«Այսօր մեզ համար պատմական օր է, քանզի հայրենակցական միության հիմնադրման առաջին օրից մենք ջանացել ենք, որ Նոր Հաճընում եկեղեցի լինի: Եկեղեցու գոյությամբ մենք վերարժեքավորելու ենք այն ամենը, ինչը մեր նախնիները թողել են այն երկրում»,- այսօր, Նոր Հաճըն քաղաքում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունից առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Հաճըն» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյանը:
Նա միության անդամների անունից շնորհակալություն եւ երախտագիտություն հայտնեց եկեղեցին կառուցած բարերարին` Գագիկ Ծառուկյանի եւ Նոր Հաճընի քաղաքապետին, ով հետամուտ է եղել այս գործին:
Հիշեցնենք, այսօր Նոր Հաճըն քաղաքում տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությունը:
Կարդացեք նաև
Միության անդամ, հաճընցու թոռ Անահիտ Մուշյանն էլ ասաց, որ շատ ուրախ է Նոր Հաճընում եկեղեցու կառուցման համար: Նա հավելեց, որ եկեղեցուն կից թանգարան կա, որտեղ իրենց նախնիների նկարներն են, ովքեր մասնակցել են Հաճընի համար մղվող մարտերին ու երկրից բերված մասունքները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ