Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում գնահատելով Ստեփան Սարգսյանի միջազգային խոշոր մրցաշարում մեր ազատ ոճայինների մասնակցությունը՝ հայտարարեց ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
«Երբ թիմը պաշտոնական առաջնության, որեւէ հեղինակավոր մրցաշարի մասնակցում է եւ մեդալ չի նվաճում, ըմբիշները ճնշված վիճակում են հայտնվում, որից որքան շուտ դուրս գան, այնքան լավ: Այս առումով մեր փառապանծ ըմբիշ Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարը մերոնց խիստ անհրաժեշտ էր: Բոլորն էլ մրցագորգ էին մտնում պայքարելու, հաղթելու նպատակով ու դա գրեթե բոլորի մոտ ստացվեց:
Հիմա տղաները դուրս են եկել հոգեբանական ճնշված վիճակից, ինչը շատ կարեւոր է սեպտեմբերին ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը լիարժեք նախապատրաստվելու եւ մասնակցելու համար», – ասաց Արայիկ Բաղդադյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ