Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննադատվում է անգամ նախագծի այնպիսի դրույթ, որը նույնությամբ կա գործող Սահմանադրության մեջ

Հուլիս 23,2015 14:00

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավագիտության թեկնածու Սայադ Բադալյանի հետ հարցազրույցը շրջանառության մեջ դրված ՀՀ Սահմանադրության նախագծի առանձին դրույթների վերաբերյալ է:

– Ի՞նչ կասեք նախագծի մասին, հասցրե՞լ եք ծանոթանալ:

– Նախագծի վերաբերյալ իմ կարծիքն, ընդհանուր առմամբ, դրական է, քանի որ դրանով առաջարկվող կառավարման մոդելն ավելի բարենպաստ է պետության ժողովրդավարական զարգացման համար: Իհարկե, նախագիծը զերծ չէ նաեւ այնպիսի դրույթներից, որոնք դեռեւս վերանայման կամ հղկման կարիք ունեն: Հենց այս նպատակով էլ նախագիծը դրվել է հանրային քննարկման, որպեսզի ստացված առաջարկությունների, դիտողությունների եւ քննադատությունների հաշվառմամբ առավել հաջողված փաստաթուղթ ստանանք: Ընդ որում, ինձ համար ողջունելի է այն փաստը, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել դրա մշակման վաղ փուլում, երբ անգամ պատրաստ չէ ամբողջական տեքստը: Հայտնի է, որ ինչքան վաղ է որեւէ իրավական ակտի նախագիծ դրվում հանրային քննարկման, այնքան մեծ է հավանականությունը, որ ստացված առաջարկություններն ու դիտողություններն իրապես կարող են նպաստել նախագիծը որակական առումով բարելավելու համար: Ցանկալի է, որ իրավական ակտերի նախագծերը դրանց մշակման վաղ փուլերում հանրային քննարկման դնելու այս մշակույթը հետագայում կիրառվի նաեւ ընթացիկ օրենսդրական գործընթացում:

– Ընդունո՞ւմ եք նախագիծը գործող Սահմանադրության հետ համեմատելու համատեքստում հնչող քննադատությունները:

– Նախագծի վերաբերյալ բավական բուռն արձագանքն, իհարկե, ուրախալի է եւ թույլ է տալիս հետեւություն անել, որ հանրությունն անտարբեր չէ ընթացող սահմանադրական զարգացումների նկատմամբ: Սակայն այս ընթացքում եղան նաեւ ինքնանպատակ քննադատություններ, երբ, օրինակ, քննադատվում էր նախագծի այնպիսի դրույթ, որը նույնությամբ ամրագրված է գործող Սահմանադրությամբ: Շատ դեպքերում էլ, իմ կարծիքով, անհարկի մեծ ուշադրություն է դարձվում ոչ այդքան հիմնարար, երբեմն տեխնիկական բնույթի թերությունների վրա` այն դեպքում, երբ նախագծում իրականում կան բազում այլ հարցեր, որոնք ունեն ուշադրության ավելի մեծ կարիք: Այս առումով ցանկալի կլիներ, որ քննադատությունը տեղափոխվեր առավել կառուցողական դաշտ:

– Նախագծում ամենից շատ քննադատության արժանացավ անհրաժեշտ ուժի կիրառման վերաբերյալ դրույթի սահմանումը, մասնավորապես` 23-րդ հոդվածի 2-րդ կետը:

– Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասը բառացիորեն վերարտադրված է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայից, եւ այս համատեքստում ինձ համար անհիմն են այն կարծիքները, թե այստեղ ինչ-որ թաքնված դավադրություն կա: Միեւնույն ժամանակ, այս հոդվածի հետ կապված մտահոգությունները նաեւ գալիս են այն բանից, որ 23-րդ հոդվածի 2-րդ մասը կարծես ոչ ամբողջական է, քանի որ մասնավորեցված չեն այն դեպքերը, երբ բացարձակապես անհրաժեշտ ուժի գործադրումը կարող է հիմք հանդիսանալ անձին կյանքից զրկելու համար: Եվրոպական կոնվենցիայում, օրինակ, այդ դեպքերը նշվում են: Դրանք են.
ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելը,
բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելը,
գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան ձեռնարկված գործողությունը:
Կարծում եմ` այս տեսանկյունից նախագծի 23-րդ հոդվածը, ամենայն հավանականությամբ, կվերանայվի:

– Ի՞նչ կասեք Ազգային ժողովի պատգամավորների թվի վերաբերյալ բանավեճի կապակցությամբ: Էականն, ի վերջո, թի՞վն է, թե՞ որակը, գործառույթները:

– Նախագծով ԱԺ պատգամավորների հստակ թիվ չսահմանելը պայմանավորված է ԱԺ ընտրությունների համար ընտրված ընտրական համակարգով, որը դեռ պետք է իր մանրամասն կարգավորումը ստանա ապագայում ընդունվելիք Ընտրական օրենսգրքով: Սահմանադրությամբ պառլամենտի անդամների հստակ թիվ չֆիքսելը բավական հաճախ հանդիպող երեւույթ է նաեւ մի շարք այլ խորհրդարանական կառավարման ձեւ ունեցող պետություններում: Այս առումով ինքնին պատգամավորների միայն նվազագույն թիվը սահմանելու մեջ խնդիր չեմ տեսնում:

Միեւնույն ժամանակ, նախագծի «Ազգային ժողովի կազմը եւ ընտրության կարգը» վերտառությամբ հոդվածը նույնպես, իմ կարծիքով, որոշակի հստակեցումների կարիք ունի: Մասնավորապես, ապագայում ներդրվելիք ընտրական համակարգի սկզբունքների վերաբերյալ հանրությունը տեղեկացավ ոչ այնքան նախագծի բուն տեքստին ծանոթանալով, այլ նախագծի հրապարակումից հետո տրված պարզաբանումներով: Մինչդեռ հենց Սահմանադրությունը պետք է տա այդ հարցերի պատասխանը, որոնցից է, օրինակ, այն հարցը, թե ԱԺ ընտրությունների առաջին փուլից հետո հնարավո՞ր է կոալիցիայի ձեւավորում եւ երկրորդ փուլի բացառում, թե՞ ոչ: Հիմնավոր չեմ համարում նաեւ այս սկզբունքային հարցերը Ընտրական օրենսգրքի կարգավորմանը թողնելը, քանի որ օրենքին, անգամ օրգանական օրենքին նման լայն «հայեցողության» դաշտ թողնելը չի բացառում չարաշահումները եւ սկզբնապես նախագծի այս հոդվածում դրված գաղափարից հեռանալը:

– Պարոն Բադալյան, էական ինչպիսի՞ նորամուծություններ կմատնանշեք:

– Նախագծով առաջարկվող ողջունելի նորամուծություններից մեկը օրգանական օրենքների ինստիտուտի ներդրումն է: Օրգանական են համարվում այն օրենքները, որոնց ընդունման համար պահանջվում է պատգամավորների ձայների որակյալ մեծամասնություն: Սա խոչընդոտ է հանդիսանում, որ խորհրդարանական մեծամասնությունը կարողանա միանձնյա կերպով ընդունել մի շարք հիմնարար բնույթ ունեցող օրենքներ: Որակյալ մեծամասնության պահանջը ստիպում է իշխող քաղաքական ուժին կամ ուժերին այս օրենքների ընդունման համար բանակցել խորհրդարանական փոքրամասնության հետ` հաշվի առնելով վերջինիս դիրքորոշումը նույնպես, ինչը թույլ է տալիս արդյունքում առավել հավասարակշռված իրավական կարգավորումներ ստանալ: Միեւնույն ժամանակ, կարծում եմ, այս դեպքում պետք է ավելի հեռուն գնալ: Նախ` անհրաժեշտ է ընդլայնել նախագծի 103-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված օրգանական օրենքների ցանկը: Օրինակ` ինձ համար զարմանալի է այս ցանկում Տեղական ինքնակառավարման մասին օրենքի բացակայությունը: Բացի այդ, նախագծով օրգանական օրենքների ընդունման համար պահանջվող 3/5 մեծամասնության փոխարեն` առավել արդարացված կլինի 2/3 մեծամասնության սահմանումը, ինչը հնարավորություն կտա առավել լայն խորհրդարանական համաձայնություն ապահովել օրգանական օրենքների ընդունման շուրջ:

– Ի՞նչ կասեք «Ազգային ժողովը» գլխի մասին, որի մասին, չգիտես ինչու, խուսափում են իրենց մեկնաբանությունները տալ հատկապես ԱԺ պատգամավորները:

– Նախագծի «Ազգային ժողովը» գլխում նորույթ է նաեւ ԱԺ նոր մարմնի` Ազգային ժողովի խորհրդի վերաբերյալ դրույթը: Պառլամենտի կազմում նման մարմնի գոյությունը լայնորեն ընդունված է այլ պետությունների սահմանադրական պրակտիկայում, օրինակ` Պատգամավորների պալատի բյուրոն` Իսպանիայում, պառլամենտի համապատասխան պալատի նախագահությունը` Իտալիայում եւ այլն: Նախագծով Ազգային ժողովի խորհրդին է վերապահված պատգամավորների կողմից մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսին անհարգելի չմասնակցելու եւ պատգամավորի մանդատի անհամատեղելիության պայմանը խախտելու հանգամանքը փաստելու լիազորությունը: Կարծում եմ, որ նշվածի հետ մեկտեղ ապագայում ընդունվելիք ԱԺ կանոնակարգով Ազգային ժողովի խորհրդին այլ լիազորություններ եւս կտրվեն: Մասնավորապես, արտասահմանյան երկրների փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ մարմինը մեծ դեր է կատարում նաեւ օրինագծերի առաջադրման սահմանված կարգի, այդ թվում` օրինագծին կից փաստաթղթերին ներկայացվող պահանջների պահպանման նախնական ստուգման կառուցակարգում, ինչը թույլ կտա խուսափել օրենսդրական նախաձեռնության փուլի ընթացակարգային պահանջների եւ օրինագծին կից ներկայացվող փաստաթղթերի ձեւականացումից, որպիսի իրավիճակ մենք ունենք ներկայումս: Նկատենք նաեւ, որ նախագծով ընտրված է Ազգային ժողովի խորհրդի այնպիսի կազմ, որի պայմաններում շատ հավանական է նաեւ այն դեպքը, երբ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչների թիվն այս խորհրդում կգերազանցի մեծամասնության ներկայացուցիչների թվին: Հատկապես նման դեպքերում այս մարմինը կարող է արդյունավետ գործիք դառնալ խորհրդարանական փոքրամասնության համար:

– Իսկ կա՞ն այլ դրույթներ, որոնք նույնպես վերամշակման կարիք ունեն կամ ընդունելի չեն Ձեզ համար:

– Կառանձնացնեի օրենսդրական նախաձեռնության սուբյեկտների վերաբերյալ նախագծի կարգավորումները, որտեղ առաջարկվող փոփոխություններն այնքան էլ արմատական չեն: Որպես օրենսդրական նախաձեռնության սուբյեկտ ավելացվել է միայն խմբակցությունը: Առհասարակ, օրենսդրական նախաձեռնության իրագործման պատգամավորների կոլեկտիվ մասնակցության ձեւերի (այդ թվում` խմբակցությունների միջոցով) ներդրումն արդարացված քայլ է եւ բարձրացնում է պատգամավորական նախաձեռնությունների որակն ու հեղինակությունը: Միեւնույն ժամանակ` ինձ համար անակնկալ է նախագծով ԱԺ մշտական հանձնաժողովներին օրենսդրական նախաձեռնության իրավունք չվերապահելը: Ավելին` խմբակցությունների համեմատ մշտական հանձնաժողովներին այս իրավունքի վերապահումն առավել արդարացված է: Խմբակցությունը, ի վերջո, քաղաքական միավոր է, խմբակցության կողմից առաջադրված օրինագծերն արտահայտելու են միայն մեկ քաղաքական ուժի գաղափարներն ու պատկերացումները: Մշտական հանձնաժողովը քաղաքական միավոր լինելուց բացի` ունի նաեւ մասնագիտական ուղղվածություն եւ կազմված է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Սա թույլ կտա մշտական հանձնաժողովներին առավել հավասարակշռված, տարբեր դիրքորոշումներ արտացոլող օրինագծեր մշակել: Հուսով եմ, որ այս առումով նույնպես նախագիծը կվերանայվի եւ վերջնական տեքստում մշտական հանձնաժողովները նշված կլինեն օրենսդրական նախաձեռնության իրավունքի սուբյեկտների թվում` հատկապես հաշվի առնելով, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում օրենսդրական գործունեության բնագավառում ԱԺ մարմինների դերի ամրապնդումն առանձնացված է որպես հայեցակարգային մոտեցում Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման համար:

Հարցազրույցը`
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031