Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համերգից հետո թաց աչքեր տեսա»

Հուլիս 23,2015 12:00

Երիտասարդ կոմպոզիտոր Արփինե Կալինինան՝
Լոնդոնում կայացած կոմիտասյան համերգի մասին

Օրեր առաջ Լոնդոնի հեղինակավոր Թագավորական երաժշտական ակադեմիայում միջազգային ճանաչում ունեցող օտարազգի երաժիշտների ուժերով կայացավ հայ դասական երաժշտության համերգ: Այն նախաձեռնել եւ իրականացրել է հայազգի երիտասարդ կոմպոզիտոր Արփինե Կալինինան (լուսանկարում՝ ձախից առաջինը), որը լոնդոնյան ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրոս է: Համերգն առնչվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Երիտասարդ կոմպոզիտորը, հատկապես Կոմիտասի ստեղծագործությամբ, օտարազգի երաժիշտների շուրթերով օտարազգի հանդիսատեսին է ներկայացրել Ցեղասպանություն կրած հայ ժողովրդի հինավուրց մշակույթը: Այսկերպ Արփինեն շարունակում է իր ղեկավարած հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի առաքելությունը` այժմ արդեն օտարազգի երաժիշտների միջոցով Հայաստանից դուրս ներկայացնելով հայ դասական երաժշտությունը: Կոմիտասի` ձայնի եւ դաշնամուրի համար գրված մեներգերը նվիրումով կատարեցին սլովենացի սոպրանո Նիկա Գորիչը, որը մի շարք մրցանակների, այդ թվում նաեւ` «Մարիա Կալլաս» մրցանակի դափնեկիր է, բրիտանացի տաղանդավոր տենոր Ահարոն Գոդֆրի-Մեյեսը, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է համագործակցել աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերի հետ:

– Ինչպե՞ս իրագործեցիք այս պատասխանատու նախաձեռնությունը:

– Լոնդոնյան ուսումնառությանս տարիներին ցավով պարզեցի, որ աշխարհի լավագույն երաժշտական բուհերից մեկի՝ Թագավորական երաժշտական ակադեմիայի գրադարանում ընդհանրապես բացակայում են Կոմիտասի ստեղծագործությունները, եւ որոշեցի այդ բացը որոշ չափով լրացնել: Ցանկացա, որ ակադեմիայի պրոֆեսորա-դասախոսական կազմը եւ ուսանողները ծանոթանան մեծն Կոմիտասի ժառանգությանը: Համերգի նախապատրաստական աշխատանքը սկսեցի անցյալ տարվա սեպտեմբերից: Որոշեցի համագործակցել այնպիսի երիտասարդ երաժիշտների հետ, որոնք արդեն ճանաչում են վայելում Բրիտանիայում` մտածելով, որ համերգին նրանց մասնակցությունը կխթանի հայ, մասնավորապես` կոմիտասյան երաժշտության տարածմանը:

Ամիսներ շարունակ աշխատեցի երգիչների հետ` նրանց ներկայացնելով հայ երաժշտության եւ լեզվի առանձնահատկությունները: Համերգի դրամատուրգիան այսպիսին էր` Կոմիտասի մեներգերը զուգորդվում էին այդ մեներգերի բանաստեղծական տեքստերի ընթերցմամբ եւ Կոմիտասյան մեղեդիների հիման վրա գրված իմ դաշնամուրային իմպրովիզացիաներով: Համերգի ընթացքում հանդիսատեսին հակիրճ ներկայացրեցի մեծն Կոմիտասի մեներգերի առանձնահատկությունները եւ կոմիտասյան անգին ժառանգությունը, որը սերում է հայ բազմադարյա ժողովրդական երաժշտության ակունքներից: Համերգի բուկլետում զետեղված էր յուրաքանչյուր մեներգի բանաստեղծական տեքստի անգլերեն թարգմանությունը, ինչպեսեւ Կոմիտասի կենսագրությունը` ներառյալ Հայոց ցեղասպանության թողած հետքը նրա կյանքում: Ինձ համար պարգեւ էր աշխատել բարձրակարգ երաժիշտներ Նիկա Գորիչի եւ Ահարոն Գոդֆրի-Մեյեսի հետ:

Ոգեւորիչ եւ հուզիչ էր հայ երաժշտության եւ կոմիտասյան մեներգերի հանդեպ նրանց վերաբերմունքը. առաջին անգամ էին երգում Կոմիտաս եւ այնքան սիրեցին, որ ցանկություն հայտնեցին նորից ներկայացնել այլ համերգների ընթացքում:
Համերգից հետո թաց աչքեր տեսա, ինձ մոտեցան տարբեր ազգության մարդիկ, որոնք առաջին անգամ էին լսում Կոմիտասի ստեղծագործությունը: Ասացին, որ շատ հուզված են, զգացել են Հայաստանի հնությունը, որի մեջ այնքան վեհություն եւ գեղեցկություն կա… Ինձ երջանիկ զգացի. համերգի արձագանքը մեկ անգամ եւս շեշտում է, որ Կոմիտասի խորախորհուրդ երաժշտությունը, լինելով խորապես ազգային, միաժամանակ նաեւ համամարդկային է…

– Այժմ պատրաստվում եք մեկ այլ կոմիտասյան համերգի, որը կկայանա հուլիսի 24-ին` արդեն Երեւանի Գաֆեսճեան Արվեստի կենտրոնում: Ձեր ղեկավարած «Կանթեղ» անսամբլը 2010թ.-ից իրականացնում է կոմիտասյան համերգաշար, որի համար արժանացել եք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակին: Համերգը Կոմիտասյան համերգաշարի մա՞ս է կազմում:

– «Կոմիտասյան գոհարներ» խորագիրը կրող այս համերգը Կոմիտասյան համերգաշարի 26-րդ համերգ-դասախոսությունն է լինելու: Իմ լոնդոնյան համերգից հետո Լոնդոնում տեղակայված Music of Armenia կազմակերպությունն առաջարկեց համերգ տալ Գաֆեսճեան կենտրոնում: Հուլիսի 24-ին կներկայացնենք Կոմիտասի մեներգերի փոխադրությունները սաքսոֆոնի (մենակատար` Իշխան Հարությունյան) եւ դաշնամուրի համար, ինչպես նաեւ մեներգերի բանաստեղծական տեքստերը, համառոտ դասախոսություն եւ կոմիտասյան մեղեդիների հիման վրա գրված իմ դաշնամուրային իմպրովիզացիաները: Սիրով հրավիրում ենք…

Զրուցեց
ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031