Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Aravot.am-ը ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանից հետաքրքրվեց, թե Բաքվի եվրապական խաղերից եւ Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարից հետո նա որոշե՞լ է, թե ովքեր են մեկնելու աշխարհի առաջնություն:
«Մոտ օրերս հավաքականը մեկնելու է Կիսլովոդսկ՝ Ռուսաստանի լավագույն ըմբիշների հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու: Դրանից հետո Բորժոմում համատեղ հավաք ենք նախատեսել Վրաստանի ընտրանու հետ: Վրաստանի հավաքից առաջ կհրապարակեմ աշխարհի առաջնություն մեկնողների անունները: Թեեւ հիմա էլ գիտեմ հիմնական կազմը, բայց առայժմ չեմ ցանկանում անուններ տալ, քանի որ Ռուսաստան մեկնելու ենք ընդլայնված կազմով: Երկրորդ համարներին էլ ենք ուզում շանս տալ: Բացի դա, Աստված մի արասցե, եթե վնասվածք կամ չնախատեսված բաներ լինեն, հիմնական կազմի անդամներին պիտի փոխարինեն երկրորդ համարները, որոնք նույնպես պետք է լավագույն մարզավիճակ ունենան եւ պատրաստ լինեն», – ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ