Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սարգսյանի մրցաշարն աշխարհի առաջնության նախապատրաստության հիանալի փուլ էր

Հուլիս 23,2015 12:30

«Միկա» մարզահամալիրում անցկացված ազատ ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր ու Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ստեփան Սարգսյանի մրցանակների հոբելյանական՝ 20-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի ըմբիշները հաջող մասնակցություն ունեցան:

Մրցաշարն անչափ ուժեղ կազմ էր հավաքել: Մասնակցում էին շուրջ 15 երկրների ուժեղագույն ըմբիշներ, որոնց թվում էին օլիմպիական խաղերի մեդալակիրներ, աշխարհի, Եվրոպայի եւ այլ մայրցամաքների չեմպիոններ ու մրցանակակիրներ:
Երկու օր տեւած գոտեմարտերում Հայաստանից մրցագորգ մտան մոտ 50 ազատ ոճային ըմբիշներ, որոնք նվաճեցին 3 առաջին եւ 6 երրորդ տեղ: Մրցաշարի հաղթող դարձան Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ 61 կգ քաշային կարգ, Դավիթ Սաֆարյանը՝ 65, եւ Լեւան Բերիանիձեն՝ 125, իսկ պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացան Գարիկ Բարսեղյանը` 57 կգ, Գոռ Թորոսյանը՝ 61, Լեւոն Հովհաննիսյանը՝ 70, Գրիգոր Գրիգորյանը՝ 74, Մուսա Մուրթազալիեւը՝ 86 եւ Վահե Սիմոնյանը 125:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանն «Առավոտի» խնդրանքով գնահատեց մրցաշարը եւ մեր ըմբիշների մասնակցությունը:

«Համեմատած նախորդների հետ՝ այս մրցաշարը թե՛ մասնակից երկրների ու ըմբիշների քանակով, թե՛ վարպետության մակարդակով, ինչու չէ` նաեւ մրցանակային ֆոնդով անհամեմատ բարձր էր, եւ վստահաբար կարելի է ասել, որ չէր զիջում Եվրոպայի առաջնությանը: Հանդես էին գալիս հավասար ուժերի տղաներ: Քաշային կարգեր կային, որոնցում հանդես եկան շատ ուժեղ ըմբիշներ՝ իրենց երկրների առաջին համարներ, կային նաեւ ոչ այնքան ուժեղ քաշային կարգեր՝ երկրորդ-երրորդ համարներով: Բայց, անկախ ամեն ինչից, մրցաշարը կայացավ ու անչափ օգտակար եղավ բոլոր մասնակիցների համար: Ստեփան Սարգսյանի այս մրցաշարը, ինչպես բոլորի, այնպես էլ մեր ըմբիշների համար աշխարհի առաջնության նախապատրաստության եւ ստուգողական լավ փուլ էր: Հայաստանի ըմբիշների նվաճած ոսկե մեդալները եւ երրորդ մրցանակային տեղերը հույս են ներշնչում, որ մեր հավաքականը կարող է սեպտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալ: Իսկ աշխարհի առաջնությունը, ինչպես գիտեք, 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցման կարգավիճակ ունի»,- ասաց Հրանտ Ենոքյանը:
Հարցին՝ այն տղաները, որոնք կընդգրկվեն ազգային հավաքական, կհասցնե՞ն այս մրցաշարից հետո հանգստանալ, իսկ սեպտեմբերին գտնվել լավագույն մարզավիճակում, ֆեդերացիայի փոխնախագահը պատասխանեց. «Աշխարհի առաջնությանը դեռ մեկ ամսից ավելի ժամանակ կա, եւ, կարելի է ասել, այս միջոցառումը նաեւ անհրաժեշտ էր որպես փորձնական վերջին միջազգային մրցաշար: Հիմա հավաքականի թեկնածուները` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի եւ մյուս մարզիչների ղեկավարությամբ, կշարունակեն ուսումնամարզական հավաքները եւ, կարծում եմ, մինչեւ աշխարհի առաջնություն կրկին անհրաժեշտ մարզավիճակում կլինեն»:

Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարին մեր հանրապետությունից մասնակցեցին Հայաստանի առաջնությունում մրցանակային եռյակ մտած ըմբիշները: Մասնագետների կարծիքով` բոլորն էլ հանդես եկան իրենց հնարավորությունների սահմաններում, ցուցադրեցին այն, ինչին այս պահին ընդունակ են: Թերեւս Վոլոդյա Ֆրանգուլյանն ավելի շատ ուրախացրեց: Նա այս տարի հաղթել էր Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում եւ նույն հաջողությանը հասավ նաեւ այստեղ՝ Երեւանում: Ափսոս միայն, որ նրա քաշային կարգն օլիմպիական չէ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031