Բելգիայի Անտվերպեն քաղաքում ապրում է բրազիլուհի Գուդյան: Նա բացատրում է, որ անվան արմատը անգլերեն good բառն է, ասում է՝ տեսնո՞ւմ եք՝ անունս էլ է հուշում, որ ես լավ մարդ եմ: Գուդյան, բացի մայրենի լեզվից՝ պորտուգալերենից, խոսում է մի քանի լեզուներով, անգլերենն էլ միախառնված է նիդերլանդերենին: Նա 62 տարեկան է, բայց երիտասարդ աղջկա նման կենսախինդ է, սիրում է հաճախել դիսկոտեկ, համեղ ուտել, լավ սուրճ ու ծխախոտ վայելել, սիրում է խոշոր զարդեր, տղամարդկանց, իսկ տղամարդու իր իդեալը Առնոլդ Շվարցենեգերն է, մեկ էլ՝ բրազիլացի ինչ-որ փոփ երգիչ, որի անունն այս պահին դժվարանում եմ հիշել: Գուդյան շրջել է աշխարհով մեկ ու վերջապես հաստատվել Անտվերպենում, ասում է` ապահովված է, որովհետեւ երկու նախկին ամուսիններից (մեկը` եվրոպացի) բավականին ժառանգություն է ստացել:
Հարցնում եմ՝ չի՞ մրսում Բելգիայում, չէ՞ որ այդտեղ կլիման նման չէ իր հայրենիքի կլիմային: «Հոգ չէ, Բրազիլիայում արեւի բավականին պաշար եմ կուտակել, ինձ կբավարարի մինչեւ կյանքիս վերջը»,- պատասխանում է բրազիլուհին: Նա ունի զավակներ, 5 թոռ, բայց ապրում է` ինչպես ցանկանում է, զարմանում է, որ իր ճանաչած հայ կանայք մի տեսակ չափից դուրս ընտանեկան են եւ հետաքրքրված չեն շատ վայելքներով: Պատմում ու զվարճանում է, որ իր հարեւանուհիներին հաճախ իր հետ sexshop է տանում, խորհուրդներ տալիս, բայց նրանք ոչ մի կերպ չեն լսում իրեն ու գնումներ չեն կատարում: Գուդյայի կարծիքով` նրանք երեւի հետամնաց են:
Գուդյան վերջերս ինչ-որ հայ տղամարդու է հավանել, բայց համակրանքը միակողմանի է՝ քաշվում է բարձրաձայնել: Ասում է, որ շատ կցանկանար այցելել Հայաստան, քանի որ լսել է, որ սիրուն ու հին երկիր է, ժողովուրդն էլ` կրակոտ ու տաքարյուն, պարզապես վախենում է, որ լեզվական խնդիրներ կունենա, իրեն ոչ ոք չի կարողանա հասկանալ, իսկ դա իր համար ամենամեծ վիրավորանքը կլինի: Գուդյան չափազանց հետաքրքրասեր է. առաջին իսկ հանդիպման ժամանակ բոլոր նոր ծանոթներից հետաքրքրվում է՝ boyfriend կամ girlfriend ունե՞ն, ինչպե՞ս են կառուցում իրենց հարաբերությունները, ի՞նչ երաժշտություն, խմիչք կամ ուտեստ են սիրում, աշխարհի որ երկրում են եղել եւ այլն… Առաջին տպավորությամբ` նրա չափից դուրս հետաքրքրասիրությունը անառողջ է թվում, բայց հետո հասկանում ես, որ այդպիսին է իր տեսակը, մանավանդ առանց հարցնելու պատմում է իր բոլոր ներկա եւ նախկին զուգընկերներից ու ընկերներից, անգամ եթե քեզ հետաքրքիր չէ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2015