«Հիմա՝ այս սեզոնին, մեր այցելուները ավելի շատ տղամարդիկ են, քան կանայք, քանի որ շոգ է, եւ հարդարման կարիք հաճախ չէ, որ կանայք զգում են: Եթե համեմատելու լինենք հայ հաճախորդներին եւ օտարազգի, ապա կարող եմ ասել, որ հայերը ավելի քմահաճ են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ժաննա Հարությունյանը, որը 3 տարի առաջ է Սանկտ Պետերբուրգից վերադարձել հայրենիք՝ Արտաշատ, եւ այստեղ գեղեցկության սրահի բիզնես է դրել: Նրան այդ հարցում օգնել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Հայ օգնության միության հետ միասին: Հակառակ դեպքում, Ժաննայի խոսքերով, ինքնուրույն շատ դժվար է Հայաստանում բիզնես սկսել: Գործարարին օգնել են «Աջակցություն շրջանառու միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը բացառապես նախատեսված է հայրենիք վերադարձող միգրանտներին աջակցելու համար. գումարը տրվում է մինչեւ 10 հազար եվրոյի սահմաններում:
«Ռուսաստանում եւս աշխատում էի որպես վարսահարդար, մտադրություն ունեի սեփական սրահ ունենալ, բայց ստացվեց այնպես, որ տեղափոխվեցինք Հայաստան, եւ, իմանալով ծրագրի մասին, դիմեցի եւ նրանց աջակցությամբ 1 միլիոն 800 հազար դրամ ստացա, բացեցի «Ժեմչուժինա» գեղեցկության սրահը»,- պատմում է Ժաննա Հարությունյանը: Նրա խոսքերով. «Հայաստանում դժվար է, ամեն դեպքում այդ հնարավորությունը այնպես չեն տալիս, ինչպես օտար երկրում, բայց ամեն դեպքում այս օգնությունն ինձ համար մեծ բան էր, քանի որ ես պետք է այս սրահը բացեի, բայց այս աջակցությունը հնարավորություն տվեց մի քիչ մեծ մասշտաբով բացել սրահը»: Գեղեցկության սրահում կա 6 նոր աշխատատեղ, որը, ըստ սրահի տնօրենի, կավելանա առաջիկայում: Սրահում գործում են վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման եւ կոսմետոլոգիայի ծառայություններ, որտեղ, ըստ Ժաննա Հարությունյանի, գները այլ սրահների համեմատ ավելի մատչելի են:
Սիլվա Գալստյանն արդեն 4 ամիս է՝ Արտաշատ քաղաքի զբաղվածության տարածքային կենտրոնի ծրագրով հիմնել է իր սեփական բիզնեսը՝ մատուցելով տպագրության ծառայություններ: Առաջարկվում է մինչեւ 7-8 ծառայություն, եւ չնայած ամռանը պատվերները նվազել են, բայց, այնուամենայնիվ, Սիլվա Գալստյանն այս բիզնեսը հեռանկարային է համարում:
«Զբաղվածության կենտրոնում գրանցված եմ որպես գործազուրկ, այնտեղից առաջարկեցին բիզնես սկսել, եւ 50 տոկոս իրենց կողմից աջակցություն ստացա՝ 990 հազար դրամ, գնեցինք համապատասխան սարքավորումներ եւ աշխատում ենք»,-ասաց Ս. Գալստյանը:
Կարդացեք նաև
Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը ասաց, որ բացի բիզնես-ծրագրերից՝ կա նաեւ սեզոնային զբաղվածության ծրագիր, որը գործում է անցած տարվանից: Այս տարի ծրագրից օգտվում են 250 հողօգտագործող, որոնք վարձատրվում են իրենց սեփական հողատարածքը մշակելու համար: Պարոն Ավետիսյանը նշեց, որ զբաղվածության ծրագիրը մեկնարկելուց հետո կային միգրանտներ, որոնք վերադարձել եւ իրենց հողն են մշակում:
Նշենք, որ «Առավոտի» այցը Արտաշատ կազմակերպել էր «Peopie in need» հայաստանյան ներկայացուցչությունը՝ մեդիատուրի շրջանակներում:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2015