարդը:

Ժոզեֆի հայրն ու ընտանիքի այլ անդամները Հալեպից ժամանող բեռից շուտ են Հայաստան հասել, եւ երբ փորձել են անվանափոխություն անել ու բեռը գրանցել հոր անունով, կրկին մերժել են՝ պատճառաբանելով, թե նման բեռը չենք կարող անվանափոխություն անել, եթե ավտոմեքենա լիներ, հնարավոր կլիներ:
«Քանի որ Կարգոյով էր եկել բեռը, ամեն մի լրացուցիչ օրվա համար 6000 դրամ պիտի վճարեինք, հաջորդ օրը՝ 6500, ու այդպես շարունակ: Մենք էլ չցանկացանք պայքարել, ու ավելի գումար չվճարելու համար 101 հազար դրամ մաքսատուրքը վճարեցի, 15 հազար դրամ էլ՝ մաքսային բրոքերի ծառայության համար: Ես հասկանում եմ, որ ՀՀ օրենքները պիտի հարգենք ու կատարենք, ուզում եմ բոլոր սիրիահայերը, որոնք գալիս են Հայաստան, գոնե տեղեկացվեն, որ այսպիսի խնդիր կա, որովհետեւ պատերազմից փրկված, այստեղ փախած ամեն մի ընտանիքի համար դա մեծ գումար է: Հալեպից բեռնափոխադրմամբ մի հայկական ընկերություն է զբաղվում, գոնե նրանք բարի լինեն տեղեկացնեն այս նրբությունների մասին, որպեսզի սիրիահայերը խնդրի առաջ չկանգնեն»,- ասաց Ժոզեֆը, որի ընտանիքը Երեւանում բնակվում է վարձակալած բնակարանում, իսկ 116 հազար դրամը նրանց համար քիչ փող չէ: Երիտասարդը նաեւ ասաց, որ չի էլ փորձել Սփյուռքի նախարարությանը աջակցության համար դիմել, քանի որ, ինչպես ինքն ասաց, մինչեւ պատասխան ստանար, մի ամիս էլ կձգձգվեր, ու այդ օգտագործած ապրանքների համար շատ ավելի մեծ գումար պիտի վճարեին:

Գուցե ճիշտ կլիներ կառավարությունը այսպիսի ընտանիքների համար որեւէ արտոնություն սահմաներ, որպեսզի Հայաստան ժամանելիս առաջին իսկ պահից, ինչպես Ժոզեֆի ընտանիքն է, հիասթափություն չապրեն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Հայաստանի Մաքսային Ծառայությունները Հայոց ազգի ու պետականության դեմ են գործում: Ամբողջովին կոռումպացված, վերից վար հանցագործ տարրերով լցված համակարգ է:Դա առանձնապես տեսանելի է ավտոմեքենաներով Հայրենիք եկող հայերին և օտարերկրացիներին: Եվ մանավանդ Վրաստանի մաքսային ծառայությունների հետ առնչվելուց հետո, Հայաստանը օտարերկրացիներին երևում է, որպես խեղճ, անկուլտուրական, հետամնաց ու գող մարդկանց երկիր:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031